Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Անկախ այն բանից, թե այսօր ինչ վիճակում են՝ Շուշին օկուպացված է, Արցախի մի հատված օկուպացված է, սակայն դա չի նվաստացնում այս օրվա խորհուրդը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա այսօր միացավ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ացկացվող ստորագրահավաքին, որը «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ նախաձեռնել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Վանեցյանն ընդգծեց՝ պետք է միշտ հիշել, որ կարողացել ենք ազատագրել Շուշին, ունենալ հաղթանակներ, ինչի համար պետք է գլուխ խոնարհել այն մարդկանց հիշատակի առջև, որոնք կերտել են հաղթանակ։
Վանեցյանը շնորհավորեց քաղաքացիներին նաև Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի առթիվ, Երկրապահի ու պաշտպանության բանակի կազմավորման առթիվ։
«Քանի երկրապահը կա, մենք ունենալու ենք երկիր, հայրենիք, Հայաստան և Արցախ»,-ասաց նա։
Պատասխանելով իշխանությունների կողմից հնչեցված 5-րդ շարասյան թեմայի վերաբերյալ հարցերին, Ա. Վանեցյանն ասաց. «Արդեն անիմաստ եմ համարում մեկնաբանել այն անհեթեթությունները, որոնք արտահայտում են այս իշխանությունները։
Երկիր, պետություն, իրավապահ համակարգ... Պատերազմից անցել է շուրջ 3 տարի, մինչ օրս մեղավորներ են ման գալիս։ Ինչ որ մի փուլում էլ փորձեցին ասել, թե Շուշիի հանձնման մեղավորներից մեկն էլ ես եմ, ասում էին՝ պետք է նստի, դատվի։ 3 տարի անցել է, ինչպես տեսնում եք, որևէ մի բան չկա։
Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, իրավապահ համակարգն ի՞նչ է անում։ 3 տարին, հավատացեք, շատ մեծ ժամանակահատված է, որպեսզի, այսպես կոչված, 5-րդ շարասյունը բացահայտվի»։
Նա նշեց, որ 5-րդ շարասյուն տերմինը մտցրել են շրջանառության մեջ այն դեպքում, որ հանրության մի մեծ հատված անգամ չգիտի, թե ինչ է 5-րդ շարասյունը։
«Ինչի մասին են խոսում։ Ո՞վ է այդ 5-րդ շարասյունը, ի՞նչ են արել։ Գնահատականներ չեն տրվել։ Այս խայտառակ պարտության ամենամեծ մեղավորները, այս խայտառակ պարտության ընթացքում ամենամեծ դավաճանությունն գործել են գործող իշխանությունները, և նրանք անպայման դրա համար պետք է պատասխան տան»,- նշեց Արթուր Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահը հիշեցրեց, որ պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 9-ից հետո ասել է՝ պետք է լինի քրեական գործ, որի ընթացքում պարզվեն՝ պատերազմի սկսման, ընթացքի, արդյունքների հանգամանքները։
«Բայց այս իշխանությունների օրոք նման քրեական գործ չի կարող լինել, որովհետև չեն կարող իրենք իրենց դատել։ Կարող են մեղադրել սրան, նրան, բոլորին, մեղավոր են բոլորը, անգամ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, որ մենք ունեցել ենք պարտություն, բայց իրենք մեղավոր չեն։ Երկրի ղեկավարը եղել են իրենք, պաշտպանության պատասխանատուները եղել են իրենք, իրենք են թիվ մեկ պատասխանատուներն ու մեղավորները»,- ասաց Ա. Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը նշեց, որ խորհրդարանն իր համար դադարել է լինել այն տեղը, որտեղ կարող են արդյունավետ գործել այս իշխանությունների դեմ։
«Հավատացեք, որևէ մեկին, այդ թվում նաև ինձ, մեր հանրությունը, պայմանական ընդդիմադիր 300 քաղաքացիները ձայն չեն տվել, որ գնանք և իշխող ուժի հետ ինչ-որ հարցեր քննարկենք։ Մեզ մանդատ են տվել մի բանի համար, որ քշենք այս իշխանություններին։
Ի՞նչ հարցեր էին տալիս այն օրը որոշ պատգամավորներ։ Ինձ համար անընդունելի է, և ես համարում եմ, որ խորհրդարանն այլևս այն տեղը չէ, որտեղ մենք կարող ենք արդյունավետ գործել», - ասաց քաղաքական գործիչը։
Հարցին՝ կասկածո՞ւմ է ընդդիմադիր խմբակցություններին իշխանության հետ համագործակցության մեջ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, չեմ էլ մեղադրում։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ և գործիչ իր որոշումն է կայացնում»։
Արթուր Վանեցյանն ասաց, որ ցանկացած պայքար, որը միտված է այս իշխանություններին հեռացնելուն, ողջունելու է, իր ուժերի ներածի չափով աջակցելու է։
«Խորհրդարանական ընդդիմության հետ որևէ տարաձայնություն չունի։ Բոլորն իմ ընկերներն են, բոլորի հետ ունեմ նորմալ հարաբերություններ»,- նշեց նա։