Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արիս Նալչի
Ճնշումների միջավայրում կամ պատերազմում, պայքարի մեջ գտնվող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մշակութային արժեքները, շրջակա միջավայրը և առողջապահությունը, միշտ մնում են հետին պլանում:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինչպես Հայաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսի բարձր կորուստներն անտեսվեցին և երկրորդ պլան մղվեցին, Սիրիայի և Իրաքի պատերազմների ժամանակ էլ քրիստոնեական մշակութային արժեքների ոչնչացումը, բացառությամբ մի քանի նորությունների և սոցցանցերում հրապարակումների, անտեսանելի դարձավ:
Եթե Հռոմի Պապը չգնար և կիրակնօրյա պատարագ չկատարեր սիրիական տաճարներում, մնացած աշխարհը հետ չէր նայի։
Միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնց համար արդեն շատ երկրներ չեն անհանգստանում, անհետացող մշակութային արժեքները մնացել են «Մեզ մտահոգում է» նախասադությունների տողերի արանքում։
Անկարայի Հայ Կաթողիկե գերեզմանատան վրա խանութ կառուցելու ցանկությունը, գանձագողություններն ու ավերածությունները հին հայկական և հունական բնակավայրերում, որոնց մասին հաճախ ենք լսում վերջին շրջանում, և դրանք գնալով շատանում են՝ լավագույն օրինակներն են։ Չնայած ԺԺԿ-ի Դիարբեքիրի պատգամավոր Կարո Փայլանը ցանկացել է մտնել գերեզմանատուն՝ նրան չեն տարել։ Այժմ աչքները տնկել են Անկարայի հրեական թաղամասի վրա։
Անցյալ շաբաթ ավերածությունների մի լուր էլ Մալաթիայից եկավ։
Բայց այս մեկը մյուսներից մի քիչ տարբերվում է։
Իրադարձության մեջ պատմություն կա, պատմության մեջ՝ բյուրոկրատական փակուղի և փակուղու վերջում՝ ավերածություն:
Ժողովրդի մեջ Թաշխորան եկեղեցի անվամբ հայտնի Մալաթիայի Սբ․ Երրորդություն եկեղեցին և Հրանտ Դինքի ծնված տան մոտ գտնվող հայկական թաղամասում՝ Սալքյոփրյուում, քանդվել են նաև այն տները, որտեղ «պահպանվել էին» հայկական ճարտարապետության վերջին նմուշները։
Կործանման այս լուրն առանք տեղացի լրագրող Սուլթան Քըլըչից, ով լրագրողական էթիկան իր սրտում ճիշտ տեղում է դրել։
Մալաթիայի Սալքյոփրյու թաղամասի Չորբաջը փողոցի անկյունում կառուցված, մշակութային արժեքների ցանկում որպես 2-րդ աստիճանի պատմական հուշարձան գրանցված պատմական առանձնատունը և կողքին գտնվող հին տները քանդվել են ծանր շինարարական տեխնիկայով։
Թաղապետ Մեհմեթ Սյոնմեզն ասում է, որ տները երկար ժամանակ է, ինչ քանդվելու էին։
Նա նշում է, որ Մալաթիայի քաղաքապետարանը և դրան առընթեր Սվասի (Սեբաստիայի-Ակունքի խմբ․) մշակույթի վարչությունը «շատ են դիմադրել, որ այն չքանդվի»։
Փաստ է, որ շենքերը անմխիթար վիճակում են, սակայն երբ քանդման վտանգ չկա, ու դեռ դատական գործեր էլ կան՝ վերականգնման հետ կապված, ինձ համար անհասկանալի է, որ թաղապետն այդքան ջանում է քանդել հատկապես այդ տները։
Սոցցանցերում և Artı Tv-ի լուրերից հետո հայտնվում են տան իրական տերերը։ Երկու հայ ընտանիք՝ մեկը Ֆրանսիայում, մյուսը՝ Ստամբուլում։ Նրանցից մեկը Իլիոզեր, մյուսը՝ Չիթելի ընտանիքն է։
Անցյալ տարի իրենց հորը, ապա՝ եղբայրներին կորցրած Չիթելի ընտանիքի ժառանգները, բնականաբար, այդ ընթացքում չեն կարողացել հետաքրքրվել առանձնատան վերջին դրության հարցով։
Սակայն մենք կարող ենք նրանցից իմանալ պատմության մի մասը: Նրա հայրը՝ Դողան Չիթելին, առանձնատունը գնել է Մալաթիայի հայ մեկ այլ ընտանիքից 1971 թ․, քանի որ նրա մայրը շատ էր ուզում տուն ունենալ Մալաթիայում։ Առանձնատունը գտնվում է տատիկի ազգանունը կրող փողոցում։ Չորբաջը։ Ուրախանում են, որ գոնե մի ցանկություն կատարվում է։
Սակայն հորական տատիկի փոխարեն, ով առողջական պատճառներով դժվարանում է աստիճաններով բարձրանալ, տուն է տեղափոխվում մորական տատիկը։ 1990-ականներին Ստամբուլ գաղթեցին սկզբում երեխաները, ապա մեծերը։ Տարեցները Ստամբուլ են գալիս 2000-ականներին։ Գրանցամատյանները Մալաթիայում են։
Քանի որ առանձնատունը 2-րդ աստիճանի պատմական հուշարձան է, նահանգապետարանը ցանկանում է կապ հաստատել ընտանիքի հետ և վերականգնել այն։ Գործընթացը խեղդված է բյուրոկրատիայի մեջ, և տունը մնում է այնպես, ինչպես կա։
Պատմական հուշարձանի գրանցման փաստը, համայնքապետարանի նախկինում ընդունված որոշումը, ըստ որի՝ տան մեծ մասով ճանապարհ է անցնելու, իրավատերերի հետ տասնամյակներ տևած դատական գործը խոչընդոտում են, որ նահանգապետարանի մոտեցումը կառուցողական լինի։
Իսկ այս ուղով հարցը լուծելու թեմային մանրամասն կանդրադառնանք ստորև։
Ընտանիքը այս հարցը լուծելու համար տեղացի մի վստահելի փաստաբանի միջոցով դատական գործ է հարուցում, սակայն՝ ապարդյուն։
Ահա այս ընթացքում էլ թե ինչպես է լինում՝ թաղապետը, իր խոսքով, Սվասից թույլտվություն ստանալով՝ քանդում է տները։
Այժմ Չիթելի ընտանիքը միայն մեկ ցանկություն ունի։ Այն, որ տեղական իշխանությունները իրենց խոսքը պահելով՝ կարողանան գոնե այդտեղ թաղամասային առանձնատուն կառուցել։ Եվ առնվազն կարողանան ֆինանսական կորուստները փոխհատուցել։
1915-ին փրկել, տներն էլ հետ են ստացել
Մալաթիայում տների քանդման գործընթացը գրեթե դետեկտիվ վեպի է նման։ Փորփրելով նոր տեղեկություններ են հայտնվում: Այս առանձնատներից մեկը (սպիտակը): Իլիոզեր ընտանիքին պատկնող։ Միաժամանակ հնարավորություն ունեցա հեռախոսով կապ հաստատելու Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մալաթիացիների միության նախագահ Խոսրով Իլիոզերի հետ։ Երկար զրույցից հետո թաղամասի վրա բավականին լույս սփռող տեղեկություններ ստացա։ Թույլ տվեք կիսվել…
Խոսրով Իլիոզերը, ով 1969 թ․ Մալաթիայից ներգաղթել է Գերմանիա, ապա՝ Ֆրանսիա, Սալքյոփրյու թաղամասի զավակներից է։ Այնտեղ է անցկացրել իր մանկությունը։ Թաղից հիշում է Հրանտի, Կարո Փայլանի ազգականներին։ Ծանոթ են։
2017 թ․ այրված, ապա գանձագողերի կողմից փորված և հաճախ գողերի կողմից թալանված սպիտակ, այգով հայկական առանձնատան առաջին սեփականատեր ընտանիքն է։ Խոսրով Իլիոզերի հորն ու տատին 1915 թ․ ցեղասպանությունից փրկել է Մուհարրեմօղլու ընտանիքը։ «Մինչ օրս մի ընտանիքի պես ենք»,- ասում է Խոսրով Իլիոզերը: Մուհարրեմօղլու ընտանիքը ոչ միայն փրկում, այլեւ 1926 թ․ հետ է վերցնում Մալաթիայի Սալքյոփրյուի հին հայկական տունը, որը հատկացվել էր բուլղարացի գաղթականներին։ Ցեղասպանությունից փրկված Խոսրով Իլիոզերի ընտանիքն էլ այդ ժամանակ վերադառնում է իր հին տունը։
Խոսրով ախպարիկն այնտեղ ապրել է մինչև 1969 թ․։ Արտասահման մեկնելուց հետո նա հերթով իր մոտ է տանում եղբայրներին ու ծնողներին։
Հետո, երբ ոչ ոք չի մնում, Ստրասբուրգից տունը վաճառում են դարձյալ Մալաթիայից եկած ալեւի բարեկամ ընտանիքի։
Ճանապարհի դարձնելու դրությունը
1960-ականներին խոսում էին, որ Սալքյոփրյու թաղամասով ճանապարհ է անցնելու։ Բոլորը մտահոգված են իրենց հողերի պաշտպանությամբ։ Մալաթիայից գաղթած հայերի մեկ այլ տուն ներկայում թաքնված է մզկիթի հետևում։ Դա էլ վաճառել են ոչ մուսուլմանների բաղնիքը շահագործող Շյուքրյու Սամանօղլուին։
Այդ ժամանակ է կառուցվել մզկիթը։ Սամանօղլուն մինարեթը հենց անկյունում է դրել, որպեսզի այդտեղով չկարողանա ճանապարհ անցնել։ «Մզկիթի մինարեթը չենք կարող քանդել» ասելով՝ հետևի հին տներն էլ է մտում։ Ու պաշտպանում է։ Այդ ճանապարհը մինչեւ այսօր չի անցնում, իսկ տները կանգուն են մնում։ Մինչև այսօ՛ր։
Ճանապարհի ծրագիր արդեն չկա։ Մայթերը կառուցված են, ճանապարհները՝ հարթեցված։ Արդյունքում նախագիծը ոչնչացվում է, այսինքն՝ չեղարկվում։
Սակայն թաղամասում նորից խոսակցություն կա նոր ճանապարհի մասին։
«Ո՞ր ճանապարհի» հարցին ցավոք պատասխան չկա։
Լավ մտադրությամբ վերականգնում
Ինչպես 2010 թ․ հայտնել է Չիթելի ընտանիքը՝ տեղական ղեկավարությունը ցանկանում է վերականորոգում իրականացնել տներում։ Այսպիսով, ասվում է, որ զբոսաշրջիկներ են գալու։
Ճիշտ է, եկել են։
Այս վերականգնման ծրագրերի ընթացքում 2016 թ. համայնքային իշխանությունների ցուցումով ճարտարապետը կապվում է Իլիոզերի հետ:
Ասելով, թե կվերականգնեն տան ավերված հատվածները, խնդրում է թղթի վրա գրել այն, ինչ հիշում է։ Այնուհետև ավելացնում է, որ տան մասին իր հիշողությունները, եթե այդպիսիք կան, գրի են առնվում, որպեսզի տան դիմաց հուշատախտակ տեղադրելով՝ «Այդ տանն ապրած մարդկանց պատմությունը» պահպանվի։
Ինչպես.
Մի՞թե դա մշակութային արժեքների պահպանման գեղեցիկ օրինակ չէ։
Հենց այն, ինչ փնտրում է մեր՝ հայերիս խիղճը։
Ընդ որում, դա նախաձեռնողը ԱԶԿ քաղաքապետարանն է։
Այսպիսով, ինչ է տեղի ունենում հետո:
Խոսրով ախպարիկը ինձ պատմածներն այդ ճարտարապետին էլ է փոխանցում։
Նաև նրա հետ կիսվում է այն նախագծով, որը տեսնում եք նկարում:
Հետո, քանի դեռ ձայն չկար, մի քանի ամիս անց տանը «անհայտ պատճառով» հրդեհ է բռնկվում։
Տունը չի քանդվում։
Մի քանի ամիս անց նորից է հրդեհվում։ (2017)
2021 թիվն է, բյուրոկրատական բացերը շտկվել են՝ տան հետևից վազող չկա։
Անկյունի մզկիթի հաշվին մզկիթը և հետևի հայկական տունը փրկվեցին շինարարական տեխնիկայով փլատակ լինելու ճակատագրից։
Բայց մյուսները ոչնչացվեցին։
Սա՞ է ճանապարհը:
Այս պահին նման նախագիծ չկա…
Հուսանք, որ տեղական իշխանությունը դեռ բարի կամք դրսևորելու մտադրություն ունի:
Առնվազն եկեղեցու վերականգնմամբ կշահեք մեր սրտերը։
Այսպիսով, Մալաթիայի հայկական թաղամասի ապագան այս երկու հայկական առանձնատների նման չի լինի։
Այստեղ հիշեցնեմ որ առանձնատների նախագծերը մեր ձեռքում չեն։ Մենք ունենք այն ծրագրերի պատճենները, որոնք նախկինում ուղարկել եք Խոսրով Իլիոզերին:
Միևնույն ժամանակ, Ֆեյսբուքի «Համայն աշխարհի մալաթիացիները» կոչվող խմբում տունը քանդելու մասին լուրերի տակ բազմաթիվ մեկնաբանություններ լի են նրանց խոստովանություններով, ովքեր տուն են մտել որպես գանձագող և ոչինչ չգտնելով՝ ձեռնունայն հեռացել են։
«Քանդվեց, հիմա գնանք ոսկիները հանենք» ասողների թիվը բոլորովին էլ քիչ չէ…
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net