կարևոր
2965 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 15:01
Քաղաքական

Թուրք-ադրբեջանական զույգի խնդիրը Հայաստանն ու Արցախը կլանելն է և նրանք դա չեն էլ թաքցնում․ Անդրանիկ Թևանյան

Թուրք-ադրբեջանական զույգի խնդիրը Հայաստանն ու Արցախը կլանելն է և նրանք դա չեն էլ թաքցնում․ Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

««Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաստորեն, ստացվում է, որ խեղճ Թուրքիան կրակն է ընկել չար Ադրբեջանի ձեռքը, հակառակ դեպքում Հայաստանի հետ հարաբերություն կհաստատեր։

Իրականությունն այն է, որ Թուրքիան չունի Հայաստանի հետ հարաբերություն հաստատելու խնդիր։ Թուրք-ադրբեջանական զույգի խնդիրը Հայաստանն ու Արցախը կլանելն է։ Ի դեպ, նրանք չեն էլ թաքցնում դա։ Էրդողանն ու մյուսները պարբերաբար ու բաց հայտարարել են, որ հայ–թուրքական կոչված շփումներն իրականում հայ–թուրք–ադրբեջանական են, և որ մինչև Բաքվի պահանջները չբավարարվեն, հայ-թուրքական ոչ մի հարաբերություն չի հաստատվի։

Անկարան միշտ է պնդել իր նախապայմանները ու հիմա տեսնելով, որ կա անսահման զիջելու պատրաստ Փաշինյան՝ Բաքվի շուրթերով առաջ է քաշել «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը։ Դե իսկ Հայոց ցեղասպանության թեմայով նախապայմանի բավարարումն ակնհայտորեն թողել են «դեսերտին»։

Ու հիմա երբ Նիկոլ Փաշինյանը, նոր բան հայտնաբերածի պես, հայտարարում է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիայի հետ հարաբերվելուն, մնում է միայն արձագանքել՝ իյա՜, իրո՞ք։ Իրո՞ք այդ աստիճանի անմեղսունակ քաղաքականություն է վարվել, թե՞ գիտակցաբար է ամեն ինչ արվել, պարզապես երբեմն զարմանք արտահայտողի դերի մեջ է պետք մտնել՝ հանցանքը կոծկելու համար»։