կարևոր
3808 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-04 10:31
Քաղաքական

Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»

Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առանձնահատուկ աչքի ընկավ քպական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Խնդիրն այն չէ, որ նա «արա»-ով էր խոսում ներկաների հետ, մատ էր թափ տալիս բոլորի վրա. սա գործող իշխանության ներկայացուցիչների բնորոշ գիծն ու մակարդակն է: Շատ ավելի ուշագրավ էին որոշ ձևակերպումներ, որոնք, ըստ էության, բացահայտում էին իշխանությունների մտադրություններն ու ծրագրերը: Նախ՝ Արսենյանը հատուկ շեշտեց, որ առաջնահերթությունները ճիշտ չեն դրվում. Արցախում «ընդամենը» մոտ 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։

Փաստացի, քպականը նշում էր, թե չեն կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի։ Այստեղ, իհարկե, նորություն չկա. եթե նախկինում փորձագետներն ու ընդդիմադիրներն էին խոսում, որ գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հիմա արդեն իրենք էլ դա չեն թաքցնում: Ընդ որում, գործում է նույն սխեման. եթե պատերազմից հետո պատճառաբանությունը 60 հազար զինվորի կյանքը փրկելն էր, հիմա սկսել են ուղիղ նշել ապագա «սվաղը»՝ հայաստանցիներին փրկելը: Ոչ պակաս հետաքրքիր էր Արսենյանի հաջորդ գնահատականը. նա ասում էր, որ իրենց իշխանությունը «հասկանում է իր գործողությունների հետևանքները, հասկանում է ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե ինչ կարող է լինել»:

Սա փաստացի ոչ միայն լուրջ ինքնախոստովանություն է, այլև ջուրն է գցում իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների ողջ քարոզչությունը, թե՝ «խեղճ Նիկոլն» ինչ անի, թե «խեղճ Նիկոլն» ինչ իմանար և այլն, ինչպես նաև այն թեզը, թե ձախողումները, կորուստները, առկա վիճակը «սխալի» կամ թերացման արդյունք են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում