կարևոր
8095 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 15:57
Քաղաքական

Լավրովը, շրջանցելով դիվանագիտական էթիկետը, մեզ ասում է՝ սթափվե՛ք. Ռուստամյան

 

Երբեք պետք չէ ակնկալել մի դիվանագետից ավելի հայ լինեն, քան մենք ինքներս ենք։ Ես սա համարում եմ շատ երկարատև մի պրոցեսի արդյունք, որը լատենտ բնույթով Հայաստանում իրականցնում են և դրա արդյունքները մենք հիմա ստանում ենք։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մենք, ըստ էության, չձևավորելով նոր ստեղծված իրավիճակին համապատասխան անվտանգային համակարգ, քանդում ենք այն ինչ ունենք։ Լավրովի շուրթերից հնչածը կարելի է հենց այդպես մեկնաբանել, որ եթե Դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը։ Դա նեղվածություն չէ, դա ուղղակի մեսիջ է։ Սա է դժբախտաբար իրականությունը։ Եթե մենք այսօր չենք կարողանում համապարփակ մեր անվտանգային համակարգը նորովի ձևավորել, անում ենք ինչ-որ ամենահեշտն է, քանդում ենք եղածը, մենք ունենալու ենք այս արդյունքները։ Սրա մասին վաղուց ենք խոսել, մենք այսօր ունենք դեֆակտո հստակ անվտանգային բաղադրիչներ, անվտանգության հստակ ծավալ ունենք։ Այդ ծավալը քիչ է, թե՝ շատ, դա այլ խոսք է, բայց դու չէս կարող այդ ծավալը ամբողջությամբ պարպել, առանց որևէ նոր ակնկալիք կամ  նոր անվտանգային համակարգ ստեղծելու։ Սա նոր խնդիր է։ Այսօր մենք ասել ենք, որ մեր ռազմավարական ամենկարևոր գործընկեր Ռուսաստանի, ըստ էության, այստեղ ներկայությունը սպառնալիք է, ուղղակի կամ անուղղակի դա ենք ասել։ Արգելում ենք, որ ՀԱՊԿ-ը այստեղ զորավարժություններ անի։ Սրանք անհետևանք չեն կարող մնալ։ ՀԱՊԿ-ը հիմա էլ պատրաստ է, երկու օր է պետք ու կարող է գալ։ Գալ, կանգնել Հայաստանի սահմանին։ Հայաստանը ասում է չէ, ես Ձեր կարիքը չունեմ, ես ուրիշ տեղեր եմ փնտրում»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Եվրոմիության դիտորդները որ գալիս են՝ վատ չէ, բայց խնդիր է առաջանում, նրանք գալիս են փոխարինելու Ռուսաստանին կամ եղած մեր անվտանգային համակարգը, թե՞ լրացնելու․«Եթե գալիս են լրացնելու՝ բարով գան, անվտանգության առումով պակաս ունենք, բայց եթե գալու են՝ փորձելու այդ ծավալը փոխարինել, այ դա է խնդիրը։ Պետք է հասկանալ ինչը ինչով ենք փոխարինում։ Մենք պետք է  լրացելու խնդիր դնենք։ Լավրովն էլ ուղիղ տեքսով, ըստ էության, մի քիչ էլ դիվանագիտական էթիկետը շրջանցելով շատ հստակ ուղերձներ է հղում, որ մենք սթափվենք»,- նշեց նա։

ՀՅԴ-ական գործիչը ասաց, որ Լավրորվը նրա վրա է հղում կատարում՝ ասելով, որ մեր ձեռքը և ոտքը կապնվում է, երբ Դուք համարում եք Արցախը Ադրբեջանի կազմում․«Ճիշտ է ասում, եթե մենք Հայաստանով մեկ, ամբողջ առաջին դեմքերով ասում ենք, որ ուրիշ լուծում չկա, պիտի Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Լավրովից ի՞նչ ենք սպասում։ Լավ է, որ այն մասերը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ չեն, չի ասում, որը վաղը մյուս օր պետք է հանձնեք»,- ավելացրեց քաղաքական գործիչը։