Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազատություն» կուսակցությունը` ի դեմս Հրանտ Բագրատյանի, նախքան Բաղրամյան 26 գնալը, հայտարարել է, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին, քանի որ կողմնակից են կիսանախագահական համակարգի պահպանմանը: Թե ինչո՞ւ, այլ քննարկման թեմա է, կարեւորն այստեղ այն է, որ մարդիկ հստակ դիրքորոշում ունեն:
Ընդ որում, ի տարբերություն այլ «Ոչ»-երի, Բագրատյանենց «Ոչ»-ը մի շատ էական առանձնահատկություն ուներ եւ ունի` «Ազատություն» կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին ոչ թե, որովհետեւ այդ փոփոխությունները, ենթադրենք, «խայտառակություն» են, ինչպես ՀԱԿ-ն է պնդում, ոչ թե, որովհետեւ այդ փոփոխություններով «Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել», ինչպես ոչ միայն ՀԱԿ-ն է պնդում, ոչ թե, որովհետեւ «այդ փոփոխությունների իրականացումից հետո մեր երկրում շարունակվելու է թալանը, կոռուպցիան, ավազակապետությունը, մենք էլ շարունակելու ենք անհույս թպրտալ սարսափազդու ռեժիմի դաժան եւ ճանկռոտ ճիրաններում», այլ, որովհետեւ այս կուսակցությունը գտնում է, որ մեր նման երկրի համար, նկատի ունենալով կիսապատերազմական իրավիճակն ու կուսակցությունների ընդհանուր թուլությունը, ավելի նպատակահարմար է պահպանել եւ ամրացնել գործող` միակենտրոն համակարգը:
Գուցե իրականում այդպես չէ, նման վտանգներ չկան, բայց որ այս դիրքորոշումը քաղաքական է, հստակ է: Այսինքն` Բագրատյանենց «Ոչ»-ը մյուս «Ոչ»-երից տարբերվում է նրանով, որ այս «Ոչ»-ը քաղաքականապես հիմնավորված է` զերծ մնալով անձնական ամբիցիաներից: Հիմա` Բագրատյանն իր այս հստակ «Ոչ»-ով գնացել է նախագահական եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
Սա, անշուշտ, ենթադրում է, որ մարդիկ իրար ձեռք են սեղմել, անգամ ժպտացել են իրար, ինչպես պահանջում է քաղաքական արարողակարգը եւ մարդկային բարեկրթությունն ու դաստիարակությունը: Հանդիպումից հետո Բագրատյանը հայտարարել է, որ քննարկել են ոչ միայն Սահմանադրությանը վերաբերող հարցեր: Բագրատյանը նաեւ հայտարարել է, որ իրենք մնում են իրենց դիրքորոշմանը, եւ իրենց «Ոչ»-ը սահմանադրական փոփոխություններին մնում է անփոփոխ:
Ի՞նչ է ուրեմն ստացվում. Հրանտ Բագրատյանը, ինչպես դեմ էր սահմանադրական փոփոխություններին, այնպես էլ մնում է դեմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Հետեւաբար, այդ հանդիպումը, որն ավելի պետք էր Սերժ Սարգսյանին, քան Հրանտ Բագրատյանին, դրական արդյունք չի ունեցել առաջինի համար, քանի որ նախագահին չի հաջողվել համոզել Բագրատյանին` փոխել դիրքորոշումը:
Եվ այս համատեքստում մի բնական հարց է առաջանում` ի՞նչ են ուզում «Ոչ»-ի, այսպես կոչված, ճակատի ներկայացուցիչները Հրանտ Բագրատյանից: Մարդը դադարե՞լ է «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին: Առավել ուշագրավ է, թե ի՞նչ են ուզում, ի դեմս Բագրատյանի, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած քաղաքական ուժերից առանձին լրատվական միջոցներ, շեշտում եմ` լրատվական միջոցներ, որոնք պարտավոր են, կրկին շեշտում եմ` պարտավոր են ոչ թե Բրուտոսին հիշել, զարմանալ, զարհուրել, տարակուսել, զայրանալ, նեղանալ այս կամ այն մարդուց, որ գնացել կամ չի գնացել Սերժ Սարգսյանի մոտ, այլեւ ուղղակի ներկայացնել, լուսաբանել այդ հանդիպուները կամ այն փաստը, որ դրանք չեն կայանում:
Այնուամենայնիվ, այս պատմության մեջ մի շատ կարեւոր, թերեւս` ամենակարեւոր բանը կա. Հայաստանում հիմնադրվում է մի մշակույթ /կուլտուրա/` քաղաքական մշակույթ, երբ անգամ սկզբունքորեն իրար հակառակ կարծիքներ, դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անգամ` նրանք, որոնք իրար չեն ընդունում, գնում են միմյանց հետ հանդիպումների` քննարկելու քաղաքական հարցեր, եւ հենց սա կոչվում է քաղաքականություն: Ուրեմն` Հրանտ Բագրատյանը եւ էլի շատերը շատ էլ լավ են արել, որ գնացել են` Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական բարեփոխումները: Ի՞նչ է, Լեւոն Տեր-Պետրոսյանին կարելի է երկու նամակ գրել Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին չի՞ կարելի մեկ անգամ հանդիպել նրա հետ: Իհարկե, կարելի է, ավելին` Տեր-Պետրոսյանին էլ է կարելի նամակներ գրել Սերժ Սարգսյանին: Սթափվե\'ք, տղե\'րք, սա քաղաքականություն է, այն էլ` մաքուր:
Հովիկ Աֆյան