Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Էդիրնե քաղաքի Թրակիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էնվեր Դուրանը եւ եւս երկու ներկայացուցիչ, ինչպես նաեւ Ստամբուլի Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչ Քրիստիանե Հիբը այսօր այցելել էին Երեւանի պետական լեզվաբանական համալսարան: Հյուրերը հանդիպեցին համալսարանի ղեկավարության հետ, ապա տեղի ունեցավ զրույց ԵՊԼՀ թուրքագետ ուսանողների հետ: Քննարկվեց թուրքական համալսարաններում հայագիտական կենտրոններ ստեղծելու հարցը:
«Մենք եկել ենք Հայաստան, որպեսզի պարզենք` կկարողանա՞նք, արդյոք, մեր համալսարանում հայագիտության բաժին բացել եւ գտնել դասավանդողներ: Սա մեզ համար շատ կարեւոր նախագիծ է, որն իրականացվում է երկու համալսարանների համագործակցությամբ»,- ասաց Էնվեր Դուրանը` հավելելով, որ իշխանությունները կփոխվեն, սակայն մայրենի լեզուն անփոփոխ է, եւ սովորելով միմյանց լեզուները, հնարավոր է, որ երկու պետությունների միջեւ ստեղծված պատերն իսպառ անհետանան:
Ներկայումս Թուրքիայում այս երկրի քաղաքացիություն ունեցող հայերի թիվը 50 հազարի է հասնում, սակայն հայ բանասեր-լեզվաբանների թիվը սակավաթիվ է: Եվ սա, ըստ, Է. Դուրանի, մեծ խնդիր է, քանի որ տեղի հայերը կարող են կորցնել իրենց մայրենին:
Թուրքիայի համալսարաններում հայագիտության ամբիոն բացելու նախագիծը դեռեւս չորս տարի առաջ է սկսվել: Հիմա կա երեք թեկնածու. նրանցից ընտրվելու է ամենալավ մասնագետը:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք խնդիրներ չեն առաջանա թուրքական կառավարության հետ բուհում հայագիտական կենտրոն ստեղծելու դեպքում, համալսարանի ռեկտորն ասաց, որ քաղաքականությունից խոսելու ցանկություն չունի, սակայն նշեց, որ Թուրքիան ժողովրդավար երկիր է, եւ իրենց համալսարանն էլ կարող է ցանկացած ամբիոն բացել:
Իսկ հաջորդ հարցը, որն առնչվում էր Ցեղասպանությանն ու հայոց պատմությանը, թարգմանիչը հրաժարվեց թարգմանել թուրք հյուրերի համար` բացատրելով, թե նախապես զգուշացվել է, որ հանդիպման ժամանակ «այդ հարցին» չեն անդրադառնալու:
Փաստորեն, շարունակում ենք հարաբերությունների հաստատումը` «առանց նախապայմանների»` շրջանցելով «պատմության կնճռոտ էջերը»: