Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամենավատն այն է, որ մեկը չկա, որ կանգնի եւ գոռա` սթափվե\'ք, սա մեր եւ ձեր երկիրն է, ամենավատը, ով ինչ ուզում է ասի, սա է, սրա բացակայությունը…
Հետո կպարզենք, թե ով էր մեղավոր ու քանի որ բոլորն են մեղավոր, կպարզենք, թե ով էր ամենաշատը մեղավոր: Նա՞, ով հարձակվում է ոստիկանական գնդի վրա եւ գրավում այն, պատանդ վերցնելով ոստիկանների, նրանց վրա կրակ բաց անելով եւ նրանցից մեկին սպանելով, մի քանիսին էլ վիրավորելով, թե՞ նա, ով ստեղծում է այնպիսի իրավիճակ, այնպիսի պայմաններ, որ ինչ-որ մեկը, անկախ նրանից, թե ով է՝ կարողանա նման բան անել: Լավ, այդ ո՞նց կարողացան, այսինքն զինված խումբը, մի քանի հոգով այդ ինչպե՞ս կարողացավ մտնել, գրավել, սպանել, պատանդ պահել, այդ որտեղի՞ց նրանց զենք, բա չէին առգրավե՞լ… Սրանք հարցեր են, կարեւոր հարցեր են, բայց այս պահին ամենակարեւորը դա չէ: Այս պահին ամենակարեւորն անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ, եթե այն լինի, կամ եթե չլինի, ոչ էլ Սեֆիլյանին Էրեբունի բերելն է, այս պահին ամենակարեւորը սթափությունն է` մեր եւ ձեր երկրում:
Ուրեմն թարգեք այս տերմինաբանությունը` ահաբեկչությո՞ւն, թե՞ ապստամբություն, տո շատ չեմ իմանում ինչ, թարգեք, ամոթ է: Երեկ մենք էինք թուրքին նայում ուրախանում, էսօր` թուրքն է նայում մեզ ու ուրախանում, բա ո՞նց կլիներ, բա հո չէ՞ր լինի այնպես, որ ուրախացողը միայն մենք լինեինք, թուրքն էլ չէ՞ պետք է ուրախանա, նրան էլ չէ՞ պետք է ուրախացնենք, դարավոր ուրախացրել ենք, մոտներս բնավորություն է դարձել` թուրքին ուրախացնելը. առանց դրա մի տարի չենք կարողանում…
Թարգեք մեղավոր որոնելը, դեռ դրա ժամանակը չէ, քանի որ բոլորս էլ մեկը մյուսի հայրենասիրությունից բան չհասկացող ենք: Թարգեք ստատուս գրելը, մեկը մյուսի դեմ, «ինադու», ի պաշտպանություն, սա ուրիշ բան է, սա վատ բան է, սրա շարունակությունը, եթե լինի, ավելի վատ է լինելու, դրա համար էլ` սթափվե\'ք: Քանի սթափվելն ամենակարեւորն է, որովհետեւ վաղը դա կարող է ամենակարեւորը չլինել, վաղը կարող է ամենակարեւորը լինել` ողջ մնալը: Քանի այդպես չէ, քանի վաղը դեռ չի եկել, լույսը դեռ չի բացվել, սթափվե\'ք, որ պատանդ եք առել եւ թերեւս չգիտեք, թե հետո ինչ եք անելու…
Եթե չիմանաք, հետո կասենք, հետո, երբ կգա խոսելու, փնտրելու եւ գտնելու ժամանակը, հիմա ուրիշ ժամանակ է…
Հիմա հանուն պետության եւ ժողովրդի գործելու ժամանակն է, երկու կողմերի համար էլ, եթե անգամ այդ բանը երկու կողմերն էլ անելու են կյանքում առաջին անգամ:
Հովիկ Աֆյան