Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց օրինագիծը, որով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:
Սակայն, մինչ հարցի քննարկմանն անցնելը, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ու Զարուհի Փոստանջյանի միջև վեճ սկսվեց՝ զոհված զինծառայողների մայրերին խորհրդարան հրավիրելու հետ կապված:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այդ նախագիծը մշակել է մահացած զինծառայողների ծնողների խնդրանքով: «Քանի որ նախագիծը նրանց խնդրանք է, ես նրանց հրավիրել եմ նիստին»,- ասաց նա և հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին խնդրեց թույլ տալ, որպեսզի ծնողները մտնեն քննարկման սրահ:
Հովհաննես Սահակյանը արձագանքեց. «Նախ` հրավիրելուց առաջ Դուք պետք է հարցը քննարկեիք առնվազն հանձնաժողովի նախագահի հետ, ոչ թե նրանց անցագիր տայիք, բերեիք, կանգնեցնեիք հանձնաժողովի դռան հետևում, հետո անմեղ դեմքով գայիք, ասեիք, որ ներս թողնենք»: Նա ընդգծեց, որ, հարգելով ծնողներին, կգնա ապօրինության և նրանց կթույլատրի մասնակցել նիստին: «Ձեր արարքը բարոյական չէ, այս հարցում շոուներից պետք է զերծ մնալ»,- հավելեց Սահակյանը և Փոստանջյանին առաջարկեց ներկայացնել նախագիծը:
Պատգամավորը նախագիծը ներկայացնելուց առաջ սկսեց իրավական դաշտում տիրող ապօրինությունների մասին խոսել, ինչը բարկացրեց Սահակյանին և նա ասաց, որ եթե նախագծի էությանը չվերաբերող բան ասվի, ինքը կընդհատի նիստը: «Հարցը ներկայացրեք, մարդկանց բերել, նստեցրել եք, շոու եք անում: Սթափվեք»,- ասաց նա:
Փոստանջյանն էլ, արձագանքելով Սահակյանի սթափության կոչին, ասաց. «Ոստիկան եք այսօր»: