կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-22 17:30
Տարածաշրջան

Եթե ԱՄՆ-ը չկատարի իր պարտավորությունները, Թուրքիան նոր գործողություններ կսկսի Սիրիայում. Չավուշօղլու

Եթե ԱՄՆ-ը չկատարի իր պարտավորությունները, Թուրքիան նոր գործողություններ կսկսի Սիրիայում. Չավուշօղլու

Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտու ստեղծման ձախողման դեպքում Թուրքիան կսկսի նոր հակաահաբեկչական գործողություններ. ըստ t24.com.tr կայքի` հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:

«Վերջին ժամանակահատվածում մենք նկատում ենք Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության որոշ դանդաղեցում: Հնարավոր է, որ հստակ շրջանակներ ենթադրում են, որ Անկարայի ուշադրությունը սևեռված է Իդլիբում ստեղծված իրադրության վրա, և  դրանով էլ հնարավոր է ձգձգել բանակցությունները Սիրիայի հարցով: Սակայն նման դիրքորոշումն օգուտ չի բերի: Վաշինգտոնը չի կատարում ճանապարհային քարտեզի շրջանակում իր պարտավորությունները: Պայմանավորվածությունը նախատեսվում էր կատարել 90 օրում, սակայն արդեն անցել է 14 ամիս: Արդյունք դեռևս չկա: Եթե Սիրիայում անվտանգության գոտի չստեղծվի և այդ շրջանները չմաքրվեն ահաբեկիչներից, այսինքն` կպահպանվեն Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքները, ապա մենք Սիրիայում` Եփրատից արևելք ընկած տարածքներում, կսկսենք գործողությունները»,- հայտարարել է նա:

Պատասխանելով Ինջիրլիք ավիաբազայի փակման վերաբերյալ հարցին` Չավուշօղլուն ասել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից բացասական քայլեր լինեն, ապա Թուրքիան դրան կպատասխանի: