կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-08 14:37
Քաղաքական

Փորձ է արվում երկրում ապակայունացնել արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը, որպեսզի Փաշինյանը լուրջ կենտրոններից ստացած հանձնարարականը կատարի. Մարգարիտ Եսայան

Փորձ է արվում երկրում ապակայունացնել արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը, որպեսզի Փաշինյանը լուրջ կենտրոններից ստացած հանձնարարականը կատարի. Մարգարիտ Եսայան

Երեկ տարածվել էր մի տեսանյութ, որում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Այլ կերպ՝ Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի էր տարել ՀՀ նախագահի նստավայր։

ԱԺ  ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանին առաջին հայացքից թվացել է, թե տեսանյութը մոնտաժ է և իրականությանը չի համապատասխանում, բայց հետո օրվա մեջ պարզ է դարձել՝ ցավալի իրականություն է: 

«Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը, և ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ և՛ լրագրող, և՛ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը: Սրան պետք է իրենց գնահատականը տան հասարակությունը և քաղաքական ուժերը, սրան պետք է հաջորդի երկրի նախագահի պատասխանը, պարզաբանումը: Սա ինչ-որ իմաստով խորհրդանիշ է, և եթե խորհրդանիշերի հանդեպ նման վերաբերմունք կա, մենք հիշում ենք, թե պատին հենած դրոշի համար այդ խեղճուկրակ տղային ինչպես աշխատանքից ազատեցին: Կարծում եմ, որ այդ պատգամավորի մանդատի հարց պիտի բարձրանա: Համապատասխան բոլոր կառույցներն իրենց ասելիքը պիտի ասեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա:

Մարգարիտ Եսայանը պետական կարևոր կառույցի նկատմամբ «ոտնձգության» մեջ միտում է տեսնում. այս կարգի մանկամիտ գործողությունների արդյունքը կդառնա մի փունջ, որից հնարավոր չի լինի գլուխ հանել: Ըստ նրա՝  այստեղ երկրի անվտանգության հետ կապված խնդիր կա, քանի որ վաղն այդ երիտասարդին կամ այլ անձանց որոշ ուժեր կարող են օգտագործել, որպեսզի մտնեն նախագահական` ահաբեկչություն կամ այլ գործողություններ իրականացնելու համար։ Այսինքն՝ այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար իրենց ամենաթողությամբ:

Հանդիպմանը ներկա` Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ևս անընդունելի համարեց պետական ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունքը: «Եթե որևէ մեկը հրավիրված չի որևէ տեղ, անկոչ հյուր է, ուրեմն՝ ներխուժումը որևէ տեղ անթույլատրելի է: Պետք է անպայման ուժեղացնել պետական գերատեսչությունների՝ ԱԺ-ի, նախագահականի, կառավարության շենքերի պահպանությունը, ոչ ոք չպետք է կարողանա ներթափանցել այդ հիմնարկները: Անգամ` եթե ահաբեկչության վտանգ չկա, թեպետ, իհարկե, կա, քանի որ ահաբեկչությունը միշտ եղել է և կլինի: Այսինքն՝ պետք է պահպանությունն ուժեղացնել, երկրորդ՝ խախտողներին պատժել: Ասում են, որ ԱԺ պատգամավոր է եղել: Ինձ համար ներխուժող է, խուլիգան: Հետևություններ պիտի անեն նրանց գործընկերները, որոնք իրավասու են պատժել: Չի կարելի կուտակել անհարգալից վերաբերմունք պետության նկատմամբ, այլապես մի օր նախագահական կմտնեն, մի օր՝ կառավարություն, մի օր էլ՝ դատախազություն, ԱԱԾ»,- շեշտեց Ազատ Արշակյանը: 

Ինչ վերաբերում է ներքաղաքական վիճակին, Մարգարիտ Եսայանը պնդեց՝ ի սկզբանե ՀՀ ներքաղաքական կյանքն աղավաղվեց, դուրս եկավ քաղաքական գործընթացների տրամաբանությունից: «Անունը դրեցին ժողովրդի իշխանություն, իրականում  աշխարհաքաղաքական բոլորովին այլ հանձնարարական իրականություն դարձավ: Եվ  այսօրվա ներքաղաքական կյանքը հենց այս աշխարհաքաղաքական հանձնարարականի տրամաբանությամբ է ընթանում. տեսնում ենք, թե ինչպես է աշխատում օրենսդիր մարմինը, ինչ անլուրջ վերաբերմունք ունի իր իսկ մեծամասնություն կազմող քաղաքական ուժի թեկնածուի հանդեպ, երբ հրավիրում են թեկնածուին ԱԺ, հարցեր տալիս, հետո իրենք էլ չեն քվեարկում. ԲԴԽ թեկնածուի մասին է խոսքը: Սրանք պատահական բաներ չեն, այս կարգի քայլերը նպատակաուղղված տանում են Հայաստանի քաղաքական կյանքը, արտաքին գործընթացները անլրջացնելուն, աղավաղելուն, որպեսզի հարմար պահի այդ անլուրջ գործընթացների արդյունքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը հայտարարի, թե չի կարողանում համարժեք տիրապետել իրավիճակին և դրա պատճառով եղան այս, այս բաները, օրինակ՝ սահմանին լայնածավալ ինչ-որ գործողություն սկսվեց, քաղաքացիական բռնկում տեղի ունեցավ Քոչարյանի և իշխանության կողմնակիցների միջև: Կարծում եմ, որ սրանք կոնկրետ քայլեր են, ծրագրեր, որ ՀՀ-ում ապակայունացնող իրավիճակ ստեղծվի, որպեսզի իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանն իրականացնի այն հանձնարարականները, որոնց համար ինքն իշխանության է եկել: Սրա մասին են խոսում կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններն ու կոնվենցիաների վավերացումները, ՍԴ-ի վրա հարձակումները: Թվում է, թե սրանք տեղային նշանակության բաներ են, մինչդեռ իրականում սրանք կենտրոններում ծրագրված գործողություններ են: Այսինքն՝ փորձ է արվում երկրում ապակայունացնել արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը, որպեսզի այն հանձնարարականը, որն ունի Նիկոլ Փաշինյանը, իրականացվի, բայց որևէ մեկն այդ պահին չհասկանա և չկռահի՝ այ սա պիտի աներ ինքը»,- նշեց  Եսայանը: 

Այստեղ Ազատ Արշակյանը հավելեց՝ հին համակարգը պետք է քանդվի մինչև հիմքերը: Ըստ նրա՝ քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, ՀՀ-ն շատ արագ պիտի ներդաշնակ դառնա դրան: Արշակյանի կարծիքով՝ նախկինում այս հարցում խոչընդոտ էր այն ժամանակվա իշխանական համակարգը և ավանդությունները՝ սրանք բարեկամ են, նրանք թշնամի են, սա կարելի է, սա չի կարելի: «Խոսքը չգրված օրենքների մասին է, իսկ հիմա տեղի է ունենում արմատական «թավշյա» փոփոխություն, սովորաբար դրանք ավելի կոշտ են լինում: Լավ է, որ մենք ժամանակին համընթաց պետություն ենք դառնում, մենք չենք կարող կղզիանալ, մեկուսանալ՝ ստեղծելով մեզ համար ջերմոցային պայմաններ, պետք է գլոբալ աշխարհին հասկանալի լինենք և ինտեգրված»,-ընդգծեց նա:

Ինչին Մարգարիտ Եսայանը միջամտեց. «Ես վստահ եմ, որ Դուք դեմ եք այն «թավշյա ինտեգրմանը», որը կքայքայի հայ ավանդական ընտանիքը, հայ եկեղեցին, ավանդույթները: Ուրեմն՝ այս թավիշը ինտեգրման համար չէ, թավիշն էլ է խաբուսիկ, այդ երիտասարդները թավշյա տրամադրությամբ չեն նախագահական գնացել, կամ թավշյա տրամադրությամբ են որոշներն ԱԺ-ում սեռական տարբեր կողմնորոշմամբ փորձում բազմասեռ քաղաքականություն իրականացնել, ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը»:

Ազատ Արշակյանն ի պատասխան վստահեցրեց, որ դեմ է հայ ավանդական ընտանիքի քայքայմանը: «Ես ասում եմ, որ պետք է ազատվել հնից, որը խանգարում է երկրի առաջնթացին»,- պարզաբանեց նա: