կարևոր
2386 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-25 10:54
Քաղաքական

Ի՞նչ եղավ «Սուրմալուի» պայթյունի գործը․ «Հրապարակ»

Ի՞նչ եղավ «Սուրմալուի» պայթյունի գործը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մինչ հասարակությունը փորձում է հասկանալ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով 15 զինվորի մահվան հանգամանքները, մոտ 6 ամիս առաջ Երեւանի կենտրոնում՝ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները դեռեւս մնում են չբացահայտված։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն, ապա հրդեհ բռնկվեց, որը մի քանի օր շարունակ չէին կարողանում մարել, զուգահեռաբար իրականացվում էին որոնողական աշխատանքներ։ Պայթյունի հետեւանքով 16 մարդ զոհվեց, 62 հոգի վիրավորվեց։ Պայթյունից 12 օր հետո հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործով 4 անձ ձերբակալվել է, որոնցից 3-ը տնտեսվարողներն են, 4-րդը՝ «Սուրմալուի» փոխտնօրենը։ Վարձակալներից մեկին ու փոխտնօրենին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք», մյուս երկուսին՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը»:

Գլխավոր դատախազությունից մեր հարցին, թե ինչ փուլում է հարուցված քրեական գործի քննությունը, պատասխանեցին, որ դեռեւս նախաքննություն է ընթանում, մեղադրյալներից որեւէ մեկն այս պահին անազատության մեջ չէ, 4 օր առաջ դատարանը հրաժարվել է երկարաձգել կալանավորված միակ մեղադրյալի կալանքի ժամկետը, եւ նա ազատ է արձակվել։

Դատախազությունը, որն օրական մի քանի հաղորդագրություն է ուղարկում քաղաքական դաշտի հետ կապված մեղադրանքներով, այս գործով չի բացահայտում մեղադրյալների ինքնությունը։ Մեղադրյալներից 3-ի պաշտպանությունն իրականացնում է «Ալեքսանյան-Ղարագյոզյան» փաստաբանական գրասենյակը։ Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը հրաժարվեց գործի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալուց, քանի որ պաշտպանյալներից թույլտվություն չունեն։ Ինչ վերաբերում է «Սուրամալուի» սեփականատեր 86-ամյա Ռազմիկ Զախարյանին, ապա դատախազությունից փոխանցեցին, որ այս գործով մեկ անգամ հարցաքննվել է որպես վկա։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում