Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Ազատ գյուղում տեղակայված «զորանոցում» բռնկված հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան մասին լուրը երեկ վաղ առավոտյան ցնցեց հանրությանը: Եվս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն: Զորանոց ասվածը, իհարկե, այս պարագայում շռայլություն է, ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը գյուղական հյուղակի մասին է՝ զինվորների համար նախատեսված տարրական պայմանների բացակայությամբ։
Հանրային զայրույթը զսպելու համար հենց առաջին ժամերին հաղորդվեց մի շարք զինվորականների պաշտոնանկության մասին: Չնայած հանրության ակտիվ շերտերը պահանջում էին գերագույն կոչվող հրամանատարի՝ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի հրաժարականները, բայց դա չեղավ: Հակառակը՝ կառավարության հերթական նիստում Պապիկյան-Փաշինյան զույգն իր վրայից գցեց պատասխանատվությունն ու նախանշեց, թե ինչ ուղղությամբ պետք է տարվի նախաքննությունը՝ անմեղության կանխավարկածը խախտելով եւ տեղում հռչակելով մեղավորներին։ Պապիկյանն ասաց, թե, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետեւանքով է դեպքը տեղի ունեցել: Օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, ուստի հնարավոր չի եղել մարել։
Փաշինյանն էլ դեպքը որակեց «հրեշավոր», ապա կարդաց հակահրդեհային կանոնները պահպանելու մասին բանակի գլխավոր շտաբի պետի՝ դեկտեմբերի 21-ի կարգադրությունը՝ արձանագրելով, թե կանոնները չեն պահպանվել: Ինչպեսեւ սպասվում էր, այս միջադեպով էլ մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր կամակատար թիմակիցներից։ Այսինքն, մինչ կհարուցվեր քրեական գործ, եւ դեպքը քննության կենթարկվեր, Փաշինյանի կառավարությունում նախ ազատեցին բարձրաստիճան զինվորականների՝ հանրությանը փորձելով ցույց տալ, թե հրամանատարությունն իր տեղում չի եղել, ապա հայտարարեցին, որ զինվորներն են մեղավոր իրենց մահվան համար։ Ընդ որում՝ Փաշինյանն իր խոսքում «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ ասելով, թե «15 զինվորի կյանք խլած կացարանը 2020 թվականից է գործել, եւ այնտեղ սովորական պայմաններ չեն»։
Ավելի ուշ Ազատ գյուղից տեղեկացանք, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը գյուղական փոքր տնակ է եղել, որը զինծառայողների համար 2020-ի պատերազմից հետո ծառայում էր որպես կացարան: Կացարանը ջեռուցել են փայտի վառարանով։ Զինվորներից միայն վեցն են քնած եղել, երեքը դրսում ծխելիս են եղել եւ վիրավորվել են ծառայակից ընկերներին հյուղակից դուրս բերել փորձելու ընթացքում։ Ըստ ամենայնի՝ զինվորները չեն կարողացել դուրս գալ շինությունից, որովհետեւ վառարանը եղել է հենց մուտքի դռան մոտ, իսկ շինության պատուհաններին եղել են երկաթյա ճաղավանդակներ, բնականաբար, հակահրդեհային համակարգերի առկայության մասին խոսելն անիմաստ է։
Պատերազմից ամիսներ անց, երբ համացանցում հայտնվում էին թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող, բաց վրանների ու ցելոֆանների տակ գիշերող զինվորների լուսանկարներ, իսկ մարդիկ իշխանություններին զգուշացնում էին բանակում աղետալի վիճակի մասին, իշխանություններից պահանջում՝ պարգեւավճարների, ճոխ ծախսերի ու մեկ մարդու անվտանգությունն ապահովող ոստիկանական գերհզոր բանակ ստեղծելու վրա միլիարդներ վատնելու փոխարեն սահմանն ու բանակը կարգի բերել, ցինիկորեն նետում էին, թե կահավորում են, ուղղակի դա տեսանելի չէ շարքային մահկանացուներիս համար։ Օրերս էլ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե «դիրքերի այսպիսի կահավորում նախկինում չի եղել, զինվորների կյանքեր կփրկվեն»։
Վերջին ամիսներին էլ մի շարք օրենսդրական նախագծեր ընդունելով՝ որոշ շրջանակներ թմբկահարում էին բանակում իրականացվող բարեփոխումների մասին, դիֆերամբներ ձոնում զորավար Սուրեն Պապիկյանին։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ պաշտպանության ոլորտի համար այս ընթացքում բյուջեից «աննախադեպ» հատկացումներ են արել։ Երեկվա դեպքը ցույց տվեց, որ իշխանությունն ավելի շատ գումար ծախսում է Երեւանի ամանորյա հարդարանքի, Փաշինյանին սպասարկող զրահապատ մեքենաների, քան զինվորների համար կենցաղային տարրական պայմաններ ապահովելու վրա։
Ասել մի բան եւ անել ճիշտ հակառակը` սա օրվա իշխանությունների գործելաոճն է: Եվ խոսքը չի վերաբերում միայն բանակին: Ժողովրդի մեծամասնությունն այս պարզ ճշմարտությունը հասկացել է դեռ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», իսկ վերջում հանձնեց Արցախը, իսկ հիմա «խաղաղության դարաշրջան» բացելու մասին ճամարտակելով՝ հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է:
Ռազմական որոշ փորձագետների դիտարկմամբ՝ բանակի ոչնչացման գործընթացի սկիզբը դրվել էր դեռ պատերազմից առաջ ծավալված կադրային ջարդով եւ պատերազմի հերոսներին նսեմացնելով, ինչը տարբեր դրսեւորումներով շարունակվում է մինչ օրս: Նախկին մարտունակ բանակը գոմ հիշեցնող կազարմաների վերածած եւ վրաններում զինվորներ պահող իշխանությունը բոլոր հարցերում է նման հետընթաց ապահովել։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ կատարվածի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց պատասխանատվություն պետք է կրի նաեւ Սուրեն Պապիկյանը: Նրանք թքած ունեն մարդկային կյանքերի վրա, եւ նրանց ստեղծած «բարդակի» պատճառով են մարդիկ զոհվել: «Հայաստանի դավաճան, բարձրաստիճան պաշտոնյաները վայելում են կյանքը, շքեղ ծառայողական ավտոմեքենաներով, կառավարական առանձնատներով, միլիոնավոր պարգեւավճարներով, արտասահմանյան ուղեւորություններով։ Նույնը՝ պաշտպանության նախարար կոչեցյալը, որը թշնամու սեպտեմբերյան հարձակումից, հարյուրավոր զոհերից հետո շարունակեց իր զեխ կյանքը։ Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով եւ որպես վառելանյութ օգտագործում բենզին»,- ասում է Իշխանյանը։
ՀԳ․ Լրագրող-խմբագիր Փաշինյանը ժամանակին չարախնդում էր բանակում զոհերի առիթով եւ հերթական զոհի մասին իր թերթում հրապարակում անում՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ, որտեղ գրում էր. «Վերջին օրերին եւս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր, երեւի, մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Մեր զինվորական մեծ ու փոքր պաշտոնյաները, «պատրիոտի» կամուֆլյաժ հագած, ամեն կերպ փորձում են թաքցնել կատարվածը եւ վերջը»: Տեղին է, որ երեկվա կատարվածը հենց իր ոճով էլ ներկայացվի. «Նիկոլ Փաշինյանը նվեր մատուցեց 15 հայ ընտանիքի՝ հունվարի 28-ին՝ բանակի տոնին ընդառաջ նրանց որդիների դիերը հանձնելով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։