կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 12:02
Հասարակություն

Բոլորդ շտապեք ձեր ճերմակ ձիավորին արթնացնել. խորհուրդներ` Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

Բոլորդ շտապեք ձեր ճերմակ ձիավորին արթնացնել. խորհուրդներ` Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

Արարատյան հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը և Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանը խոսեցին Սուրբ Սարգսի տոնի հոգևոր և ժողովրդական ավանդույթների մասին: Հոգևոր հովվի խոսքով`տոնը երիտասարդներինն է և նշվում է հունվարի 23-ին:

«Տղաներին Սարգիս անվանակոչում ենք` Սուրբ Սարգսին ապավինելով: Առաջավորաց Պահքի վերջին օրվանից հետո են տոնում Սուրբ Սարգիսը: Այս տոնը մեր ազգայինն է, մենք ուրիշ տոներին բան չենք ասում, բայց մեր տոները պետք է փոխանցենք երիտասարդներին: Այդ օրը բոլոր Սուրբ Սարգիս եկեղեցիներում կլինի օրհնության կարգ: Թող գան եկեղեցի և ստանան իրենց օրհնությունը, որպեսզի գտնեն իրենց միակին: Պետք է եկեղեցուն խնդրենք, որ մեր սիրտը ճիշտ աշխատեցնի»,- ասաց հոգևորականը:

Մարինե Ասատրյանի խոսքով`2006 թվականին է եղել Սուրբ Սարգսին նվիրված առաջին միջոցառումը: Նա նշեց նաև, որ ուսումնական հաստատություններում, ռազմական ինստիտուտներում եղել են տարբեր բեմադրություններ, որոնք փոխանցել են տոնի խորհուրդն ու պատմությունը:

«Սուրբ Սարգիսը միշտ ասում է`ով հիշի իր անունը, թող Տերը կատարի նրա ցանկությունները: Սուրբ Սարգիսն ամեն ինչ արագ է անում: Նրան աղոթում են, և աղոթքը շուտ է տեղ հասնում: Ձիավորի խորհուրդն է հենց դա: Այսինքն` ձիավորն արագ գնում է ցանկության հետևից: Բոլորդ շտապե\'ք ճերմակ ձիավորին արթնացնել: Ասպետն արդեն գալիս է, շտապե\'ք»,- նշեց նա:

Հոգևորականն էլ ընդգծեց, որ Սուրբ Սարգսի տոնի խորհուրդները բազմաթիվ են, դրանց թվում առանձնահատուկ նշանակություն ունեն շարականները: