կարևոր
3283 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-18 16:52
Հասարակություն

Որքա՞ն ենք ճանաչում քրիստոնյա համշենցիներին

Որքա՞ն ենք ճանաչում քրիստոնյա համշենցիներին

Մահիր Օզքան

Մինչ տարածաշրջանում Օսմանյան կայսրության տիրապետությունը համշենցիները քրիստոնեական հանրույթ էին։ Դա են հաստատում թյուրքիստական ​​պատմագրության առաջատար դեմքերից Ֆահրեթթին Քըրզըօղլուն և օսմանյան փաստաթղթերը։ Ավելի վաղ մեկ այլ հոդվածումս էլ մեջբերված օսմանյան արխիվի մի փաստաթղթում (DH.ID 116 65) համշենցիները սահմանվում են որպես «հեմշին կոչվող հայերից կրոնափոխ մուսուլմաններ» (Քըրզըօղլուն, անշուշտ, որևէ ռիսկային բան չի տեսում թե՛ հայերի, թե՛ հեմշինների պատմությունը հետ տանելով նախաքրիստոնեության շրջան և կապելով թյուրքականության հետ և ասելով, որ համշենցիները «ժամանակի ճշմարիտ կրոնը՝ քրիստոնեությունն են ընդունել»։ Այնուհանդերձ, վերջերս ի հայտ են եկել ծայրահեղ ուրացողներ, ովքեր պնդում են, որ համշենցիները պատմության ոչ մի ժամանակաշրջանում քրիստոնյա չեն եղել: Այս պատճառով ստիպված ենք երկար կանգնել այս պարզ փաստի վրա)։

Անշուշտ, փաստաթղթերը միակը չեն, որոնցից կարող ենք հանգել համշենցիների քրիստոնեական անցյալին: Ոլորտում բանավոր պատմության ուսումնասիրություններով զբաղված հետազոտողները այս անցյալի վերաբերյալ հասու են բազմաթիվ տեղեկությունների և պատմությունների: Դրանց մի օրինակն էլ լուսահոգի մորս՝ Արդելեցի Սուտիի տեսանյութն է։ Այս խոսքը նա սովորել էր գյուղում ոչ պաշտոնապես աշխատող ուսուցչից (https://youtu.be/w-PFDHZdC1A): “Dinum, din İslama girdum, dinini kabul ettum, batilleri terk eyledum”՝ «Կրոնիս՝ իսլամ կրոնին եմ մտնում, կրոնն ընդունում եմ, անհավատությունը թողնում եմ» խոսքերով սկսվող ձայնագրությունը շատ ուսուցիչների ցույց տվեցի, և նրանք բոլորն ասացին, որ սկզբնական մասը, որը մեջբերել եմ այստեղ, սովորաբար չի ուսուցանվում: Այս հատվածում բացահայտորեն կրոնը փոխելու, հին կրոնը թողնելու և իսլամի կրոնն ընդունելու հաստատում կա։

Ի՞նչ պատահեց քրիստոնյա համշենցիներին

Լա՛վ, ուրեմն բոլոր համշենցիները դարձան մուսուլմա՞ն։ Իհարկե ոչ։ Համշենցիների մի մասը Համշենում իսլամացման գործընթացի մեկնարկից հետո գաղթեց դեպի արևմուտք։ Հաստատվեցին Տրապիզոնի, Սամսունի (Ջանիկ), Օրդուի նման գավառներում։ Դրա ամենակարևոր պատճառը անշուշտ պետք է լիներ այն, որ այս քաղաքների բնակչության մեծամասնությունը քրիստոնյա էր, և նրանք իրենց ավելի ապահով էին զգում։ Արևմուտք գաղթած քրիստոնյա համշենցիներից ոմանք 19-րդ դարում սկսեցին պանդխտության մեկնել արտասահման՝ Ռուսաստան և Աբխազիա, աշխատանքի համար։ Որոշ ժամանակ անց աշխատանքի համար գնացած մարդիկ իրենց ընտանիքներն էլ են տարել ու հաստատվել են այդ շրջաններում։

Այսօր Ռուսաստանի Սոչի, Կրասնոդար, Մայկոպ, Ռոստով, Վորոնեժ քաղաքներում քրիստոնյա համշենցիներ են ապրում: Աբխազիայի բնակչության մեջ զգալի թիվ են կազմում քրիստոնյա համշենցիները։ Երկրի բնակչության մոտ մեկ հինգերորդը համշենցիներ են։ Բնականաբար համշենցի լինելը նրանց համար մի փոքր այլ նշանակություն ունի, քան մեզ համար։ Հայկական եկեղեցուն կապված լինելու պատճառով քրիստոնյա համշենցիները մեծամասամբ իրենց բնութագրում են որպես համշենցի հայեր: Ոմանք իրենց անվանում են ջանիկցի, տրապիզոնցի և այլն՝ իրենց նույնացնելով Թուրքիայի այն քաղաքների հետ, որտեղից  գնացել են։ Իրականում, սա կարևոր գաղափար է տալիս մեր համշենական ինքնության վերաբերյալ: Համշենականության, որպես էթնիկ ինքնության ձևավորումը պետք է լինի մահմեդականացումից հետո։ Մահմեդական և հայկական ինքնությունների համադրումը երկու ինքնությունների տեսանկյուից էլ շատ դժվար է։ Հետևաբար մահմեդական դարձած հայերին հայությունից ուրիշ պատկանելություն էր անհրաժեշտ։  Այս անհրաժեշտությունը բավարարեց համշենականությունը։ Այսօր Չայելիի Ռաշոտ շրջանի այն քչերը, ովքեր խոսում են համշեներենով, իրենց լեզուն արմեներեն են անվանում, ոչ թե համշեներեն, ինչպես մենք (համշենահայերենը հայոց լեզվի բարբառներից մեկն է, հետևաբար հայերեն է, ինչը մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով, որոնցից է, օրինակ, Թուրքիայում առկա տոտալիտարիստական վերաբերմունքը ամենայն հայկականի վերաբեյալ, չի ընդունվում համշենահայ որոշ ուսումնասիրողների և մտավորականների կողմից-Ակունքի խմբ): Սա ևս այս թեզն ամրապնդող փաստ է։

Թուրքիայում քրիստոնյա համշենցի կա՞

Բոլո՞ր քրիստոնյա համշինահայերն են գաղթել Ռուսաստան և Աբխազիա։ Անշուշտ ո՛չ։ Մնացողներն ապրեցին այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ այն վայրերում, որտեղ նրանք ապրում էին 1915 թ․։ Աքսոր, տեղահանություն, մահ։ Կա՞ն արդյոք քրիստոնյա համշենցիներ, ովքեր վերապրել են այս բոլոր մութ օրերը և այսօր էլ ապրում են Թուրքիայում։ Այդ հարցին մինչև այսօր պատասխանում էի՝ «Այդպիսի համշենահայ հանրույթ չկա»։ Սակայն, իմ ստացած որոշ տեղեկությունների համաձայն, Ջանիկի, Տրապիզոնի, Սինոպի և Օրդուի հայերի մեջ գոյատևած, և այժմ Ստամբուլի հայ համայնքին ինտեգրված քրիստոնյա համշենահայեր դեռևս ապրում են մեր երկրում։ 1915 թ․ հեղեղը հայերի մեջ հասարակության քայքայման պատճառով հարազատներին որոնելու ու գտնելու ճակատագրի է նման: Այսկերպ իր ազգականին որոնող մի պոլսահայ իր փնտրտուքների արդյունքում իմացել է, որ իր և իր ազգականների մոտ ազգականները համշենահայեր են։ Այս տեղեկությունը համատեղելի էին նաև այն գաղթի պատմությունների հետ, որոնք ընտանիքի տարեց անդամները լսել էին իրենց մեծերից։ Հուսով եմ, որ մոտ ապագայում այս թեմայով նոր տեղեկություններ կստանամ:

 Մեր կրոնը փոխվել է, բայց լեզուն ու ավանդույթը մեկ է

Ցավոք, Աբխազիայում և Ռուսաստանում ապրող համշենցիներին Թուրքիայում այնքան էլ չեն ճանաչում։ Բացի «Վովա»-յի մոսկովյան համերգից և մեկ-երկու ճամփորդությունից, տարածաշրջանի մարդկանց հետ առանձնապես շփումներ չեն եղել։ Բանն այն է, որ այս մարդկանց ապրելակերպը, լեզուն, մշակույթը նույնն է, ինչ մերը։ 2013 թ․ Վահան Մենակեցու կողմից ռուսերեն հրատարակված «Դուշա Հեմշին» (Հեմշինի ոգին) գիրքը գանձարան է նրանց ճանաչելու համար։ Գրքում համշենցիների օգտագործած շենքերի, ինչպիսիք են տները, պագենը, մարագը, սարբենը, ճարտարապետական ​​որակները, Համշենի տներում փայտից, պղնձից և այլ նյութերից պատրաստված ամանները լրիվ ներառված են գծանկարներում։ Համշենի ուտեստները տրվում են իրենց բաղադրատոմսերով։ Ինչպես մեզ մոտ՝ ջեմուր, ծիլիխտա, գապլամա, խավինծ, տուշի, աբուր և այլն ուտեստների բաղադրատոմսեր կան գրքում։ Հետո ներկայացվում են ամուսնության և հարսանեկան ավանդույթները։ Մեզ պես մակարի սեղաններ ու վիճակի խաղիկներ կան։ Ուզում եմ կիսվել մի օրինակով.

«Ես քամանչա չալի գու

Բազի-բազի խառնիմ գու

Կարշիս մընի ասողին

Աման թեմիզ խափիմ գու»։

Այս մանիի (ժողովրդական երգ, խաղիկ-Ակունքի խմբ) մեջ նրանք մեզնից անգամ շատ թուրքերեն բառեր են օգտագործում։ Նրանք հայերեն բառերը գործածում են այնպես, ինչպես մենք։ Այս մանին տեսնողը, առանց հարցնելու, թե «ինչու է մանին գրված մընիի ձևով», կարող է ասել, որ սա Խոփա Հեմշինի մանի է։ Այնուհետեւ գրքում ներկայացվում են համշենցիների կողմից օգտագործվող գործիքները՝ թուլում (պարկապզուկ-Ակունքի խմբ), քամանչա, քավալ (սրինգ-Ակունքի խմբ), դավուլ (դհոլ-Ակունքի խմբ), զուռնա: Բացի քամանչայից, դրանք բոլորը մեզանում ևս օգտագործվող գործիքներ են։ Գրքի հաջորդ մասում ներկայացվում են հանգուցյալ և դեռ կենդանի քեմենչահարները և նրանց ստեղծագործությունները։ Աբխազիայում բավականին շատ են երաժիշտներն ու երգիչները։ Որոշ երգերի և ժողովրդական պարերի նոտաները ևս կան։ Համշենահայերենն այնտեղ էլ է սկսել գրավոր թողարկումներ ունենալ։ Կարելի է գտնել նաև համշեներեն ստեղծագործած բանաստեղծների գործերի օրինակներ։ Տեղ են գտել նաեւ համշենցի նկարիչների աշխատանքները։ Գրքի վերջում էլ ֆոտոպատմություններով ներկայացվում են դարձյալ մեզ այնքան ծանոթ խաղեր, որոնց մեջ «բիզ» էլ կա, «մայա» էլ։ Իսկապես հիանալի գիրք է, որը կարող է օգտագործվել որպես հիմնական հղում նրանց համար, ովքեր ցանկանում են ճանաչել աբխազական համշենցիների համայնքը: Արի ու տես, որ հեղինակը թոշակառու բանվոր է, և նրա գիրքը ձեռքի աշխատանք է։ Այո, սխալ չլսեցիք, նա ձեռքով է հավաքել բոլոր օրինակները և գիրք դարձրել։ Պատճենահանման թղթերից պատրաստված գիրք՝ միացված կարիչով։

 «Համշեն ոգին» ինձ ստիպում է զգալ, որ թեև կրոնները տարբեր են, Սեւ ծովի երկու կողմի մարդիկ նույն կերպ են ապրում, և գանձի արժեք ունեցող այս գիրքը հուսով եմ կկարողանանք թուրքերեն թարգմանել ու հրատարակել։

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net