Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մահիր Օզքան
Տրապիզոնի կայսրությանը ենթակա մի ինքնավար շրջան եղած Համշենը 1484 թ․ վերացել է և անցել Օսմանյան պետության տիրապետության տակ։ Այդ տարեթվից հետո, ինչպես դրա մասին հայտնի է դառնում նաև օսմանյան հարկային գրանցումներից, այս շրջանի գրեթե ամբողջ բնակչությունը քրիստոնյա էր։ 1600-ական թվականներից հետո շրջանում սկսվեց իսլամացումը։ Պ․ Թումայանցը նշում է, որ 1690-1700-ական թվականներին Համշենում իսլամացումը մերժած մի խումբ հայեր Արաքլը Քարադերե են գաղթել։ Թումայանցը նաև հայտնում է, որ այդ տարեթվից բավականին անց Համշենի գրեթե ամբողջ բնակչությունն իսլամացվել է։ Այսինքն՝ համշենցիները մահմեդականացվում են մոտավորապես 1600-1780-ական թվականների միջև։
Սակայն ոչ բոլոր համշենցիներն են մուսուլման դատնում։ Մնացած համշենցիները փոխադրվում են Տրապիզոն, Օրդու, Ունիյե, Չարշամբա, Բաֆրա, Սինոպ, Ադափազարը։ Հետագա տարիներին էլ քրիստոնյա բնակչության էական հատվածն արտագաղթում է Սև ծովի դիմացի այնպիսի առափնյա բնակավայրեր, ինչպիսիք են Ղրիմը, Սոչին, Աբխազիան։ Համշենում մնացածների մի մասն սպանվում է 1915 թ․, մյուս մասն աքսորվում, մի հատվածն էլ՝ Ստամբուլ գաղթում։
Անկեղծ ասած՝ մինչ վերջերս անտեղյակ էի Թուրքիայում մնացած քրիստոնյա համշենցիների գոյության մասին, բայց անշուշտ մտքիս մի ծայրին հետևյալ հարցն էր․ պոլսահայերի մեջ կան մարդիկ, ովքեր երկրի համարյա բոլոր շրջաններից են։ Այդ ինչպե՞ս քրիստոնյա համշենցիներից ոչ ոք չէր մնացել։
Թուրքիայում իրենց համշենցի համարող քրիստոնյա հայեր չլինելու ամենակարևոր պատճառներից մեկն այն փաստն էր, որ այդ մարդիկ շատ տարիներ առաջ էին Համշենից արտագաղթել և Ստամբուլում իրենց ներկայացնում էին այն վայրերի անուններով, որտեղ փոխադրվել էին նախքան Կ․Պոլիս գնալը։ Այսինքն՝ նրանք այլևս ոչ թե համշենցի էին, այլ՝ ջանիկցի, օրդուցի, տրապիզոնցի, սինոպցի։ Ըստ էության, դա ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ համշենցիների համար համշենականությունը տեղանունից էր ինքնության վերածվել։ Քրիստոնյա համշենահայերի տեսանկյունից համշենցի լինել նշանակում էր մեծամասամբ սվասցի, սամսունցի, սասունցի լինել։ Այսինքն՝ առանձին ինքնության արտահայտություն չէ։ Ամենայն հավանականությամբ, համշենականության՝ ինքնության վերածումն սկսել է իսլամացած համշենցիների միջոցով։ Մուսուլման համշենցիները քրիստոնեության հետ նույնացած ինքնություն հանդիսացող (քանի որ ազգային եկեղեցի կա) հայկական ինքնությունից իրենց առանձնացնելու, սակայն շրջանում բնակվող մյուս ինքնություններից էլ իրենց տարբերությունն արտահայտել կարողանալու համար առաջնային պլան են մղել համշենական ինքնությունը։ Այդպիսով՝ Համշենը տեղանունից վերածվել է առավելապես ինքնության անվանման։ Թերևս դա է պատճառը, որ շուրջ 250 տարի է, ինչ Արդվինի բնակիչները դեռևս իրենց համշենցի են անվանում, իսկ քրիստոնյա մնացած համշենցիները՝ ջանիկցի, օրդուցի և այլն։
Վերադառնանք Թուրքիայում մնացած քրիստոնյա համշենցիներին․․․ Քրիստոնյա համշենցիների մասին վերստին մտածելուս և գրելուս համար առիթ դարձավ մի պոլսահայ երիտասարդի ներկայացրած ընտանեկան պատմությունը, որի հետ նոր էի ծանոթացել։ 1915 թ․ հետո ընտանիքի մի մասը ցրվել է Ռուսաստան, մի մասը՝ Եվրոպա, մյուս մասն էլ՝ Սիրիայի անապատներ։ Մի մասից բոլորովին չեն կարողացել լուր ստանալ։ Պարզվում է՝ նրանք ներընտանեկան խոսակցություններում հիշատակված իրենց շատ ազգականների ճակատագրի մասին անտեղյակ են եղել։ Վերոնշյալ երիտասարդը ԴՆԹ թեստ է անել տալիս՝ այն նկատառմամբ, թե միգուցե իր ազգականների զավակների կամ թոռների հետ ծանոթանա այդ կերպ։ Թեստն իրականացրած ընկերությունը ստուգում է իր մոտ թեստ արած մյուս մարդկանց տվյալները, և եթե հանդիպում են ազգակցական կապեր ունեցողներ, նրանց տեղյակ է պահում միմյանց մասին։ Այդ թեստի շնորհիվ երիտասարդը Ամերիկայում իր մի ազգականի թոռան հետ է ծանոթանում և կապ պահպանում նրա հետ։
Այս թեստի արդյունքները մեզ հետաքրքրում են այն առումով, որ այդ երիտասարդը գրեթե մոտիկ ազգակցական կապեր է բացահայտում բազմաթիվ համշենցիների հետ, որոնք նրա մոտ զարմիկներն են դուրս գալիս։ Ազգակցական կապ ունեցող համշենցիներն ապրում են Քարադերեում, Չամլըհեմշինում, Չայելիում, Խոփայում և Յուսուֆելիում։
Երիտասարդը փորձել է իր ազգական համշենցիներին գտնել, նրանց մի մասի հետ զրուցել է, նրանց շրջանում եղել են այնպիսիք, ովքեր երկար են իր հետ խոսել, պատահել են նաև այնպիսիք, ովքեր կարճ են կապել խոսակցությունը։ Եղել են ազգականներ, որ զարմանքով են ընդունել իրենց ազգակցության մասին փաստը, բայց և՝ այնպիսիք, որոնք նորմալ են դա համարել․․․
Նրա ընտանիքի համար ևս Համշենի հետ կապը հիմնականում անակնկալ է եղել, քանի որ մինչ այդ՝ ընտանիքում որևէ հիշատակում չի եղել համշենցիների հետ իրենց կապի մասին։ Երիտասարդի հորական կողմից տատիկը միայն իմացել է, որ սինոպցի հայեր են։ Սակայն նաև տեղյակ է եղել, որ իր մայրը ջանիկցի է եղել, իսկ հայրը՝ Սոչիից։ Իսկ ջանիկցի մոր հայրը հայտնի է եղել որպես ռիզեցի Մըքդեսի (քահանայի ցեղ) տոհմից։ Երիտասարդի սինոպցի մեծ մայրը նաև հիշում է, որ իր ջանիկցի մոր հայերենը մի փոքր տարբերվել է մյուս հայերի մայրենիից։ Սակայն ինքն այլևս այդ բարբառով չի խոսում։ Ի դեպ, հիշյալ երիտասարդի սինոպցի հորական տատի ավագ քույրերից մեկը դեռևս Սինոպում է ապրում։ Նա ամուսնացել է մի մուսուլմանի հետ և այնտեղ մնացել։ Ընտանյոք հանդերձ շփվում են թե՛ նրա և թե՛ նրա զավակների հետ։
Համշենի պատմության և մշակույթի կորուսյալ բնակիչներից են նաև Թուրքիայում մնացած և իրենց քրիստոնյա հայ համայնքի մի մասը համարող համշենահայերը։ Լուսաբանման կարոտ է, թե այդ մարդիկ ինչեր են ապրել և հիմա ինչ վիճակում են, քանի հոգի են, արդյո՞ք պահպանել են երաժշտության, աղոթքի, ասացվածքների, խաղիկների, ավանդույթների որոշ տարրեր։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net