Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մահիր Օզքան
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Խորհրդային Միությունը ռազմաճակատի թիկունքի և սահմանների անվտանգության նկատառմամբ բազմաթիվ աքսորներ է իրականացնում։ Նմանատիպ միջոցներ ձեռնարկվում են նաև ԱՄՆ-ի կողմից, և շուրջ 120 հազար ճապոնացիներ փակվում են համակենտրոնացման ճամբարներում։ Խորհրդային Միությունում գործադրված աքսորներից մեկն էլ մեսխեթցի թուրքերի աքսորն էր (մեսխեթցի թուրքեր արտահայտությունը շրջանառության մեջ է դրվել 1970-ական թվականներից հետո, Ֆահրեթթին Քըրզըօղլուի կողմից։ Վրացի պատմաբանների տեսակետի համաձայն՝ մեսխեթցիները 1600-ականներից սկսած իսլամացած վրացիներն են)։ Քըվըլջըմ Չաղլան «Մեսխեթցի թուրքերի աքսորը» վերնագրով իր հոդվածում տեղեկություններ է հաղորդում առ այն, թե խորհրդային փաստաթղթերի համաձայն՝ 91 հազար հոգի էր աքսորի ենթարկվել, և որ 457 հոգի կյանքից զրկվել է աքսորի ճանապարհին։ Աքսորյալները հաստատվում են Ղազախստանում, Կիրգիզիայում և Ուզբեկստանում։ Նրանց մեծ մասին աշխատացնում են հավաքական ագարակներ հանդիսացող կոլխոզներում ու սովխոզներում, մի մասին էլ՝ արդյունաբերական ձեռնարկություններում։
Մեսխեթցիների հետ մեկտեղ աքսորի են ենթարկվում նաև 8․694 քրդեր, մոտ 5․000 լազեր և 1․385 համշենցիներ։ Ընդհանուր թվով 304 համշենցի ընտանիք է աքսորվում, նրանցից 237-ը Բաթումից էր, 34-ը՝ Քոբուլեթից, 28-ը՝ Խուլոյից, 5-ը՝ Քեդայից։ Անձամբ ես այդ աքսորի մասին մանկությանս տարիներին տեղեկացել էի «ներսից» (արտասահմանցի համշենցիների համար մերոնք, չգիտես ինչու, «ներս» բառն են օգտագործում) եկած մեր ազգական 3 կանանց պատմության միջոցով։ Երբ Ղազախստանում այս ընտանիքի տղամարդիկ մահանում են, միայնակ մնացած և մեր տոհմանունը՝ Բեքարօղլու ազգանունը կրող այդ 3 կանայք (մայր, աղջիկ և հարս) մերոնց հայտնում են, թե ցանկանում են Թուրքիա գալ, պաշտոնական խողովակներով կատարված երկար նամակագրություններից հետո նրանք կարողանում են Թուրքիա գալ։ Կիրգիզիայում նրանք իրենց ապահով չէին զգացել, անտեր և անօգնական էին մնացել։ Առանց այդ էլ Թուրքիայի ազգականներից հեռանալը բավականաչափ բարդ էր, երբ դրան գումարվել էր Բաթումից շատ հեռու աքսորվելը, նրանք չէին զգացել, որ Կիրգիզիային են պատկանում, և դա հանգեցրել էր հայրենիք չունենալու զգացողությանը։
Երկու անգամ աքսորվածները
Նրանց պատմածներին հար և նման զգացումների մասին «Գոր» հանդեսի առաջին համարում հրապարակված հարցազրույցում խոսել էր նաև Կիրգիզիայի համշենցիների պաշտոնական ներկայացուցիչ Ռուստեմ Քարաբաջաքը։ Աքսորյալ համշենցիներից 15 ընտանիք ստալինյան ժամանակաշրջանին հաջոդրած շրջանում, 1956 թ․ փորձել է Բաթում վերադառնալ, սակայն նրանք կարողացել են տեղավորվել ոչ թե Բաթումում, այլ՝ Փոթիում։ Ռուստեմ Քարաբաջաքը հարցազրույցում ոչ մի տեղին չպատկանելու այդ զգացումը նկարագրել էր «Dir çunik – Տեր չունենք» բառերով։ Ուզբեկստանում 1990-ականներին ուզբեկների կողմից մեսխեթցիների դեմ կատարված հարձակումներն ու ընդհարումները, Կիրգիզիայում համշենցիներին ուղղված նմանատիպ լարվածությունը ավելի են սաստկացրել անտեր լինելու այդ զգացումը։
Այս բոլոր պատճառներով համշենական հասարակությունը հույս ունի, որ կհաստատվի մի այնպիսի վայրում, որը կարող է իր հայրենի հողը կոչել։ Դրա համար նա նախաձեռնություններով է հանդես գալիս։ Վրաստանը, չնայած բոլոր պահանջներին, թույլ չի տվել, որ համշենցիներն իրենց գյուղեր վերադառնան։ Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի զանազան քաղաքներում բնակություն հաստատելու հնարավորություն է ի հայտ եկել։ Ղազախստանի և Կիրգիզիայի համշենցիների մի մասը տեղափոխվել է Ռուսաստանի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք ենք Կրասնոդարը, Վորոնեժը և Ռոստովը։
Այստեղի համշենցիների և Թուրքիայում ապրող նրանց ազգակիցների միջև բավականին տևական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերի միջոցով հարաբերություններ են հաստատվել, ամուսնության ճանապարհով ազգակցական կապեր ստեղծվել, և համշենցիները սկսել են գնալ-գալ։ Հատկապես ուղեփոխադրման ոլորտում աշխատողները հաճախ են շրջան գնում-գալիս։ Այցի գնացած բազմաթիվ համշենցիներ իրենց հին ազգականներին են գտնում, նոր ընկերներ ձեռք բերում։ Այդ հարաբերությունները ցույց են տալիս մի կարևոր բան․ մեր եղբայրները, դժբախտաբար, այսօր դեռևս անտեր և անհայրենիք լինելու զգացումն են ունենում։
Հայրենիքի փնտրտուքներ
1990-ականներին Հայաստանը նրանց առաջարկել է Ղարաբաղում (Արցախ-Ակունքի խմբ․) հաստատվել։ Ռուստեմ Քարաբաջաքը, Ղարաբաղ այցելելով, շրջել է այն վայրերում, որտեղ հաստատվելու էին։ Նա ինքը ցանկացել է այնտեղ տեղափոխվել, սակայն հասարակության մեծամասնությունը դա չի ուզել՝ կրոնական տարբերությունների պատճառով։ Քարաբաջաքը հարցազրույցում նշում է․ «Գյավուր են անվանում, սակայն առնվազն մեր լեզուն նույնն է։ Կառավարությունը մեզ տեր էր կանգնելու։ Մինչև ե՞րբ ենք այսպես այստեղ-այնտեղ, անհայրենիք շրջելու։ Թուրքիայից բացի՝ ուրիշ ուղի չի մնացել։ Եթե Թուրքիան ընդունելու լինի, հասարակությունը սիրով կհաստատվի այնտեղ»։ Իրականում այդ հարցի շուրջ մի հանդիպում կայացել է։ Ժամանակն վարչապետ Ռ․ Թ․ Էրդողանի մի այցի ժամանակ Քարաբաջաքը կարողանում է զրուցել նրա հետ։ Էրդողանը նրան ասում է, որ կքննարկի Թուրքիա փոխադրվելու նրանց պահանջը և որ մեկ տարվա մեջ կլուծի այդ հարցը։ Սակայն, թեև այդ հանդիպումից հետո տարիներ են անցել, այլևս ոչ ոք չի զանգահարել կամ զբաղվել այդ թեմայով։ Լա՛վ, իսկ ինչու՞։ Թուրքիան այն երկիրը չէ, որ կարողանա մոտ 5000 հոգու վերաբնակեցման համար անհրաժեշտ հնարավորություններ ընձեռել։ Այդ մարդիկ մեր ազգականներն են, մեր եղբայրները։ Երկրի ներսում բնակվող համշենցիներին եղբայր համարելը, իսկ դրսում ապրողներին որպես հարազատ չընդունելը հակասական վերաբերմունք է։
Աջակից լինենք մեր եղբայրներին
Համշենցիների ունեցած խնդիրների լուծումը ո՞րը կարող է լինել։ Անշուշտ, ամենաիդեալական լուծումը կլինի այն, որ Վրաստանը թույլ տա, որ այդ մարդիկ վերադառնան։ Եթե նրանք Բաթում գան, դա լավ կլինի թե Թուրքիայի և թե Վրաստանի համար։ Նրանք կնպաստեն սահմանի տնտեսական և սոցիալական աշխուժությանը, կամրապնդեն մեր երկրների և հասարակությունների միջև կապերը։ Բացի այդ՝ թե՛ էթիկական և թե՛ քաղաքական տեսանկյուններից ճիշտը դա է։ Թուրքիան կարող է, իր դիվանագիտական խողովակներն օգտագործելով, նպաստել, որ Վրաստանը նման որոշում կայացնի։ Եթե դա հնարավոր չլինի, Թուրքիան պետք է թույլ տա, որ համշենցիները հաստատվեն Թուրքիայում, ինչպես որ խոստացել է։ Համշենցիների մայր հայրենիքն այստեղ է, ազգականները՝ նույնպես։ Նրանք այստեղ հաստատվելու իրավունք ունեն։
1944 թ․ նոյեմբերի 14-ը միայն մեսխեթցի թուրքերի աքսորի օրը չէ։ Թուրքիայում, դժբախտաբար, այս ամսաթիվը նշվում է միայն որպես մեսխեթցի թուրքերի աքսորի օր։ Մինչդեռ, եթե անգամ նրանց թիվը մեսխեթցիներինի չափ չլինի էլ, քրդերը, համշենցիները և լազերը նույնպես ենթարկվել են աքսորի։ Հարկ է նրանց բոլորի ցավը կիսել, աքսորը միասին դատապարտել։ Այն փաստը, որ այդ աքսորը կատարվել է Խորհրդային Միությունում, պատերազմական պայմաններում, բոլորովին չի արդարացնում այդ գործողությունը։ Որպես հիմնավորում նշվում են «անվտանգությունը» և այլն, սակայն այն փաստը, որ այդ աքսորի հետևանքները վերացնելու ուղղությամբ ոչ մի միջոց չի ձեռնարկվել, ուղղակի անընդունելի երևույթ է։ Այդ պատճառով, ամեն տարվա նոյեմբերի 14-ին համշենցիները պետք է օրակարգ բերեն այդ աքսորի թեման, պահանջեն բավարարել իրենց տուժած ազգականների շահերը և իրենց պահանջների մասին հայտարարեն ի լուր աշխարհի, գլխավորապես՝ Վրաստանին և Թուրքիային։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net