Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՄՈՒՍՏԱՖԱ ՔԱՐԱ
Սա հայտնի պատմություն է. Հայաստանից զբոսաշրջիկներ են գնացել Համշեն։ Մի համշենցի հորեղբայր, ով լսել է նրանց հայերեն խոսելը, ասել է․ «Ինչո՞ւ եք խոսում մեր լեզվով»: Երբ ասել են՝ «Քեռի՛, մենք հայերեն ենք խոսում», պատասխանել է․ «Պահո՜, անգամ հայերն են մեր լեզուն սովորել», – ապա շարունակել է իր ճանապարհը՝ պարծենալով, թե ինչ մհզոր մշակույթ և լեզու ունեն իրենք…
Թուրքիայում համշենցիների պատմությունը, որոնց թիվը մոտենում է 200 հազարի, որոշ չափով նաև այդպիսի պատմություն է։ Համշենցի տերմինը բնութագրում է ոչ միայն Համշենում ապրող մարդկանց, այլև մի ընդհանուր ժողովրդի։ Կարճ ասած՝ հայկական ծագում ունեցող ժողովրդի։ Բացի Համշենի շրջանից, նրանք ապրում են Թուրքիայի տարբեր քաղաքներում և անգամ Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում։ Նրանց մեծամասնությունը մահմեդականներ են և այս առումով տարբերվում են հայերից։ Ասում են, որ Համշեն անունը ծագել է իշխան Համամից; Նրա հիմնած մայրաքաղաք Համամաշենը ժամանակի ընթացքում վերանվանվել է Համշեն։ Ենթադրվում է, որ մ․ թ․ 8-րդ դարում տարածաշրջանում իշխանություն հաստատած համշենցիները տարածաշրջան են եկել Արարատ (հավանաբար հեղինակը Արարատյան դաշտը շփոթում է Արարատ քաղաքի հետ – Ակունքի խմբ․) և Անի քաղաքներից։
Այսօր արևելյան համշենցիները ապրում են Խոփա և Բորչկա գավառներում։ Արևմտյան համշենցիները ապրում են Համշեն և Չամլըհեմշին, ինչպես նաև Ֆընդըքլի, Չայելի, Փազար, Արդաշեն և Իքիզդերե շրջանների բարձրադիր վայրերում: Արևելյան համշենցիները խոսում են արևմտահայերեն, որն անվանում են «հոմշեցնակ». արեւմտյան համշենահայերի լեզուն դարձել է թուրքերենը։ Թեև օսմանյան տիրապետությունը տարածաշրջանում սկսվել է 15-րդ դարում, համշենցիները, ինչպես և արևելասևծովյան մյուս ժողովուրդները 18-րդ դարում են մահմեդական դարձել: Այս ժամանակաշրջանում համշենցիները, ովքեր նախընտրել են մնալ քրիստոնյա, բնակություն են հաստատել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Օրդու, Տրապիզոն և Գիրեսուն: 1915-ից հետո նրանք լքել են այս հողերը և գաղթել Ռուսաստան։ Հյուսիսային համշենցի կոչվող քրիստոնյա ժողովուրդն այսօր նրանք են, ովքեր գաղթել են 1915 թ.։ Այս մարդիկ, որոնց մայրենի լեզուն համշեներենն է, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են։
Այսօր Ռուսաստանի տարածքում ապրող քրիստոնյա համշենցիներն իրենց ծագումը հիմնականում ներկայացնում են այն քաղաքներով, որտեղից եկել են։ Սամսունից գնացածները կոչվում են ջանիկցի, Օրդուից գնացածները՝ օրդվեցի, իսկ Համշենից գնացածները՝ համշենցի։ Այս սահմանումն օգտագործելիս նրանք իրենց չեն տարբերվում, օրինակ, Սվասի կամ Յոզղատի հայից։ Թեև նրանք համշենցի տերմինը համարում են ավելի շատ որպես տեղանուն, մշակութային փոխանակումն ավելի ու ավելի է դարձնում Համշենի հայկականությունը որպես տեսանելի և հասկանալի:
Համշենցիների կողմից մահմեդական ինքնության ձեռքբերումը «ինքնության խնդրի» ավելի բարդացման պատճառ է հանդիսանում: Այն փաստը, որ դարեր շարունակ օսմանյան ազգային համակարգը հիմնված էր կրոնի վրա, շատ շփոթության տեղիք է տվել: Օսմանցիները քարաման թուրքերին համարում էին հույներ, քանի որ նրանք ուղղափառ էին։ Եվ սա, իհարկե, նաև թրքացնում էր մահմեդական հայերին` նրանց համարելով «ումմայի» անդամ։ Հանրապետական շրջանի «մեկ ազգի» քաղաքականությունը նույնպես ամրապնդեց թրքության ընկալումը։ Հայ ազգային ինքնության և Հայ Առաքելական եկեղեցու պատմական միահյուսումը դա ամրապնդող պատմական փաստ է: Այսօր շատ դժվար է ակնկալել, որ համշենցիների ինքնության խնդիրը ակնթարթորեն կարգավորվի:
Թեև Թուրքիայում համշենցիները իսլամ են ընդունել, նրանք նույնպես փորձել են պահպանել անցյալից իրենց սկզբնական հավատքի համակարգը: Պատմաբանները գրում են, որ մինչև անցյալ դարը անգամ համշենցի մուսուլմաններն էին մկրտում համշենցի երեխաներին։ Թեև այն այլևս կրոնական ասպեկտ չունի, սակայն Վարդավառի տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի կերպարանափոխությունը, դեռևս նշվում է յայլաների տարածքներում։ Մինչև անցյալ դարը, ինչպես և սևծովյան տարածաշրջանի մյուս մահմեդական ժողովուրդները, «ո՞ր ազգից եք» հարցին գերադասում էին պատասխանել «իսլամ եմ»։
Կարելի է ասել, որ համշենցիների որոշ նախաքրիստոնեական հավատալիքներ միաձուլվել են Հայ Առաքելական եկեղեցու ձևերին և պահպանել դրանք։ Հատկապես սուրբ համարվող «ջրի» հետ կապված հավատալիքներն ու ծեսերը գալիս են հին ժամանակներից։ Համշենցիները, ովքեր Վարդավառը նշում են Հիսուս Քրիստոսի տոնը համատեղելով, այս տոնն անվանում են նաև Ջրի փառատոն։ Ասում են, որ այս ավանդական ծեսի ծագումը, որը ներառում է ջրային կատակներ, գալիս է Նոյի ջրհեղեղից: Վարդավառի տոնակատարությունը հետագայում կապվել է քրիստոնեության հետ։ Այնուամենայնիվ, իսլամից հետո՝ ամբողջովին կրոնական ինքնությունից մեկուսացված ժամանակ էլ այն շարունակել է իր գոյությունը: Ոչ միայն արևելյան համշենցիները, այլ նաև արևմտյան համշենցիները, որոնց լեզուն դարձել է թուրքերեն, այսօր շարունակում են նշել հայկական տոները, ինչպիսիք են՝ Վարդավառը և Խոդոչը:
Համշենցիների ավանդական հավատալիքների շարքում աղոթքները նույնպես հատուկ տեղ ունեն։ Համշենյան մշակույթում հանդիպում են հնագույն աղոթքներ, որոնք տարբերվում են միաստվածական կրոնների աղոթքներից։ Բնությանը վերագրվող աղոթքները, ինչպես օրինակ հեթանոսական կրոններում, համարվում են բուժիչ: Օրինակ, եթե ինչ-որ մեկն ունի անքնություն և ախորժակի խնդիրներ, ապա նրա խնդիրը վերագրվում է «վախին», և Համշենում կարդում են «վախի աղոթքը»: Աղոթքը կարդացող անձը ծալում է մագաղաթը, երբ մոտենում է այն մարդուն, ում համար կարդում է, և այնուհետև հպում է մագաղաթը տվյալ անձի կրծքի չորս անկյուններին: Երբ աղոթքն ավարտվում է, նա ցած է նետում ձեռագիրը և մեկ անգամ ևս կարդում է աղոթքը։
Համշենի մշակույթում կարելի է հանդիպել վախի աղոթքների տարբեր օրինակների, ինչպես նաև շատ տարբեր աղոթքների, որոնք հիշեցնում են հեթանոսությունը: Այս աղոթքների արմատները, որոնք հնարավոր չէ գտնել միաստվածական կրոններում, ինչպիսիք են քրիստոնեությունը և իսլամը, գալիս են հին ժամանակներից: Սրանք այն սակավաթիվ հետքերն են, որոնք մինչ օրս պահպանվել են համշենցիների հնագույն անցյալից, ովքեր գաղթել են այն տարածաշրջանը, որտեղ այժմ ապրում են և որտեղ քրիստոնյա են դարձել: Միևնույն ժամանակ, ապացույցներ կան, որ հակառակ պնդումների, հայ ժողովրդի հետ հեմշինլիների կապերը շատ ավելի վաղ են, քան քրիստոնեությունը…
Եթե նույնիսկ մոռացվի հայկական ազգային ինքնությունը, ապա համշենցիները հայկական ծագումով միակ մահմեդական ժողովուրդն են, քանի որ հայոց լեզուն պահպանվում է: Նշենք, որ այսօր էլ համշենցիների մեծամասնությունը, ում մայրենի լեզուն հայերենն է, իրենց թուրք են համարում և անհարմար են զգում իրենց հայ կոչելուց: Իհարկե, մեկ այլ աբսուրդ էլ այն է, որ նրանք հայերեն են ասում «Մենք հայ չենք»: Այնուամենայնիվ, նույնիսկ արևելյան Համշենի այն համշենցիները, որոնց մայրենի լեզուն թուրքերենն է, կրում են հին մշակույթի հետքեր, օրինակ՝ ռիզեցիներին, ովքեր իրենցից չեն, անվանում են «հոռումի»։ Եվ երբեք չեն ասում «Ռիզեից ենք», եթե նույնիսկ իրենց շրջանը կապված է Ռիզեի հետ։ Հարևան լազերը, ահա, համշենցիներին «արմենի»՝ հայ են անվանում։
Համշենցիները ավանդաբար զբաղվում են անասնապահությամբ՝ հիմնված լեռնաշխարհի գյուղատնտեսության վրա, սակայն բավականին մեծ է նաև այն մարդկանց թիվը, ովքեր օսմանյան ժամանակաշրջանում գնացել են ցարական Ռուսաստան և սովորել են հրուշակագործություն։ Այնպես որ, սյսօր Թուրքիայի շատ շրջաններում հազվադեպ չեն հանդիպում համշենցի հացթուխներ և հրուշակագործներ։ Քանի որ Չամլըհեմշինը գտնվում է Սևծովյան տարածաշրջանի ամենաբարձր կետի՝ Քաջքար լեռան ստորոտում, ամառանոցային քոչը սովորական ավանդույթ է: Վերջինս, որը դարեր շարունակ իրականացվել է որպես անասնաբուծության պահանջ, վերջին տարիներին ձեռք է բերել նաև զբոսաշրջային բովանդակություն։ Քանի որ Համշեն և Չամլըհեմշին շրջանների սարահարթերը խառնվել են իրար, կան նաև ընդհանրություններ։ Համշենցիների մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև Քարալահանայի համշենցիները, որտեղ հանդիպում են Արևելասևծովյան տարածաշրջանի գրեթե բոլոր մշակույթային առանձնահատկությունները՝ չնչին տատանումներով։ Յուղով եփած և եգիպտացորենի ալյուրով թանձրացած քարալահանայի ուտեստի համշեներեն անվանումը աբուր է։ Այս ուտեստը այնքան տարածված է, որ նրանց, ովքեր երբեք չեն լքել գյուղը կամ չեն հանդիպել այլ մշակույթների կրողների, համշենցիները կատակով ասում են «Աբուրով եք մեծացե՞լ»:
Համշենյան երաժշտությունը նման է սևծովյան երաժշտությանը, այնուամենայնիվ, այն ունի հստակ մեղեդի իր ազգային նվագարաններով՝ պարկապզուկով և ինքնատիպությամբ: Վերջերս թողարկվեց համշեներեն առաջին ալբոմը՝ «Vova» անունով, և խմբի անվանումը բավականին բովանդակալից է։ «Քիմանա՞ք թա հոզայիկ», այսինքն՝ «Գիտե՞ք, որ մենք այստեղ ենք»։ Հավելենք, որ համշենցի երաժիշտ Գյոքհան Բիրբենը նույնպես իր դերն է ունեցել Համշենի երաժշտությունն ավելի լայն լսարանների հասցնելու գործում։ Արևելահամշենցի ռեժիսոր Օզջան Ալփերի «Աշուն» մրցանակակիր ֆիլմը նույնպես պարունակում է տարածաշրջանի և համշենյան մշակույթի կարևոր տարրեր։
Համշենցիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ ամսագիր են հրատարակում համշեներենով։ GOR ամսագիրը մեծ նշանակություն ունի անհետացման վտանգի տակ գտնվող համշեներեն լեզուն սերունդներին փոխանցելու մեջ։ Պարբերականը, որը թուրքերեն նշանակում է «հավաքական աշխատանք», ներառում է նաև համշենյան մշակույթի ավանդական բանավոր ստեղծագործություններ։ Բացի ամսագրից, վերջին տարիներին համշեներենի հետ կապված մշակութային և գեղարվեստական գործունեությունը նույնպես վերելք է ապրում։ Քրիստոնյա համշենցիների հետ վերջին տարիներին հաստատված կապերը նույնպես իրենց ազդեցությունն են թողել համշենցիների նոր հետաքրքրության վրա՝ իրենց հին պատմության և խորը արմատավորված մշակույթի նկատմամբ:
Համշենցիները Հայաստանից, Սուխումից, Սոչիից, Կրասնոդարից և նույնիսկ Մոսկվայից գալիս են խաղողի այգիներ հիմնում, այստեղից էլ մարդիկ գնում են այլ վայրեր և կատարվում է մշակութային փոխանակում։ Համշենի «Վովա» երաժշտական խմբի համերգը Երևանում 2008 թ․ նման առաջին շփումներից էր։ Ավելի ուշ այս խումբը քրիստոնյա համշենցիների հրավերով համերգներ է տվել Մոսկվայում, Սոչիում և շատ այլ քաղաքներում։ Նման շփումները գնալով ավելանում են։ Աբխազիայից «Համշեն» ժողովրդական պարի խումբը գալիս և ելույթ է ունենում, և բաժանված հնագույն մշակույթները կրկին հանդիպում են իրար:
Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանում որպես «իսլամացած հայեր», Ռուսաստանի Դաշնության կողմից վերջերս որպես «առանձին ազգ» սահմանված համշենցիների ցանկությունն այսօր խաղաղ ապրելն է՝ իրենց լեզվով, մշակույթով և ինքնությամբ… Այնպես, ինչպես բոլորը, ինչպես բոլոր հնամենի ժողովուրդները…
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը