Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին տասնամյակներին Թուրքիայում արագացած ասիմիլացիոն գործընթացի համատեքստում ձուլման դեմ որոշակի պայքար են սկսել նաև Համշենի հայերը, հատկապես՝ նրանց՝ ձախակողմյան հայացքներ ունեցող, առաջադեմ ներկայացուցիչներն ու մտավորականները։ Ինչպես հայտնի է, հայոց լեզվի Համշեն բարբառը Թուրքիայում, UNESCO-ի տվյալների համաձայն, գտնվում է անհետացման վտանգի տակ եղող լեզուների շարքում։ Համշենական լեզվի և մշակույթի պահպանման նպատակով դեռևս 2011 թ․ Ստամբուլում հիմնվեց ՀԱՏԻԿ միությունը, իսկ 2014 թ․, դարձյալ Թուրքիայում, սկսեց հրատարակվել համշենական «Գոր» հանդեսը։ Այս աշխատանքներում անգնահատելի մեծ ներդրում ունի Թուրքիայի համշենահայ մտավորականներից Մահիր Օզքանը, որի՝ մայրենի լեզուն ու մշակույթը պահպանելուն միտված ջանքերը տեսանելի են նաև Մայր Հայաստանից։ Նրա բազմաթիվ հոդվածներ հաճախ են թարգմանվել ու հրապարակվել Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության պաշտոնական կայքէջում։ Ստորև Akunq.net/am-ը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է Մահիր Օզքանի հերթական ուշագրավ հոդվածը, որի շնորհիվ ակնհայտ է դառնում, որ Թուրքիայում ապրող համշենահայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ շարունակում են ինքնության պահպանմանն ուղղված պայքարը, նաև՝ նորանոր ուղիներ և միջոցներ որոնում՝ ձուլման թուրքական քաղաքականությանն ընդդիմանալու համար։
Մահիր Օզքան
Սինան Օզբեքը ասիմիլացիայի թեմային նվիրված իր հոդվածում նշում է, թե որևէ ժողովրդի ձուլված լինելը կարելի է ընդունել միայն այն ժամանակ, երբ տվյալ ժողովուրդը կորցրել է իրեն որպես ինքնուրույն ժողովուրդ սահմանող հետևյալ 3 առանձնահատկությունները՝ լեզուն, ավանդույթները և իրեն հատուկ իրավական համակարգը։ Այսօր համշենցիների մի մասը մեծավ մասամբ ուծացված է։ Այդ հանգամանքը լեզուն (նկատի ունի հայոց լեզվի Համշենի բարբառը-Ակունքի խմբ․) իմացողների դեպքում տարբեր մակարդակներով և ձևերով է ի հայտ գալիս, չիմացողների դեպքում էլ՝ այլ։ Չնայած որ լեզվի պահպանումը հանդես է գալիս որպես ապացույց՝ առ այն, թե ասիմիլացիան դեռևս վերջնականապես չի իրագործվել, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նոր սերնդի շրջանում ականատես ենք լեզվի արագ կորստի։ Մյուս կողմից հարկ է ընդգծել, որ լեզուն կորցրած համշենցիների խմբերում սկսել է կազմավորվել ավանդույթների և ինքնության հետ կապված և կորուսյալ լեզվից մնացած պատառիկները ժողովել, մինչև իսկ՝ ավելին սովորել ձգտող մի սերունդ։
Ինչու՞ է արագանում ասիմիլացիան
Նույն հոդվածում Սինան Օզբեքը ներկայացնում է Օտտո Բաուերի կողմից սահմանված «Ասիմիլացիայի օրենքները»։ Եթե համշենցիները դրությունը գնահատենք ըստ այդ օրենքների, կկարողանանք բացահայտել համշենցիներին սպառնացող ուծացման վտանգի չափերը, և թե ինչ կարելի է ձեռնարկել դրա դեմ։
1․ «Որքան սակավաթիվ է փոքրամասնությունը, այնքան դյուրին է ասիմիլացիան»։
Երբ նկատի ունենանք, թե որքան փոքր թիվ են կազմում համշենցիները (Թուրքիայի-Ակունքի խմբ․) ընդհանուր բնակչության համեմատ, ապա պարզ կդառնա, թե որքան մեծ է ասիմիլացիայի վտանգը։
2․ «Ասիմիլացիան ավելի դյուրին է դառնում, երբ փոքրամասնությունը մասնատվում է և հաստատվում մեծամասնության բնակության վայրերում։ Ասիմիլացիան բարդանում է, երբ փոքրամասնության անդամները կապվում են միմյանց հետ և հեռանում մեծամասնության բնակավայրերից։ Ասիմիլացիան անհնարին է դառնում, երբ փոքրամասնության բնակատեղին մեծամասնության բնակավայրից լիովին առանձին է լինում և լեզվի կղզյակ կազմավորում»։
Թեև նախքան 1980-ականներն էլ որոշակի բնակավայրեր համշենցիների տեղափոխում է եղել, այնուամենայնիվ, համշենցիների մեծ մասը միասնաբար ապրել է իր գյուղերում։ Այդ փաստը ասիմիլացիան դժվարացնող հանգամանք էր։ Սակայն 1980-ականներից հետո նկատվող արագ ուրբանիզացիան տեղիք տվեց նաև, որ համշենցի բնակչության մեծ մասը նույնպես ցրվի խոշոր քաղաքներում, իսկ մեծ քաղաքներ չտեղափոխված համշենցիներն սկսեցին հաստատվել իրենց բնակավայրերի քաղաքային կենտրոններում։ Այս վայրերում համշենցիներն սկսեցին ապրել լազերի հետ, և այս երկու ժողովուրդները մշակութային փոխազդեցության մեջ ընկան։ Լազերն ու համշենցիները թուրքացնում են միմյանց, քանի որ տվյալ բնակավայրի համատեղ լեզուն և մշակույթը թուրքականն է։ Լա՛վ, իսկ արդյոք հնարավո՞ր է, որ համշեներենը (հայոց լեզվի Համշենի բարբառը-Ակունքի խմբ․) «լեզվի կղզյակ» կազմավորի իր համար։ Այսօր դա շատ դժվարին է թվում։ Սակայն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Խոփան ու Քեմալփաշան, կարող է հնարավոր լինել լազերենի հետ մեկտեղ բազմալեզու մի տարածք կազմավորելը։ Բացի դրանից, թերևս այլընտրանքային վայր կարող է դառնալ սոցիալական մեդիան, որն ի վիճակի կլինի փոխարինել լեզվի՝ գյուղերում կորցրած տարածքին։ Իսկ այդ տարածքներում ասիմիլացիան ինքնաբերաբար կանգնեցնելն անհնարին է թվում։
3․ «Փոքրամասնության և մեծամասնության՝ ցեղային, մշակութային, կրոնական և լեզվական առումներով նմանությունը հեշտացնում է ասիմիլացիան»։
Այն, որ համշենցիները մեծամասնության (նկատի ունի՝ թուրք-Ակունքի խմբ․) կրոնն ու հավատք են դավանում, ձուլումը դյուրացնող ամենաէական տարրերից մեկն է։ Նրանց քրիստոնյա անցյալը հիշեցնող որոշ հուշեր, լեզվական և մշակութային վերապրուկներ չեն փոխում իրերի դրությունը։ Ներկա դրությամբ սուննի իսլամ կրոնը դավանելը մեծամասնության մեջ ընդունվելու և իրեն մեծամասնության մի մասնիկը համարելու ամենակարևոր սահմանումներից է։ Համշենցիները և մյուս սուննի փոքրամասնությունները հիմնականում թուրքացվում են կրոնի միջոցով։
4․ «Այն դեպքում, երբ տնտեսական, սոցիալական, քաղաքական և կրոնական պայքարները դյուրացնում են ասիմիլացիան, ազգային պայքարը բարդացնում է այն»։
Ազգային պահանջների համար մղվող պայքարի շրջանակից դուրս գտնվող պայքարների դեպքում մեծամասնություն կազմող ժողովրդի հետ անխուսափելի կերպով զարգացող հարաբերությունները բնականաբար պատճառ են դառնում, որ մարդկանց համար առաջնահերթ դառնան հենց այդ պայքարների պահանջները։ Իսկ դա տեղիք է տալիս, որ փոքրամասնություն կազմող ժողովուրդների ներկայացուցիչները ժամանակի ընթացքում անհետանան և ասիմիլացվեն մեծամասնության մեջ։ Սակայն նկատում ենք, որ համշենցիների ինքնության պահպանման համար պայքարող մարդկանց էական հատվածը ձախակողմյան քաղաքական ավանդույթներ կրող անձինք են։ Որքան էլ դա հակասական թվա, իրականում այդ հանգամանքը տրամաբանական մեկնաբանություն ունի։ Սխալ չի լինի, եթե շեշտենք, թե այն փաստը, որ քրդական շարժումը ազգային հարցը բերել է երկրի և ձախակողմյան հոսանքների օրակարգ, ապահովել է, որ այլ ժողովուրդներից սերող ձախերն ու սոցիալիստները ևս մտածեն և դիրքորոշում հայտնեն իրենց ժողովուրդների խնդիրների վերաբերյալ։ Հետևաբար՝ ճիշտ է, որ տնտեսական, սոցիալական, քաղաքական և կրոնական պայքարի ոլորտներն արագացնում են ասիմիլացիան։ Սակայն միաժամանակ դա բացում է դրա դեմ պայքարի ոլորտներ։ Երբ ասիմիլացիայի վտանգի տակ գտնվող ժողովուրդներն այդ պայքարը մղում են իրենց լեզուների և մշակույթի ուղղությամբ, դա կարող է լիովին հակառակ ազդեցությունն ունենալ։ Որպես օրինակ կարելի է բերել հետևյալ փաստը․ Սևծովյան շրջանում ու Դերսիմում էկոլոգիայի համար մղվող պայքարը միևնույն ժամանակ լեզուների և մշակույթների կենսատարածքի պահպանման պայքարն է։ Ժողովուրդների լեզվից և մշակույթից կտրված, ամբողջովին մեծամասնության լեզվի և մշակույթի հիման վրա տարվող սոցիալական պայքարներն արագացնում են ձուլումը։ Սակայն եթե սոցիալական պայքարները մղվեն այն ձևով, որ փոքրամասնություն կազմող ժողովուրդները կարողանան դրանց մասնակցել իրենց ինքնությամբ, կարողանան ինքնաարտահայտվել, ապա նման պայքարները չեն ծառայի ասիմիլացիային։
5․ «Մի ազգ որքան որ ուժեղ լինի իր ազդեցությամբ, հարստությամբ, ուժով ու մշակույթով, այնքան իր կողմ կքաշի իր իսկ տարածքներում բնակվող փոքրամասնություններին։ Բացի այդ, նման ազգը զորեղ կլինի արտասահմանյան երկրներում որպես փոքրամասնություն ապրող իր ժողովրդի ներկայացուցիչների ձուլմանը դիմադրելու հարցում»։
Այդ տեսանկյունից համշենցիների առաջ կանգնած ամենամեծ խոչընդոտն այն փաստն է, որ իրենք կրոնական հակասության մեջ են ընկել լեզվական ու մշակութային զարգացման համար աղբյուր հանդիսանալու հնարավորություն ընձեռող իրենց պատմական արմատների հետ (նկատի ունի հայկականությունը-Ակունքի խմբ․) և դավանում են այն մեծամասնության կրոնը, որի հետ սկսել են ձուլվել։ Արմատների հետ ստեղծվելիք լեզվական և մշակութային կապը մեծ հնարավորություններ կստեղծի ասիմիլացիան կանգնեցնելու առումով։
Հոդվածում ասիմիլացիայի օրենքների մի քանի այլ հոդվածներ էլ են հիշատակվում, սակայն դրանց այստեղ չեմ անդրադառնա, քանի որ իմ հոդվածի ընդունված չափը կանցնի։ Կարծում եմ, որ հետաքրքրվողները կուսումնասիրեն դրանք ևս։
Հնարավո՞ր է արդյոք վերաձուլումը
Ձուլման գործընթացի մեջ գտնվող որևէ ժողովրդի շրջանում ի հայտ եկած դասակարգային տարբերություններին ենթարկվելով՝ երիտասարդ բուրժուազիայի դասակարգի ստեղծման դեպքում տվյալ ժողովրդի ասիմիլացված հատվածները վերստին վերադառնում են իրենց նախկին ազգային պատկանելիությանը և տեր կանգնում իրենց արմատներին։
Բաուերն այդ գործընթացը բացատրում է «վերաձուլում» հասկացության միջոցով։ Սինան Օզբեքն իր հոդվածում, Ռոհաթ Ալաքոմից ստացված տեղեկությունների վրա հիմնվելով, որպես օրինակ է մատնանշում Շվեդիայում բնակվող միջինանատոլիական քրդերին։ Վերջիններս այն դեպքում, երբ Շվեդիա նոր տեղափոխված ժամանակ մոռացած են եղել իրենց լեզուն և հիմնականում ձուլված եղել (թուրքերին-Ակունքի խմբ․), ապա հետագա տարիներին ձեռնարկել են իրենց մայրենին սովորելու գործը և իրենց երեխաներին քրդական անուններ տվել։ Որոշ առումով, Եվրոպայում քրդերը վերստին քուրդ են դարձել։
Բաուերի կարծիքով՝ վերաձուլման գործընթացը ազգային գրականությունը, ազգային մամուլը և ազգային քաղաքական շարժումները կազմավորող ազգային ընդունակություն է ենթադրում։
Ինչպես որ ցույց է տալիս նաև Թուրքիայում տեղի ունեցող գործընթացը, թեև քաղաքական ու տնտեսական պայմաններն արագացնում են ասիմիլացիան, բայցևայնպես, դրանք ի հայտ են բերում նաև դրան դեմ ընթացող դինամիկա, և տեղ-տեղ հնարավոր է լինում այդ գործընթացը հակառակ ուղղությամբ շրջել։
Լա՛վ, իսկ հնարավո՞ր է համշենցիների ասիմիլացիան կանգնեցնել և վերաձուլել նրանց ասիմիլացված հատվածները։
Այս հարցին բարդ է պատասխանելը։ Ինչպես երևում է, որ դրա պատասխանը կախված է նրանից, թե մեծամասամբ իրենց էներգիան էկոլոգիական, սոցիալական, դասակարգային պայքարների վրա ծախսող համշենցիներն այդ պայքարում իրենց որպես մեծամասնության անհա՞տ կհամարեն, թե՞ համշենցի։
Akunq.net/am