կարևոր
5458 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 17:55
Քաղաքական

Բունկեր են ուժեղացնում, ո՞ւր են փախնելու, երբ թշնամին մտավ Հայաստան․ գնդապետը՝ Փաշինյանին

Բունկեր են ուժեղացնում, ո՞ւր են փախնելու, երբ թշնամին մտավ Հայաստան․ գնդապետը՝ Փաշինյանին

Փաշինյանը թո՛ղ հիշի, թե իրեն ինչ ուժեղ բանակ դիմավորեց նոր տարվա օրը: Մենք ուժեղ բանակ ունենք, այլ հարց է, որ թուլացնում ենք քաղաքականությամբ․ MediaHub-ի հետ զրույցում ասում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, Տիգրան մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի ղեկավար Կորյուն Ղումաշյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ բանակի մասին արված այսօրվա հայտարարությանը, որով նա կասկածի տակ է դնում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածությունն ու հզորությունը։ 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, թե՝ «գիտեինք՝ ուժեղ բանակ ու հուսալի դաշնակիցներ ունենք, դրա համար չհամաձայնեցինք ԼՂ շրջանները տալուն»։ Փաշինյանն արեց անվտանգային տեսանկյունից մեկ այլ հակապետական հայտարարություն․ «Եթե ՀՀ-ն կարողանար իր անվտանգությունն ապահովել, չէինք նշի, որ ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»։ 

Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ թույլ բանակ ունենք, արդյո՞ք այդպիսով թշնամուն չի հրավիրում պատերազմի՝ հանձնելու պատրաստակամությամբ։ 

«Եթե ինքը կարծում է, որ իր ղեկավարության տակ գտնվող բանակը թույլ է, ուրեմն չի ճանաչում իր բանակը, կամ չի ուզում ճանաչի։ Անընդհատ խոսում է ոստիկանության զորքերի հզորացումից, ոստիկանների աշխատավարձերի բարձրացումից, բայց ոչ մի բարեփոխում ու ներդրում չի արվում բանակում։ Մի բան կասեմ. որքան էլ իրենց բունկերներն ուժեղ լինեն, տեղ չեն ունենալու գնալու։ Երբ թշնամին մտնի Հայաստան, ո՞ւր ունեն գնալու»,-ասում է Ղումաշյանը՝ չբացառելով նաեւ մոտալուտ պատերազմը։ 

«Պատերազմն անխուսափելի է»,-ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելը սպառնալիք կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի համար, հետեւաբար այն տեղի չի ունենա մեր երկրում, Ղումաշյանն ասաց, որ չի կարծում, թե զորավարժությունը կնշանակեր՝ բռունցք ցույց տալ Ադրբեջանին ու Թուրքիային եւ հեռանալ, ինչպես Փաշինյանն է ասում։ 

«Չեմ կարծում, թե Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություն անելը կնշանակեր՝ բռունցք ցույց տալ Ադրբեջանին եւ Թուրքիային, ինչպես որ ինքն է ասում։ Ադրբեջանn ամեն ինչից տեղյակ է, ու ինչպես Լուկաշենկոն է ասում՝ Ալիեւը իրենց ախպերն է։ Ինչ-որ իմաստով կասկածելի է, թե ինչու են ուզում զորավարժություններn այս տարի Հայաստանում անեն։ Քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է, ես չգիտեմ, թե ինչ կլինի Հայաստանի եւ Արցախի հետ»,-նշեց նա։