կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 14:37
Քաղաքական

Փաշինյանը դարձյալ կմտնի բունկեր ու կշարունակի հողեր տալ, ի՞նչ եք անելու. Դ. Վանյան

Փաշինյանը դարձյալ կմտնի բունկեր ու կշարունակի հողեր տալ, ի՞նչ եք անելու. Դ. Վանյան

Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է. 

«26 տարի առաջ Ադրբեջանն էր պարտվել, համաձայնագիր ստորագրել, սակայն ներքուստ իրեն պարտված չհամարեց, այլ պատրաստվեց, բացարձակ հայատյաց սերունդ դաստիարակեց, հարմար պահ ու Հայաստանում՝ հարմար գործընկեր իշխանություն փնտրեց, ընտրեց, նույնիսկ՝ հասունացրեց, և, աշխարհի սթափ աչքերի առջև հայտարարված պատերազմ սկսեց ու իսլամիստների, թուրքերի մասնակցությամբ, սառնասրտորեն, դաժանաբար հաղթեց։

Հիմա, մեր պարտվելու հերթն էր, որովհետև, քսանվեց տարի կենաց խմելով, Երկիրը ներսից՝ որդի պես կրծելով, ինքնահավան, ինքնավստահ, բացառիկության բարդույթով տառապելով՝ հեղափոխությամբ իշխանության բերեցինք վերոհիշյալ հատկանիշների մարմնացում մեկին, ով էլ արեց այն, ինչի համար որ եկել էր․․․
Եվ ստորագրեց։
Ամբողջ պատերազմը նման էր մի դաժան ներկայացման, որտեղ "հաղթելու ենք" կանչելով, ամեն երեկո Արծրուն Հովհաննիսյանին ծափահարելով՝ պարտվում էինք։
Որտեղ հայտնի էր, որ գերտերությունները այս պատերազմի մասին տեղեկացված էին և նախօրոք տեղեկացնում էին իրենց քաղաքացիներին։
Որտեղ, պարզվում է, կարելի էր ավելի վաղ ստորագրել, ավելի նպաստավոր պայմաններով և զոհերով։
Որտեղ կարելի է խայտառակ փաստաթուղթ ստորագրել ու շարունակել վայելել իշխանությունն ու իշխանավորի կյանքը։
Մենք, Արցախյան առաջին Ազատամարտում Շուշի ի սկզբանե չունեինք, բայց կռվեցինք ու նվաճեցինք այն։ Իսկ այսօր այն տալով, անմիջապես պարտվեցինք, որովհետև այսօրվա իշխանությունը պարտվելու ռազմավարություն էր վարում, և որովհետև ռուսական կայազորը անմիջապես տեղակայվեց Արցախում։
 
Ռուսաստանը, բարդ ռազմաքաղաքական այս փասիանսում միայն մեկ փոքրիկ հնարավորություն ուներ այստեղ ամրապնդվելու, և այն իրականացրեց։ Անգամ ռուսական ուղղաթիռի՝ թուրքերի կողմից զարկվելը չկանգնեցրեց նրա այդ պլանները։ Հիմա մենք ունենք իրենք իրենցից գոհ, հաղթանակած Ադրբեջան, հաղթանակած Թուրքիա և հաղթանակած Ռուսաստան, և այդ բոլորի հաղթանակները՝ շնորհիվ Հայաստանի պարտության, սուվերենության մասնակի և Արցախի տարածքային ամբողջականության կորստի։
 
Նիկոլ Փաշինյանը կես տարի ժամանակ է խնդրում, որովհետև դեռ անելիք ունի, դեռ պիտի հայտարարությունը համաձայնագիր դառնա՝ պարտության համաձայնագիր։
 
Բայց մենք ի՞նչ վիճակում ենք։ Հոգեպես պարտված ենք ու ջախջախված։ Մեր աչքերի առջև ամեն օր հայկական գյուղեր են դատարկվում, այն էլ թուրք զինվորների ուղեկցությամբ ու նրանց ծաղրող հայացքների առջև։ Ավելի քան հազար եկեղեցի ու մշակութային արժեք մնում են բարբարոսների հայեցողությանը, իսկ մենք այնպիսի մի իշխանություն չունենք, որպեսզի կարողանար այդ մարդկանց արժանապատվությունը պաշտպանել, դուրս գալ, բացատրել, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչն են տվել, ի՞նչը՝ ոչ, քանի՞ անհայտ կորած ու գերի ունենք, քանի զոհ։ Կարծես զուգահեռ աշխարհում լինի այս ամենը։ Կարծես Հայաստանցի Հայը կորցրել է իր Երկրի նկատմամբ պատասխանատվության զգացումը և սպասում է, որ մի օր էլ իրեն կհանեն իր տանից։ Եւ նրա ճակատագիրը այժմ տնօրինում են Մոսկվան ու Անկարան։ Խայտառակություն է սա։ Խայտառակություն է, երբ մեր տարածքում ինքնաթիռ են խփում, իսկ մենք անգամ չենք պատասխանում, համարելով, որ Ռուսաստանը պիտի պատասխանի։ Մենք, ներքուստ, զիջել ենք մեր սուվերենությունը Ռուսաստանին, Ֆրանսիային, ում ասես, փոխանակ վայր ընկած վիճակից ելնելու ու գործելու։
 
Եւ այս ամենի մեղավորը օրվա իշխանությունն է, ով երկուս ու կես տարի արավ ամեն ինչ, որպեսզի հայի մեջ սպանի Հային։
Մենք մի զազրելի դավադրության մասնակիցը եղանք, լավագույն զավակներին զոհեցինք ու մտանք Սասունցի Դավիթի համար փորված այն դարավոր հորը, որտեղ սպասում ենք թշնամու երկրորդ զարկին։
 
Հիմա էլ Նիկոլը որպես զոհ է ներկայանում, մի "անմեղ մատաղացու", և հարգելի ու պաշտելի մտավորականներ կան, որ ասում են՝ Նիկոլիս հետ գործ չունեք։ Խեղճ ու կրակ հայեր, որ կոչվում եք մտավորական։
 
Եւ հիմա նրանք, ովքեր լուսանկարներ տեղադրելով կանչում էին՝ Հաղթելու ենք, բողոքի դուրս եկածներին, ովքեր փորձում են փրկել մեր վիրավորված Երկրի արժանապատվությունը, մեղադրում են աթոռակռվի մեջ։ Ուրեմն, մի ողջ ժողովրդի փողոց հանած, մասերի բաժանած, դավադրաբար իշխանության եկած ու աթռոից կառչած Նիկոլը աթոռակռիվ չի տալի՞ս, իսկ ես, երբ ասում եմ՝ Հեռացիր, հրաժարական տու՞ր - տալի՞ս եմ։
 
Փաշինյանը դարձյալ կմտնի բունկեր ու կշարունակի հողեր տալ։ Ի՞նչ եք անելու։ Ռուսաստանը տաս օր տվեց Քարվաճառի ճանապարհի հարցը լուծելու համար։ Ի՞նչ արեցիք։
 
Պուտինը չորս անգամ հուշեց ճանաչել՝ Արցախը, որպեսզի՝ հնարավորության դեպքում մի բան կարողանա անել։ Ու՞ր է Ձեր Նիկոլը։ Մենք Երեսուն տարի պայքարել ենք Արցախի անկախության համար։ Ինչու՞ չեք ճանաչում։ Ինչու՞ պիտի Ֆրանսիացին ճանաչի, իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ։ Առնվազն՝ բացատրեք, հասկանանք»: