կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 15:48
Հասարակություն

«Եթե թշնամին մտավ Երասխ՝ Սուրենավան էլ է գալու»․ սուրենավանցիները նույնպես մտավախություններ ունեն

«Եթե թշնամին մտավ Երասխ՝ Սուրենավան էլ է գալու»․ սուրենավանցիները նույնպես մտավախություններ ունեն

Սուրենավանը Երասխից մի քանի կիլոմետր է հեռու։ Սուրենավանցիներն էլ մտավախություն ունեն՝ եթե թշնամին մտավ Երասխ՝ իրենց մոտ էլ է գալու։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը՝ մինչեւ ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Երասխի դիրքերում գիշերը մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով թշնամու արձակած կրակոցից վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Սուրենավանցի Արայիկը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ հարեւան գյուղում կատարվող իրադարձություններից լավատեղյակ են, ասում է՝ վիճակը լավ չէ։ «Մարտական գործողություններ են գնում, գյուղապետը վիրավորվել է։ Տեղյակ ենք, լավ չի վիճակը, ի՞նչ կարող ենք ասել։ Մտավախություն բոլորիս մեջ էլ կա՝ եթե Երասխը վերցրին, մեզ էլ են գալու՝ հասնեն, կապ չունի, թե քանի կիլոմետր է հեռու»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ նման բան չի լինի։

Հարցին՝ ո՞վ է կանխելու թշնամու ներխուժումը Երասխ, երբ արդեն տեւական ժամանակ է՝ ադրբեջանական բանակը զավթել է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի դիրքերը, իսկ ՀՀ իշխանություններն անզոր են դուրս վռնդել թշնամուն, պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ ով կկանխի։ Եթե կանխող լինի՝ երկրի ղեկավարը պիտի կանխի, պաշտպանության նախարարը։ Պիտի որ կարողանան։ Եթե ժողովուրդը պանիկայի մեջ ընկավ լավ չի լինի։ Գյուղացուն պիտի զենք բաժանեն, որ թշնամուն դիմակայեն, էլ ճար չի մնում»։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում երասխեցի Անդրանիկ Սինանյանն ասաց՝ նախկինում Երասխի վրա չեն կրակել։ Թեժ կռիվների ժամանակ անգամ այստեղ կրակոց չի եղել։ Հիմա ադրբեջանցիներն ասում են՝ «քարտեզով մի քանի պոստ կա, մերն ա, հրամայել են էդ պոստերը վերցնել»։

Լիանա Սարգսյան