կարևոր
4561 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-30 15:47
Քաղաքական

Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների ողորմելի անկարողության ու թուլամորթության մասին. Արտակ Զաքարյան

Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների ողորմելի անկարողության ու թուլամորթության մասին. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենիքի ռազմավարական տարածքները թշնամուն հանձնած, տարածքային ամբողջականությունը խաթարած, ժողովրդի թիկունքում կեղտոտ խաղեր խաղացող և ստորացուցիչ քաղաքականություն վարող կառավարությունը որոշել է, որ այսուհետ ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ:

Սովորաբար քաղաքական ուժերի համար սա բարոյական նորմ է, սրբազան կանոն: Նորմալ երկրներում նման օրենսդրության կարիք չկա, որովհետև այնտեղ հայրենիքը հանձնելուց հետո, լկտիաբար չեն ասում « ...Շուշին դժգույն քաղաք էր, կամ ձնապատ սար, կամ Սև լճի 30%-ի համար հո չէի՞նք կռվելու և այլն»: Իսկ սրանց անբարո իշխանությունն այնքան է կասկածում ինքն իր վրա, որ նման որոշում է կայացնում:

Դե եթե այդպես է, ուրեմն առավել քան տեղին է օրենքով սահմանել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար նախատեսվում է 15-18 տարի ազատազրկում: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար` 10-12 տարի ազատազրկում: Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար` 5-8 տարի ազատազրկում: Ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքը ձախողելու, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչներին զրպարտելու, հասարակությունը պառակտելու, պետական բյուջեի միջոցները անարդյունավետ ծրագրերով մսխելու և այլ վնասարարությունների համար` նախատեսել 6-8 տարի ազատազրկում:

Կապիտուլյանտ իշխանության պարագայում այս ցանկը կարելի է շարունակել: Իրավաբանները սրանց գործողությունները բնութագրող ավելի շատ հանցակազմեր կարող են թվարկել:

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անքննելի և անսակարկելի արժեքներ են, անկախ այն բանից` սանկցիա կա՞, թե՞ ոչ: 2018թ. թավշյա իշխանազավթումից հետո Հայաստանը զգալիորեն կորցրեց իր ինքնիշխան քաղաքականությունը` ընկնելով իշխանափոխության օտարերկրյա տերերի ազդեցության տակ: Արդյունքում` պատերազմ, կորուստներ, անվտանգության զրոյական մակարդակ, սուբյեկտայնության անկում և այլ քաղաքական ձախողումներ:

Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների ողորմելի անկարողության ու թուլամորթության մասին: Նրանք դրսում ոչ մի կողմի չեն կարողանում «ո´չ» ասել, դրա համար էլ ցանկանում են օրենք ընդունել, որպեսզի թաքնվեն այդ իրավական նորմի հետևում»: