կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 15:56
Առանց Կատեգորիա

Կառավարության թիմը շատ թույլ է, երկրորդ` եղած թիմն այս կամ այն ձևով կապված է ԿԲ-ի հետ, տարբեր շահեր ունեն. ԿԲ-ին զսպելու «անկարողության» մասին

Կառավարության թիմը շատ թույլ է, երկրորդ` եղած թիմն այս կամ այն ձևով կապված է ԿԲ-ի հետ, տարբեր շահեր ունեն. ԿԲ-ին զսպելու «անկարողության» մասին

ՀՀ ԿԲ մասին օրենքի համաձայն` ԿԲ հիմնական նպատակը գների և ֆինանսական կայունությունն է, և ըստ այդմ` մշակվում ու իրականացվում է առանձին դրամավարկային քաղաքականություն:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ տարիներ շարունակ ԿԲ դրամավարկային քաղաքականությունն ագրեսիվ է եղել և հասել է իր նպատակին, քանի որ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ներկայացուցիչները բավականին թույլ են եղել և ԿԲ-կառավարություն պայքարում մշտապես պարտություն կրել:

«Իսկ ԿԲ թիմը միշտ մնացել է նույնը, և շատ հաճախ ԿԲ խորհրդի նոր անդամները հենց ԿԲ-ից են եղել: Այսինքն` հիմնականում ներքին կադրերով է համալրված եղել, և նրանք տարել են իրենց դրամավարկային քաղաքականության կուրսը: Մինչդեռ կառավարության տնտեսական բլոկն անընդհատ փոխվել է. ամեն վարչապետի հետ նոր տնտեսական բլոկ է ձևավորվել: Երբ Տիգրան Սարգսյանը եկավ կառավարություն, իր հետ բերեց ԿԲ մի շարք ներկայացուցիչների, որոնք սկսեցին Կենտրոնական բանկը լոբբինգ անել նաև կառավարությունում, ինչը թուլացրեց կառավարության դիրքերը:

 

Մեր հիմնական խնդիրը, որ ունենք, դա ԿԲ-կառավարություն քաղաքականության ներդաշնակեցումն է: Օրինակ, 2020-ին պետական բյուջեով նախատեսված է 4.5 տոկոս գնաճ, այն դեպքում, երբ ԿԲ-ի վերջին վերլուծության շրջանակում խոսվում է 1.9 տոկոս գնաճի մասին, ինչն ուղիղ հարվածի տակ է դնում կառավարության հարկաբյուջետային ցուցանիշները:

Պետական բյուջեով նախատեսված գնաճը նպատակ ունի խրախուսել տնտեսական ակտիվությունը, բայց ԿԲ-ին դա չի հետաքրքրում, նա սահմանում է 1.9 տոկոս գնաճ: Սրա արդյունքում փոխվում են նաև տնտեսական ցուցանիշները, օրինակ՝ ԿԲ կանխատեսումներով, ունենալու ենք ընդամենը 0.7 տոկոս տնտեսական աճ, երբ կառավարությունը պետական բյուջեի ծրագրով նախատեսել է 4.9 տոկոս, սա ևս ԿԲ-ին չի հետաքրքրում: Եվ մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում ԿԲ-ը կարողացել և կարողանում է իր նախատեսած օրենսդրական նախագծերն առաջ տանել` մտնելով անգամ առանձին համակարգերի մեջ, որոնք իրեն չեն վերաբերում:

Ասվածի վառ օրինակը կենսաթոշակային կուտակային համակարգն է, որը մշակեց և լոբբինգ արեց ԿԲ-ն ու ընդունեց այն իր մարդկանցով: Նպատակն այն էր, որ ստեղծվեն երկարաժամկետ փողեր տնտեսության, այս դեպքում` ֆինանսական համակարգի համար, և ԿԲ-ն հասավ դրան: Հիմա ֆինանսատնտեսական ճգնաժամ է, և պարտադիր կուտակային գումարները նվազել են, բայց ԿԲ-ն սրա համար որևէ պատասխանատվություն չի կրում»,- մանրամասնեց Պարսյանը:

Մյուս խնդիրը, ըստ տնտեսագետի, այն է, որ ԿԲ-ն տարիներ շարունակ աչք է փակում վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների, միջնորդավճարների և սպասարկման վճարների վրա: Սրա լավագույն ապացույցը «Վարկսն» է, որի դեպքում տարեկան տոկոսային գումարը հասնում էր մինչև 180 տոկոս, ինչից ԿԲ-ն շատ լավ տեղյակ էր, բայց ոչ մի քայլ չէր անում:

Սուրեն Պարսյանը շարունակեց` «Վարկս-ից» բացի, բարձր տոկոսադրույքներ պահանջող այլ  վարկային կազմակերպություններ հիմա էլ կան` «Մոգո», «Ֆասթ կրեդիտ» և այլն, և դարձյալ ԿԲ-ն որևէ սահմանափակում չի դնում:

«Մեր հասարակությունը խոսում է, որ պետք է նման կազմակերպություններից ազատվել, ոչ թե նրանցից պիտի ազատվել կամ փոխել, այլ առաջին հերթին՝ պետք է ԿԲ-ն փոխել և նրա դրամավարկային քաղաքականությունը, որը նպաստում է վաշխառությանը»,- ընդգծեց տնտեսագետը:

Մեր զրուցակիցը շեշտեց` ԿԲ պետք է գան դրսից, սակայն, ցավոք, ներկա իշխանությունները գնում են նախկին իշխանության ճանապարհով. ներսից կադրեր է բերում ԿԲ խորհուրդ, ինչի արդյունքում քաղաքականությունը ԿԲ-ի շարունակվում է նույն ձևով:

«Դարձել են պետություն՝ պետության մեջ. աշխատավարձային, ռեսուրսային, բյուջետային քաղաքականությամբ: Ինքնուրույն են և որևիցե ձևով չեն համագործակցում, ներդաշնակեցվում կառավարության քաղաքականության  հետ: ԿԲ-ն սովոր չէ համաձայնեցնել իր քաղաքականությունը, նա ուժի դիրքերից ճնշում է և իր ուզածն առաջ տանում. անցած տարի ԿԲ ճնշման տակ ընդունվեց արտարժութային կետերի համար տուրքերի բարձրացման օրենքը` 60 անգամ, այնուհետև նվազեցվեց 30 անգամի, բայց հետագայում բարձրացվելու է: Սա ԿԲ-ի լոբբինգի արդյունք է, սա է մեր հիմնական խնդիրը: Կառավարությունը պիտի ունենա ուժեղ տնտեսական թիմ, որ կարողանա իր քաղաքականությունն առաջ տանել և ներդաշնակեցնել ԿԲ-ի հետ: Բայց սրա համար նաև ԿԲ-ում պիտի որոշակի փոփոխություններ արվեն. խորհրդի կազմում պետք է նոր արյուն, դրսից մարդ ներառել, ոչ թե հին կադրերով փորձել իրավիճակն ավելի խորացնել: Այս պարագայում ԿԲ-ում չենք կարող որևէ բարեփոխում իրականացնել»,- ընդգծեց տնտեսագետը:

Հակադարձմանը, թե մի՞թե միայն թիմի խնդիրն է, որ ԿԲ-ի ճնշման պարագայում զսպման մեխանիզմ կառավարությունը չի փորձում մշակել և կիրառել, Սուրեն Պարսյանը կրկնեց` մրցակցող ուժեղ թիմ պիտի ունենա կառավարությունը, որն այսօր բավականին թույլ է, միաժամանակ տնտեսագետն ընդունեց նաև, որ եղած թիմն այս կամ այն ձևով կապված է ԿԲ-ի հետ, տարբեր շահեր ունեն:

«Երկրորդ` բանկային համակարգի ներկայացուցիչ կա նույն կառավարության կազմում, որն իրենց լոբբինգն իրականացնում է»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը: