կարևոր
3874 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 11:36
Իրավական

Ցանկանում եմ տալ մեկնաբանություններ և պարզաբանումներ որոշ անհասկանալի և իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ․ Սուրեն Մանուկյան

Ցանկանում եմ տալ մեկնաբանություններ և պարզաբանումներ որոշ անհասկանալի և իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ․ Սուրեն Մանուկյան

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ, տեղյակ եք, որ ինձ ներկայացված է մեղադրանք` խմբի կազմում մարդ առևանգելու և շորթում կատարելու կասկածանքով, որոնք իրենցից ներկայացնում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Դրանով պայմանավորված՝ քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանք, այն արդեն երկարացվել է երրորդ անգամ և մինչև 2023թ-ի փետրվարի 11-ը ես պետք է մնամ կալանքի տակ: Քանի որ շատ շատերի համար անհասկանալի է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, իմ անձով հետաքրքրված քաղաքացիների և հանրության շրջանակի համար ցանկանում եմ տալ մեկնաբանություններ և պարզաբանումներ որոշ անհասկանալի և իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ:

Նախ ցանկանում եմ հիշեցնել, որ դեռևս 7 (յոթ) ամիս առաջ ոստիկանության դիմակավորված մի խումբ ծառայողներ ներխուժեցին իմ բնակության վայր և կատարեցին խուզարկություն, իսկ խուզարկություն կատարելու համար հիմք էր հանդիսացել  Արմավիր քաղաքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործը, թե իբր մեկ տարի առաջ ընտրություններին ընտրակաշառք են բաժանել: Նշեմ, որ ես այդ մարդկանց, ովքեր տվյալ գործով ներգրավված են եղել որպես մեղադրյալ, չեմ էլ ճանաչում, բայց խուզարկության նպատակը և հիմքը այն էր, թե իբր ես էլ առնչություն և դերակատարություն ունեի այդ գործում: Իհարկե, մինչև այսօր էլ չիմացա, թե ես ինչպես կարող էի առնչություն ունենալ մի գործում, երբ մեղադրյալների հետ ոչ մի կապ չեմ ունեցել, բայց ըստ իրավապահների՝ խուզարկությամբ փնտրում էին ինչ-որ փաստաթղթեր։ Սա ևս մեկ ապացույց էր այն բանի, որ իրավապահներն ընդամենը հանձնարարություն ունեին ինչ-որ գործի շրջանակներում ինձ տալ մեղադրյալի կարգավիճակ։

Բացի այդ, մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն՝ ոստիկանության Իջևանի բաժնի ինչ-որ աշխատակից կեղծ ցուցմունք է տվել այն մասին, որ իբր տեսել է, թե ինչպես են տարբեր դիրքերում և միմյանցից հեռու գտնվող ինը ցուցարարներ շշեր և քարեր  նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանի այդ ցուցմունքի հիման վրա էլ այդ ցուցարարները ավելի ուշ կալանավորվել էին:  Դրանից որոշ ժամանակ անց ինձ հայտնի դարձավ, թե իբր ես սպառնացել եմ այդ ոստիկանին՝  ասելով, որ կվերացնեմ ծնողներիդ, եթե դու չփոխես քո կողմից տրված կեղծ ցուցմունքը: Այս ամենը, իհարկե,  ինձ հայտնի է դարձել ավելի ուշ, երբ որ ինձ նույնպես հարցաքննել են տվյալ քրեական գործի շրջանակներում: Այս փաստերը  նշում եմ նրա համար,  որպեսզի բոլորիս համար պարզ դառնա, որ հնարավոր էր ես կալանավորվեի նաև այս գործերով:

Հիմա անցնենք այն գործին, որի համար մինչ այս պահը ես գտնվում եմ կալանքի տակ։ Առաջ անցնելով պետք է նշեմ, որ մինչ այս պահը ինձ չի ներկայացվել և ես չեմ տեսել գոնե մեկ խելամիտ ապացույց այն մասին, որի հիման վրա ես կարող եմ կասկածվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հանցանքներում:

Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Մխիթար Աբդոյանի կողմից տրված ծանուցագրի համաձայն, ծանուցագրում նշված օրը և ժամին, ես, 2022թ-ի օգոստոսի 11-ին իմ ընկերների հետ Իջևան քաղաքից ուղևորվում էի քաղաք Երևան և պատրաստվում էի ներկայանալ քննիչ Մխիթար Աբդոյանի աշխատասենյակ՝ ցույցերի ընթացքում ստացած կոտրվածքներով պայմանավորված որպես տուժող հարցաքննվելու համար: Քննչական կոմիտեի շենք չհասած՝ Երևան քաղաքի մատույցներում, ոստիկանության դիմակավորված մի խումբ աշխատակիցներ ինձ և ընկերներիս ձերբակալում են, պառկեցնում գետնին, և մի շարք օպերատորների ներկայությամբ մեզ ներկայացնում են քննչական կոմիտեի շենք: Հետագայում այս ամենը մատուցում են հասարակությանը, թե իբր ես ինչ-որ անձ առևանգելու և շորթում կատարելու դեպքի հետ կապված պատրաստվել եմ փախուստի, իսկ իրենք, օպերատիվ ճանապարհով պարզել են դա և այդ ձերբակալությամբ կանխել են իմ փախուստը:

Նախ պետք է հիշեցնեմ, որ իբրև առևանգված անձ՝ Գրիշա Քոքոբելյանը հայտնաբերվել է 2022թ-ի օգոստոսի 2-ին, իսկ ինձ ձերբակալել են հայտնաբերվելուց 9 (ինը) օր հետո։ Մինչ այդ, 2022թ-ի օգոստոսի 5-ին ես պատրաստվել եմ դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից և մեկնել ՌԴ : Այսպիսով, օգոստոսի 5-ին ինձ թույլ չի տրվում մեկնել Հայաստանից, Զվարթնոց օդանավակայանից ինձ արգելանքի են վերցնում և ներկայացնում ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո ազատ են արձակում և հայտնում, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում պետք է ներկայանամ քննչական կոմիտե:  Օգոստոսի 8-ին՝ քննիչի կողմից նշված օրը, ներկայացել եմ քննչական կոմիտե, որտեղ քննիչը ինձ տվել է ծանուցում օգոստոսի 11-ին ներկայանալու համար: Ինչպես արդեն հասկացաք, դա այն նույն օրն էր, երբ ինձ քննչական կոմիտե ժամանելու ճանապարհին կանգնացնում են և ձերբակալում։ Ավելին քան ակնհայտ է, որ եթե ես որևէ հանցավոր արարք կատարած լինեի, որի համար ենթադրաբար պետք է ձերբակալվեի կամ կալանավորվեի, իսկ դրանով պայմանավորված էլ փախչելու մտադրություն ունենայի, ապա օգոստոսի 5-ին կանեի, կամ  օգոստոսի 8-ին և 11-ին ինքնակամ չէի ներկայանա քննչական կոմիտե։

Ինչպես արդեն կարելի է պատկերացնել, առևանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջին անգամ իմ նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու դատական նիստի ժամանակ որոշում կայացվեց ինձ կալանավորելու մասին այն հիմքով, թե իբր ես բերման եմ ենթարկվել փախուստի դիմելիս և անհրաժեշտ է ինձ կալանավորել, որպեսզի հետագայում ևս չփախչեմ և խոչընդոտ չհանդիսանամ քրեական գործի ընթացքի համար։ Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քննիչը, վերջին դատական նիստին, որի ժամանակ քննարկվում էր կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, քննիչը որպես հիմնավորումներ, ներկայացնում է այն հանգամանքը, որ երբ ես օգոստոսի 11-ին ուղևորվելիս եմ եղել քննչական կոմիտեի շենք, միտումնավոր ինձ հետ չեմ վերցրել իմ բջջային հեռախոսը, որպեսզի դրանով հնարավորություն չտամ քննիչին այն վերցնելու և ուսումնասիրելու: Սրանով պայմանավորված՝ քննիչը ևս երկու ամիս ժամանակ էր հայցում դատարանից կալանքը երկարացնելու համար, որպեսզի հնարավորություն ունենան հեռախոսս գտնելու և ուսումնասիրելու համար։ Ինչպես նկատեցիք, դրանով իսկ քննիչն անձամբ հիմնավորեց և ապացուցեց, որ իրենք լավ էլ տեղյակ են եղել, որ օգոստոսի 11-ին ես ուղևորվելիս եմ եղել ոչ թե այլ տեղ, այլ հենց քննչական կոմիտե և որևէ փախուստի նպատակ չեմ ունեցել: Փաստորեն ստացվում է այնպես, որ ինձ ձերբակալել են իմ հնարավոր փախուստը կանխելու հիմքով, մինչդեռ պարզվում է, որ իրենք տեղյակ են եղել, որ ես փախչելու մտադրություն չեմ ունեցել, քանի որ պատրաստվել եմ ներկայանալ քննչական կոմիտե: Դրանով իսկ քննիչը անձամբ հիմնավորեց, որ իրենց կողմից իմ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ:  Բացի այդ, տեղեկացել եմ նաև, որ քրեական գործ է հարուցվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր  քննչական կոմիտեի ճանապարհին ինձ և իմ ընկերներին կանգնացրել էին, պառկեցրել գետնին և մի քանի օպերատորների ուղեկցությամբ տեղափոխել քննչական կոմիտեի շենք: Սա նույնպես ապացույց է այն բանի, որ իրավապահները հասկացել են, որ իրենք գործել են ոչ իրավաչափ, իսկ հիմա իբր թե փորձ է կատարվում այդ ոստիկանների ինքնությունը պարզելու և այդ մասով քննություն կատարելու համար:

Իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի դատական նիստերից ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ նախաքննական մարմինը ավելի շատ ցանկանում է ապացուցել, որ այդ մարդուն իսկապես առևանգել են, քան այն, որ ես որևիցէ կերպով  առնչություն ունեմ այդ մարդու առևանգման հետ։ Այս առումով նախ պետք է նշեմ, որ առևանգված անձ Գրիշա Քոքոբելյանը, չորս ամսվա ընթացքում, որքան ինձ հայտնի է, տվել է թվով երեք ցուցմունքներ, որոնցից երեք անգամն էլ հայտնել է իրարամերժ տվյալներ՝ երբեմն նաև լրացումներ կատարելով իր որդի Վաչիկ Քոքոբելյանի կողմից տված ցուցմունքներին: Վերջինս էլ իր ցուցմունքով նշել է, թե իբր իր հայրը առանձնազրույցների ժամանակ իր հետ անկեղծացել է և նոր հանգամանքներ է հիշել:
Ինչևէ, ժամանակը ցույց կտա՝ այս ցուցմունքները կլինեն վերջնակա՞ն, թե՞ նոր ցուցմունքների ականատես կլինենք, և քանի որ համոզված չեմ, որ այդ ցուցմունքները վերջնական են, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ այդ ցուցմունքներին, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ դատարանում ես նշել եմ մի հանգամանք, բացահայտել եմ մինչ այժմ ստացված ցուցմունքերի իրարամերժ լինելը, իսկ հաջորդ դատական նիստին ականատես եմ եղել նոր ցուցմունքի, որը, այսպես ասած շտկել է նախկին ցուցմունքերով արձանագրված թերությունները և բացթողումները:

Վերջին դատական նիստին քննիչի կողմից ներկայացվեց մի նոր ցուցմունք, որը հիմնովին տարբերվում էր նախորդ ցուցմունքից և այլ բովանդակությամբ էր: Այնպիսի տպավորություն է, որ այդ ցուցմունքները ոչ թե գրված է իբր տուժող Գրիշա Քոքոբելյանի կողմից, այլ ինչ-որ մեկ այլ անձի կողմից։ Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ Խաչատուր Քոքոբելյանը մոլորվել է, որը բնական է, քանի որ իր միակ տեղեկությունը ստանում է ուժային կառույցների կողմից, թե իբր իր հորը առևանգած մարդկանց հայտնաբերել են: Սակայն հիմա վստահ եմ, որ նա իր դերակատարումն ունի այս կեղտոտ խաղի մեջ։ Երբեք չեմ  պատկերացրել, որ մարդը կարող է այնքան սրիկա լինել, որ իր հորը փորձի գործիք սարքել իր շահերի համար: Այսպես, պարզվում է, որ Խաչատուր Քոքոբելյանը քննիչին էր ներկայացրել սքրինշոթ նկարների տեսքով նամակներ, որտեղ նշված է, թե իբր իր հոր առևանգողները գրել են,《եթե գումարը չտաս հորդ սպանելու ենք, իսկ Խաչատուր Քոքոբելյանն այդ հարցին պատասխանում է՝ «Բայ, բայ,ինչ ուզում եք արեք»։

Այս ամենը կարդալուց հետո միայն ես  հասկացա, թե ում հետ ես գործ ունեմ։ Նույն Խաչատուր Քոքոբելյանը ամենօրյա ռեժիմով զանգեր է կատարում տարբեր կալանավայրերի պետերին, որպեսզի դրանով փորձի խնդիրներ ստեղծել ինձ համար, կամ կալանավորված մարդկանց միջոցով այս գործի հետ կապված իմ դեմ ցուցմունքներ ստանա։  Երբ գա ժամանակը և ես արդարացվեմ,  այդ ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը վստահաբար կկանգնի իմ առջև կպատասխանի իմ կողմից տված հարցերին։ Կրկնում եմ, այս շինծու քրեական գործում չկա գեթ մեկ ապացույց, որը կարող է կասկած հարուցել այն մասին, որ հնարավոր է իմ մասնակցությունը այս գործում։

Անկախ ամեն ինչից շնորհակալ եմ ինձ քննող քննիչից և կալանավորման որոշում կայացնող  դատավորներից, քանի որ  իմ կարծիքով ակնհայտ ցույց են տալիս, որ ինձ ազատություն տալով վտանգ կա, որ իրենք կհայտնվեն անազատության մեջ։ Այսքանից հետո, եթե ինձ նույնիսկ որևէ հոդվածով դատեն, ցանկանում եմ նշել, որ դա ինձ համար կարևոր չէ, քանի որ դրանք ինձ համար արտաքին և փոքր  վտանգներ են, մեծ վտանգներն իմ ներսում են և ես մտածում եմ միայն նրա մասին, թե ինչ է սպառնում իմ հոգուն։ Այս գործում իմ ոգին մաքուր է, խիղճս էլ՝ հանգիստ։

Հ․Գ․ Ես չեմ կարող զարմանալ ինձ առաջադրված մեղադրանքի համար, քանի որ ապրում եմ մի երկրում, որտեղ ոստիկանները կարող են Եռաբլուրից քարշ տալով շպրտել զոհվածների ծնողներին և այդքանից հետո վարչական ակտ կազմել զոհվածների ծնողների նկատմամբ, իսկ ոստիկանները մնան անպատիժ»։