կարևոր
6583 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-19 23:45
Քաղաքական

Իրարամերժ հայտարարություններ Լոնդոնից․ ի՞նչ է կատարվել կուլիսներում

Իրարամերժ հայտարարություններ Լոնդոնից․ ի՞նչ է կատարվել կուլիսներում

Եվրոպական քաղաքական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Փաշինյանի՝ Լոնդոն կատարած այցը որոշ վերլուծաբաններ Հայաստանի համար մահացու հրավեր են համարում։ Նույն Լոնդոնում նախատեսված, բայց՝ չկայացած, Փաշինյան-Ալիև հանդիպումը, միգուցե, այդ մահացու հրավերի տրամաբանության մեջ էր․ ամեն դեպքում, հուլիսի 18-ի օրվա առաջին կեսին, նախ՝ Ադրբեջանը հայտարարեց, թե Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ալիևի հետ ու դա համարեց խաղաղության բանակցություններից հրաժարում։ Շատ կարճ ժամանակ անց Հայաստանը հակառակը հայտարարեց, որ Ալիևն է հրաժարվել հանդիպումից, ոչ թե՝ Փաշինյանը։ Այս իրարամերժ ու հակասական հայտարարությունների հետևում, թե հնարավոր ինչ գործընթացներ են թաքնված Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյան հետ։

«Կարծում եմ, որ այդ հանդիպմամբ առաջինը շահագրգռված չէր Ադրբեջանը, ենթադրելի է, որ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ դեկլարատիվ փաստաթուղթ դարձյալ պետք է ընդունվեր, Բրյուսելի կամ, նույնիսկ, Միացյալ նահանգների կողմից նախաձեռնված»,-ասում է մեր զրուցակիցը։

Արա Պողոսյանը չի բացառում, որ խնդիրը հանդիպման օրակարգն է եղել․ «Ես հակված եմ Հայաստանի արտաքին գերատեսչության վարկածին հավատալ․․․ Ենթադրաբար Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» ու ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված հարցեր են առաջ քաշվել, կարծում եմ Հայաստանի ներկայացուցիչը չէր համաձայնվի՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը և ենթադրելի է, որ հենց սրանով պայմանավորված Ադրբեջանը բոյկոտել է»։

Քաղաքագետի համոզմամբ, եթե ՀՀ իշխանությունները համաձայնվեն բավարարել այդ 2 պահանջը, հատկապես Սահմանադրության փոփոխության մասով, հաջորդը՝ Հայաստանից գաղթած ադբեջանցիների վերադարձի պահանջն է լինելու։ Նրա խոսքով՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագրով» շահագրգռված է միայն Հայաստանը, իսկ բանակցային գործընթացում, ըստ մեր զրուցակցի, Հայաստանը սուբյեկտ չէ և բանակցությունները Հայաստանի շուրջ են տարվում։

Մեր դիտարկմանը, որ նաև կարծիքներ են շրջանառվում, թե հանդիպումը, ենթադրաբար, կայացել է և ևս մեկ հակահայկական փաստաթուղթ է ստորագրվել, Արա Պողոսյանը նկատեց, որ Սահմանադրության մասով ՀՀ իշխանությունները ցույց են տվել, որ դա իրենց համար կարմիր գիծ չէ․ «ՀՀ վարչապետը Հանրային ռադիոյի եթերում ուղղակի հայտարարել է, որ՝ եթե մեզ խանգարում է այսինչ բանը, (բերելով կարմիր շորի և կատաղած ցուլի հայտնի օրինակը), ուրեմն պետք է դրանից ազատվենք։ Դրանով, արդեն իսկ, մեսիջ է ուղարկել, որ պատրաստ է ցանկացած պահանջ կատարել․ հաջորդը՝ միջանցքն է, միջանցքի մասով Հայաստանի իշխանությունը զիջման պատրաստակամություն ցույց է տվել»,-ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ եթե նույնիսկ այս երկու խնդրում Հայաստանը գնա զիջման, նրա առջև նոր պահանջներ են դրվելու, և աստիճանաբար, փուլային տարբերակով, վատից գնալու ենք ավելի վատը։

Հերմինե Զեյնալյան