Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է այսօր Երևանում իրականացված օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում կազմակերպված հանցավոր խումբ բացահայտելու և վնասազերծելու մասին ավելի վաղ տարածված տեղեկատվությունը: Ըստ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության` 9 հոգուց կազմված խումբը, որն ստեղծել և ղեկավարել է արտասահմանում բնակվող ոմն Արթուր Վարդանյան, ապօրինաբար ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք և զինամթերք` նպատակ ունենալով Հայաստանում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Վաղ առավոտյան տարածված այս տեղեկատվությունը բավական լուրջ ռեզոնանս էր առաջացրել հանրապետությունում: Տեղեկատվությունը հրապարակվեց ոչ պաշտոնական աղբյուրների միջոցով, որում շեշտադրում էր կատարվում կանխակալ կարծիք ձևավորող և, ըստ էության, խուճապայնություն հարուցող երկու առանցքային հանգամանքի վրա: Նախ` որ վնասազերծված խմբի անդամները եղել են օտարերկրացիներ, երկրորդ` որ նրանք պլանավորել են Հայաստանում իրականացնել տեռորիստական ակտեր:
Պարզ է, որ նման մատուցման և դրանց արագ չհերքման պարագայում առաջին բնական ռեակցիան պետք է լիներ իրականացված հատուկ գործողությունը Մերձավոր Արևելքի երկրներում և Եվրոպայում իսլամական ծայրահեղականների կողմից կատարվող ահաբեկչությունների և աշխարհում իրականացվող հակաահաբեկչական տոտալ օպերացիաների համատեքստում դիտարկելը` տպավորություն ստեղծելով, թե Հայաստանը ևս թիրախավորվել է «Իսլամական պետության» խմբավորման կողմից, ինչի հիմքերը, իհարկե, չափազանց թույլ են, եթե չասենք` ուղղակի չկան: Ավելի ուշ ԱԱԾ-ի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունը որոշակիորեն փարատեց սրա հետ կապված կասկածները, սակայն այն, ինչ գրված էր տեքստում, ավելի շատ նոր հարցադրումների ու նոր մտահոգությունների տեղիք է տալիս, քան սպառիչ կամ համոզիչ պատասխաններ պարունակում: Իհարկե, շատ հանգամանքներ դեռ կպարզվեն նախաքննական գործողություններից հետո: Սակայն անհասկանալի է մնում, թե ինչ նկատի ունի ԱԱԾ-ն, երբ նշում է` խմբի կողմից նախապատրաստված «մի շարք ծանր հանցագործություններ»:
Եթե նկատի ունենանք, թե խմբի ունեցած սպառազինության ինչ տեսակների մասին է վկայել ԱԱԾ-ն (տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր և սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ), ապա տպավորություն է ստեղծվում, որ խոսքը զինված հարձակման և պատանդառման նպատակների մասին: Դժվար է պատկերացնել, որ նման մասշտաբի նախապատրաստությունները կարող էին տեսնվել մասնավոր, զուտ կրիմինալ ինչ-որն խնդիրներ լուծելու, այլ ոչ թե պետական մասշտաբի կամ պետության դեմ պլանավորվող խոշոր հանցագործության իրականացման համար:
Այս առումով հետաքրքրական է ահաբեկչական խմբի վնասազերծումը, սահմանադրական փոփոխությունների գործընթացով պայմանավորված, Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի, ինչպես նաև Հայաստանի և հատկապես` ԼՂ հարցի շուրջ ստեղծված տարածաշրջանային չափազանց նուրբ, լարված ու միաժամանակ տարօրինակ զարգացումներով ուղեկցվող իրադրության պայմաններում: Թե\' ահաբեկչական ակտ(եր)ի պլանավորման և գուցե իրականացման համար ընտրված ժամանակահատվածը, թե\' խմբի` ըստ էության, արտերկրյա ծագման և ազգությամբ հայերից կազմված լինելու հանգամանքը առնվազն ենթադրել են տալիս, որ կա\'մ իսկապես կանխվել է Հայաստանում նոր «հոկտեմբերի 27», կա\'մ ոմանք ցանկանում են, որ տպավորությունը հենց այդպիսին լինի:
Եթե իսկապես այդպես է, ապա չի բացառվում, որ սա ունենալու է լրջագույն քաղաքական հետևանքներ` դեռևս անորոշ ուղղվածությամբ ու նպատակներով: Դրանով հանդերձ, սակայն, ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ խոսում է խմբի կողմից ոչ թե մեկ, այլ «մի շարք» հանցագործությունների պլանավորման մասին: Եթե նման շեշտադրում է կատարվում, նշանակում է ԱԱԾ-ն տիրապետում է առնվազն հավաստի տեղեկատվության: Այս հակասականության տպավորությունը ստեղծվում է կատարվածի շուրջ իրավապահ մարմինների, ավելի կոնկրետ` ԱԱԾ-ի կողմից անգամ օպերացիայի ավարտից հետո տեղեկատվական վակուումի քաղաքականություն վարելու պատճառով:
Նման աշխատաոճը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե պլանավորված ահաբեկչությունների կամ ծանր հանցագործությունների շարքի կանխարգելմանն ուղղված գործողությունները դեռ շարունակվում են, և հենց հասարակության անվտանգության շահերից է բխում տեղեկատվական փակ ռեժիմով աշխատելը: Արդյո՞ք կա այդ խնդիրը: Պատահական չէ, որ կատարվածից գրեթե անմիջապես հետո շրջանառության մեջ մտան տարատեսակ խոսակցություններ` խմբի` որոշակի քաղաքական շրջանակների կողմից ուղղորդվելու վերաբերյալ: Նման խոսակցությունները, որոնք գոնե այս պահին ընդամենը բամբասանքներ են հիշեցնում, փաստում են, մի կողմից, հասարակության մոտ տեղեկատվական քաղցի առկայությունը, մյուս կողմից` դրանով պայմանավորված, միանգամայն օրինաչափ և հասկանալի անհանգստությունները և որոշակի խուճապայնությունը:
Իսկ այս պայմաններում, երբ աչքի տակ ունես նման արտակարգ իրավիճակներում հանրության և ԶԼՄ-ների հետ աշխատելու եվրոպական երկրների իրավապահ մարմինների` առավելագույնս օպերատիվ, ինտենսիվ և արդյունավետ աշխատելու տեսանելի փորձն ու մեթոդները, անհասկանալի է դառնում հայաստանյան իրավապահ մարմինների այս աշխատաոճը:
Գևորգ Դարբինյան