կարևոր
2875 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 11:01
Արցախ

Նվիրված մնալ երազանքին...

Նվիրված մնալ երազանքին...

Արցախի համար ծանր փորձության նոր շրջան է սկսվել: Գիտենք՝ ինչպես հասանք այս դժնդակ օրին, ովքեր են գլխավոր մեղավորները: Հետո այս ամենը քննելու ու դատելու հնարավորություն կունենանք, հիմա ստեղծված բարդ ու ստորացուցիչ կացությունից արագորեն ելնելու հրամայականը կա. հարկ է մեր հայրենակիցներին զերծ պահել կորստաբեր նեղություններից, դրանք իսկապես կարող են տխուր հետեւանքների հանգեցնել: Չի կարելի տուրք տալ արցախցիների վերաբերյալ տարածված բնութագրականներին՝ ՙպինդ են, անկոտրում, բոլոր դժվարությունները հաղթահարող՚: Եթե անգամ դրանք բացարձակ ճշմարիտ խոսքեր են, շահարկել պետք չէ. արցախցիները սովորական մարդկանց պես նեղվում են, տագնապում, եւ իրենց առավելս խոցված են զգում այն պահերին, երբ տեսնում են, որ Հայաստանի իրական վերաբերմունքն առ արցախահայություն հեռու է ակնկալվածից՝ իր ազգասիրական, եղբայրասիրական, հայրենասիրական ու մարդասիրական բնույթով: Ներկա պահին ցավալի իրականությունն այն է, որ Հայաստանը մասամբ է Արցախի հետ եւ նրա կողքին՝ որպես պատասխանատու մայր երկիր: Բայց սա նույնպես հետագայում քննելիք թեմա է: Արցախի շուրջ սեղմվող օղակի թելադրած անելիքներին դառնանք::

Ավելի քան համոզված եմ, որ վճռական ու նպատակային գործելու դեպքում հնարավոր է Արցախ հասցնել գրեթե ամեն ինչ, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ, վառելիք եւ այլն, չնայած միակ ճանապարհը փակել են ռուսներն ու ադրբեջանցիները: Արդեն ԱՀ կառավարությունից որոշ գաղափարներ են հնչում մատակարարման նոր ուղիների մասին, եւ դա հուսադրող է: Տեղական գործիքակազմը ինքնապահովմանը ի սպաս դնելն այստեղ առօրյա գործունեության է վերածվում, ինչը նույնպես խրախուսելի է: Իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, կասկած չունեմ, հայրենանվեր ու խիզախ արցախորդիք հատու քայլերով կճեղքեն շրջափակումը. դրա փորձառությունն ունի ապրող սերունդը: Բայց օղակումը կարող է կրկնվել, ուստի կարեւոր է, ի վերջո, գտնել քաղաքական լուծումներ:

Այժմ հարկավոր է հայոց քաղաքական ու հասարակական ամբողջ զինանոցը գործի դնել՝ ճանաչել տալու Արցախի Հանրապետությունը, գոնե մի քանի երկրի կողմից: Կարիք կա այդ հարցով, նախեւառաջ, ինտենսիվ բանակցել Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի Հանրապետության հետ: Այդ երկրների հետ հնարավոր է ներդաշնակեցնել մեր ազգային շահերը: Այս հարցում մեզ համախոհ կարող է լինել նաեւ մեր հարեւան Իրանը: Աշխարհում բարեկամներ էլի կգտնվեն, եթե մենք գործենք խելամիտ, վճռական ու արժանապատիվ: Անհնարին ոչինչ չկա, անհնարինը միայն անբանների, ապիկարների ու դավադիրների կարգախոսն է:

Թող առերեւույթ քաղաքական ռոմանտիկա թվա խնդրո առարկան, բայց մի՞թե առանց ռոմանտիկայի հնարավոր է հասնել երազանքների իրագործմանը: Մենք ազգային երազանք ու նպատակ ունենք՝ տեսնել Արցախը ազատ եւ միասնական Հայաստանի հետ: Պետք է ամբողջովին նվիրված մնալ երազանքին եւ անխոտոր գնալ նրա ետեւից:

Հրանտ Ալեքսանյան