Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը վստահության քվե ստանալուց հետո խոստանում է լինել ԲԴԽ անդամներից մեկը, ով կգործի արդար: «Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը և սա ի վերջո այդ երազանքին մոտենալու հնարավորություն է: ԲԴԽ-ում մի քանի շատ արդար մարդիկ սպասում են, որ արդար ձայների քանակն այնտեղ ավելանա: Ես գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն: Մենք մաքրելու ենք դատական համակարգն անարդարությունից»: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել է, որ այն աշխատանքի արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն:
«Ես փորձել եմ նպաստել դատական համակարգի, դատարանների լավը լինելուն: Շատ ավելի քաղաքական զսպվածություն եմ խոստանում նաև հետագա իմ ելույթներում, ինչը նաև պարտավոր եմ համապատասխան էթիկայի շրջանակներում: Ինձ համար չի լինելու քաղաքականություն այն պահից հետո, երբ ինձ կվստահեք այդ պաշտոնը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե 2013 թվականի դատական համակարգի ամենամեծ խոցը համատարած կաշառակերությունն էր, հիմա համատարած ուշացումներն են:
«Մենք պետք է թեթևացնենք դատավորների ծանրաբեռնվածությունն այնքան, որ նրանք ինքնակրթման գոնե մի փոքր ժամանակ ունենան: Կառավարության ծրագրում արդեն իսկ հստակ դրված է մասնագիտացված դատարանների ստեղծումը: Մենք պետք է ունենանք կարգապահական հստակ միջոցներ»,-նշեց Անդրեասյանը:
Արձագանքելով մամուլում տարածված լուրերին, թե Կարեն Անդրեասյանը մասնավոր իրավաբանական ընկերության սեփականատեր է և չի կարող ԲԴԽ անդամ դառնալ՝ ԲԴԽ անդամի թեկնածուն հորդորեց լրագրողներին հրապարակումներ անելուց առաջ ճշտել:
«Ես երբեք չեմ եղել այդ իրավաբանական ընկերության բաժնետեր, որի մասին գրված է: Այդ ընկերությունում իմ կինն ունի բաժնեմաս: Կան ԲԴԽ անդամի գործունեության շատ հստակ կանոններ շահերի բախման դեպքերում: ԲԴԽ-ն դատում է դատավորներին, և հետևաբար բոլոր այն գործերը, որտեղ կլինի շահերի բախում, ինքնաբացարկ կհայտնեմ և չեմ լինի նրանց դատավոր»,-ընդգծեց Անդրեասյանը: