կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-05 15:07
Աշխարհ

«Վերադառնանք երազանքին». ԱՄՆ-ում պատրաստվում են համաժողովրդական բողոքի երթի դեպի Վաշինգտոն

«Վերադառնանք երազանքին». ԱՄՆ-ում պատրաստվում են համաժողովրդական բողոքի երթի դեպի Վաշինգտոն

ԱՄՆ-ում հայտնի սևամորթ քարոզիչ Ալֆրեդ (Էլ) Շարփթոնը մտադիր է օգոստոսին կազմակերպել բողոքի զանգվածային երթ դեպի Վաշինգտոն`  1963 թվականին անցկացված հանրահռչակ երթի օրինակով, որը կազմակերպել էր Մարտին Լյութեր Քինգը. ըստ yerkir.am-ի` հաղորդել է CNN-ը Մինեապոլիսում ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի թաղման արարողության ժամանակ:

«Oգոստոսի 28-ին դեպի Վաշինգտոն երթի 57-րդ տարեդարձի կապակցությամբ մենք կվերադառնանք այնտեղ: Կվերադառնանք, որպեսզի իրականացնենք Մարտին Լյութեր Քինգի երազանքը: Մենք պետք է գնանք Վաշինգտոն և միասին` սևերը, սպիտակները, լատինաամերիկացիները, արաբները, կանգնենք Լինքոլնի (արձանի) ստվերում ու ասենք նրանց` այս ամենին վերջ տալու ժամանակն է»,- հայտարարել է Շարփթոնը:

Նրա  մտահղացմամբ` երթի առջևից պետք  գնան այն մարդկանց ազգականները, որոնք մահացել են օրինապահների գործողությունների պատճառով, այդ թվում` Ջորջ Ֆլոյդի և Էրիկ Գարների, որն էլ զոհվել էր 2014-ին Նյու Յորքում` դարձյալ ոստիկանի ձեռքից:

Քարոզիչը համոզված է, որ  երթը կօգնի ԱՄՆ-ի ազգային փոքրամասնություններին` համախմբվել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, որպեսզի իշխանության գան, ինչպես դաշնային մակարդակում, այնպես էլ նահանգներում,  մարդիկ, որոնք վերջ կդնեն ոստիկանների դաժանություններին:

Մարտին Լյութեր Քինգի երթը 1963-ին հավաքել էր մոտ 200 հազար մարդու: Այն ժամանակ Լինքոլնի արձանի մոտ Քինգը հանդես եկավ հայտնի` «Երազանք ունեմ» ելույթով, որում ասում էր, որ ապագայում ԱՄՆ-ի սպիտակամորթ ու սևամորթ քաղաքացիները հավասար իրավունքներ կունենան: