Միասին կարող ենք
կարևոր
952 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 19:52
Հասարակություն Քաղաքական

Կհասնի՞ Ալիևն իր բաղձալի երազանքին՝ «ոտքով Երևան հասնելուն»

Կհասնի՞ Ալիևն իր բաղձալի երազանքին՝ «ոտքով Երևան հասնելուն»

ՔՊ-ականները հայտարարում են, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն շարունակում է ՀՀ սուվերեն տարածքները օկուպացիայի տակ պահել։ Սա դեռ քիչ է, Ալիեւը բազմիցս խոսել է «Զանգեզուրի միջանցքի», այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ փաստացի ամբողջ Հայաստանի տարածքը անվանելով Ադրբեջան։ Այս մոտեցումը Ադրբեջանում ուղղակի խոսույթ չէ, այն շատ հստակ ռազմավարություն է։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, Հայաստանն էլ՝ Ալիեւի։ Այս մոտեցմամբ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանին եւ Ադրբեջանի միջեւ ոչ միայն վատ իմաստով դնում է հավասարության նշան, այլեւ մեր երկիրը համարում է ագրեսոր։ 

Սակայն ամբողջ աշխարհը գիտի, որ հայ-ադրբեջանական բոլոր պատերազմները եւ ռազմական էսկալացիաները հրահրել եւ սադրել է հենց Ադրբեջանը՝ փորձելով տիրանալ ոչ միայն ամբողջ Արցախին, այլեւ Հայաստանին։ 

Արցախի մի մասին տիրացավ պատերազմով, իսկ մյուս մասը հանձնեց Ալիեւի լավ բարեկամ Նիկոլ Փաշինյանը։ Այժմ հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը։ Եթե ՔՊ-ականները շարունակեն այս հռետորաբանությամբ առաջնորդվել, ապա մոտ է այն օրը, երբ Ալիեւը կհասնի իր բաղձալի երազանքին՝ «ոտքով Երեւան հասնելուն»։ 

Մենք շրջել եւ զրուցել ենք քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարծիք ունեն այս հարցի շուրջ։ Մեր հասարակությունը միանշանակ մտածում է, որ չի կարելի Ալիեւի վրա հույսը դնել, չի կարող այս մարդը լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, քանի որ շարունակում է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ իր թշնամական ուղեգիծը, օկուպացված է պահում ՀՀ սուվերեն տարածքները, բանտերում է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ այլ ռազմագերիների։