Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Արամ Շահբազյանի հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Լրագրողների հետ զրույցում կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմի հիմքում իրական պատմություն է` ֆիլմի սցենարը գրվել է Վլադիմիր Շիրինյանի օրագրի հիման վրա:
«Տարիներ առաջ ես և Էդիկ Բաղդասարյանը գործով գնացինք Մարտակերտ ու այնտեղ էլ գտանք Ծիրինյանի օրագիրը: Բնականաբար, ֆիլմում փոքր-ինչ գեղարվեստականացվել է, փոխվել դեպքերի ընթացքը, այսինքն` մնացել է Շիրինյանը և հերոսի` օրագիր ունենալու փաստը»,- ասաց Շահբազյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմի արտադրությունը սկսվել է 2012-ին, իսկ 2014-ն ամբողջությամբ տրամադրվել է հետարտադրական գործընթացին: Ֆիլմի մոնտաժն արվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում: Նկարահանումների 95 տոկոսը տեղի է ունեցել Վարդենիս քաղաքում:
«Սա փոքր մարդու մեծ ողբերգություն է, այսինքն` պատմությունն ընդհանրական է` ոչ հայկականացված: Ես երբեք չեմ առաջնորդվել այն սկզբունքով, որ դերասանը պարտադիր կերպով պետք է արդեն իսկ ճանաչված լինի: Ինձ միշտ թվում էր, որ, այ, Ղարաբաղի այսինչ թատրոնում հնարավոր է լինի մի դերասան, ով էլ կհամապատասխանի տվյալ կերպարին»,-ասաց Շահբազյանը:
Ֆիլմի գլխավոր դերակատար Մարտուն Ղևոնդյանն ուրախությամբ է նշում` ֆիլմում խաղացած կերպարն ինքն է` շատ ջանք չի խնայել հերոսին մարմնավորելու համար:
«Բայց պիտի ասեմ, որ մինչև ֆիլմում նկարահանվելը մեքենա վարել չգիտեի, նկարահանումների ժամանակ եմ սովորել՝ երկու օրում: Շահբազյանի հետ աշխատելը հեշտ ու դժվար է` միաժամանակ, քանի որ, քո ոճն ունենալով հանդերձ, պարտավոր ես պահպանել նրա անբռնազբոս` շահբազյանական ոճը»,- ասաց Ղևոնդյանը:
«Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է, ով իր կնոջ հետ ապրում է Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Նրանց ողջ կարողությունը միակ կովն է և մի քանի հավը: Ամիսը մեկ Համոն գնում է շրջկենտրոն և ստանում Ռուսաստանում աշխատող որդու ուղարկած համեստ գումարը: Թվում է, թե ծերունիների կյանքն այդպես միապաղաղ էլ շարունակվելու էր, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամարդկանց խոսքն ու զրույցը. ինչ-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառվում, որն ունենալը Համոյի երազանքն էր: Համոն գնում է գյուղ և տեսնում մեքենան, իսկ մեքենայի տերը համաձայնում է սպասել, մինչև Համոն կբերի 800 դոլարը: Սակայն Համոյի համար մեքենայի գումարը ձեռք բերելը դառնում է կյանքի խնդիր…