կարևոր
3025 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 18:13
Հասարակություն

Թուրքիայի նպատակը Հայաստանի զարգացումը չէ

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, հրապարակախոս Վաչե Բրուտյանն է։

Վաչե Բրուտյանը, մասնավորաբար, ասել է․

-Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից կատարվածը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի հատվածի փակումը, նրանք ներկայացրին իբրև բնապահպանական խնդիր, սակայն այդպես չէ, դա հորինված բան է, ոչ մի բնապահպանական խնդիր էլ չկա։ Դա Բաքվում կայացած քաղաքական որոշում է։ Բնապահպան ներկայացածները Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ են։ Ադրբեջացիները բնապահպանական խնդիրը ծառայեցրին որպես «թզենու տերև»։ Իսկ իրականում դրանով Ալիևը Հայաստանին ասաց՝ ամեն պահի կարող եմ ձեզ խեղդել։ Արցախի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները արձագանքեցին Ադրբեջանի այդ քայլին, իսկ Հայաստանի իշխանությունը կատարվածին արձագանքելու փոխարեն՝ Երևանի ճանապարհներն է փակում, որ տոնածառի լույսները վառեն։

-Այսօր սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, իսկ ՀՀ իշխանությունը ժողովրդին հրամցնում է շոու, եվրատեսիլ, տոնածառի լույսեր, օրորոցային է երգում, ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ է դնում․․․Այս իշխանությունը ոչ մի առնչություն չունի իրականության հետ։

-Փաշինյանը հայ ժողովրդին վախեցնում է՝ ասելով, եթե Ադրբեջանի ուզածը չտանք՝ պատերազմ է լինելու։

-Արևմուտքը խնդիրներ ունի Իրանի հետ, և Ադրբեջանը, որպես Արևմուտքի կամակատար, հանդգնում է Իրանի վրա ճնշում բանեցնել։ Օրերս Ադրբեջանը տարածեց տեղեկություն, թե Իրանի 14 քաղաքացի անցել են Արցախ, ու Ադրբեջանը նույնիսկ բողոքի նոտա հղեց Իրանին: Ադրբեջանա-թուրքական տանդեմը 1-ին սլաքն ուղղել է Հայաստանին, 2-րդ սլաքը՝ Իրանի ուղղությամբ։

-Պետական քարոզչամեքենան հակառուսական տրամադրություններ է տարածում ժողովրդի մեջ, անդրանիկքաչարյանները լուրջ դեմքով ասում են՝ ՀԱՊԿ-ը տեր չկանգնեց հայ ժողովրդին, ու սա վերլուծում են կենցաղային հարթության մեջ։

-Մի բան պետք է հստակ իմանալ․ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն բանալի բառեր են, իրականում Թուրքիան է գալիս տարածաշրջան, այսինքն՝ թուրքական ներկայությունն է հաստատվելու մեր երկրում։ Իսկ Թուրքիայի նպատակը Հայաստանի զարգացումը չէ, այլ Հայաստանը ճզմելն է։ Եվ Ալիևը բացահայտ հայտարարում է այդ մասին։ Երբ խոսում ենք Արևմուտքի ներկայության մասին, պետք է հասկանանք թուրքական ներկայություն։

-Հայաստանը կմնա թղթի վրա, կմնա քարտեզի վրա, բայց բովանդակային առումով այն հայկական չի մնա։ Թուրքերը գրչի մեկ հարվածով կլուծեն հայկական հարցը, Հայոց ցեղասապանության փաստն էլ փակված կհամարեն․․․

-Հասկացեք, Արևմուտքը թքած ունի քո ժողովրդավարության վրա, քո երջանկության վրա, մարդու իրավունքների վրա․․․ Այս ամենը Արևմուտքի կողմից ստեղծված գործիքներ են մյուս երկրների ներքին գործերին միջամտելու համար․․․

Հարցազրույցն` ամբողջությամբ