Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, ամփոփվել են 2010 թ. կատարված աշխատանքները, նաև է անդրադարձ եղել 2011 թ. ծրագրերին ու դրանց արդյունավետ իրականացմանը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և հանրապետության մարզպետները. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Նախագահը նշել է, որ սոցիալական խնդիրներնա ավելի շատ են դրսեւորվում հենց մարզերում, եւ ամեն ինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամի կամ այլ աշխարհաքաղաքական իրողությունների վրա բարդելը սխալ է:
«Մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն լսված լինելու, մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն հասկացված լինելու: Անկարողության այդ մթնոլորտը փարատելու միակ ճիշտ ճանապարհը դա է: Մինչև հիմա մարդկությունն այլ ավելի արդյունավետ ճանապարհ չի գտել: Եւ ես համոզված եմ, վստահ եմ` դուք էլ եք համոզված. մարդիկ դժվարությունների հետ կարող են համակերպվել, և միշտ չէ, որ դժգոհությունը շատ մեծ կլինի: Դժգոհությունը մեծ է լինում այն դեպքում, երբ նրանք զրկված են լինում լսված լինելու հավասար հնարավորություններից: Սա պետք է լինի ձեր հիմնական աշխատանքը»,- ասել է Ս. Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ իր պատկերացմամբ մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերը կիսողը, պետական ատյաններում նրա խնդիրները ներկայացնողը, արդարության մթնոլորտ հաստատողը և, իհարկե, նաև տեղական իշխանիկներին զսպողը:
Նախագահն ընդգծել է, որ այս տարի լրացուցիչ միջոցներ են հայթայթվել և հատկացվել մարզերին, որպեսզի կարողանան լուծել համայնքներում կուտակված խնդիրների մի մասը: Եվ ակնկալվում է, որ այդ աշխատանքները կատարվելու են որակով ու ժամանակին:
«Հայաստանի տարածքների համաչափ զարգացումը լոզունգ չէ: Գոնե ինձ համար լոզունգ չէ: Մեր երկրի ներկայի ու ապագայի համար համաչափ զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Տարածք ասելով, մենք, առաջին հերթին, պետք է հասկանանք մարդկանց, ովքեր ոչ թե այդ տարածքների վրա, այդ գյուղերում, քաղաքներում գոյություն են պահպանում, դիմակայում ինչ-որ խնդիրների, այլ զարգացում են, ապրում, բարգավաճում: Մենք բոլորս միշտ պետք է հիշենք շատ կարևոր մի ճշմարտություն. կա իր հողի վրա լավ ապրող մարդ, ուրեմն կա տարածք, չկա լավ ապրող մարդ, ուրեմն չկա այդ տարածքը»,- ասել է նախագահը: