կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 12:53
Հասարակություն

Հայաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ն հնարավորություն ստացավ խթանելու արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը. ԱԳ նախարար

Հայաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ն հնարավորություն ստացավ խթանելու արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը. ԱԳ նախարար

ԵԱՏՄ նախագահությունը թույլ է տվել Հայաստանին` առաջ մղել սեփական առաջնահերթությունները. խորհրդարանում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա մասնավորապես նշեց. «Ստանձնելով կառույցի նախագահությունը միության մարմիններում՝ Հայաստանը հարավորություն ստանացավ ոչ միայն ազդելու կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլև առաջ մղելու Հայաստանի առաջնահերթությունները՝ լինելով ավելի նախաձեռնող, նպաստելու ինչպես կառույցի զարգացմանն, այնպես էլ դրա միջոցով ընդլայնելու Հայաստանի հնարավորությունները»:

Անդրադառնալով առաջնահերթություններին՝ Մնացականյանը շեշտեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ ուղղված էներգետիկ քաղաքականության իրականացմանն ու էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման հարցի լուծմանը:

ԱԳ նախարարը նշեց նաև, որ Հայաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ն հնարավորություն ստացավ խթանելու արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: «Շնորհիվ ՀՀ-ի` լրացուցիչ խթան է ստացել միության արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Իրանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար դուրս գալու Մերձավոր Արևելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր ստորագրվեց: Այն ստեղծվել է երեք տարի ժամկետով, որի արդյունքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասով», - ասաց նա: 

Մնացականյանը վստահ է`ազատ առևտրի գոտին հնարավորություն կընձեռի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյականացման, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի փոխադարձ առևտրի ծավալների մեծացմանը:

«Իրան և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության համար համաշխարահային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար», - եզրափակեց ԱԳ նախարարը: