կարևոր
3481 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 14:07
Քաղաքական

Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ իրավիճակի տակից դուրս գալ․ Ելենա Կիրակոսյան

Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ իրավիճակի տակից դուրս գալ․ Ելենա Կիրակոսյան

Փաշինյանի մոտ շատ արագ փոփոխվում են կարծիքները: Հանկարծ 2 տարի անց միայն Փաշինյանը նկատեց՝ ինչ ագրեսիվ վարքագիծ է դրևորում  Ադրբեջանը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Կառավարության նիստի ժամանակ արված հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ու մի շարք եռակողմ պայմանավորվածություններ, փոխարենը պայմանավորվածությունները չկատարելու մեջ է մեղադրում Հայաստանին։

«Թե այս պահին ինչու է Փաշինյանը որոշել ի վերջո բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որի մասին աղաղակում էր ընդդիմությունը, փորձագետներն ու վերլուծաբանները, դժվար թե կարողանան ասել։ Համենայն դեպս, կարծում եմ՝ ուշացած բարձրաձայնում է, և այս պահին Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ իրավիճակի տակից դուրս գալ»,- ասաց նա։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նաև՝ նախապատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության` համեմատելով այդ երկիրը Ալ-Քաիդայի և ԻՊ-ի հետ։ Հարցին, այս հայտարարությունից կարո՞ղ ենք ասել, որ թշնամու կողմից  նոր հարձակումներ են սպասվում, պատգամավորը նշեց․

«Չեմ բացառում, որ թշնամու կողմից կարող է լինել որևէ ագրեսիա, մանավանդ այս գիշեր նորից տեսանք , որ սահմանին հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են գրանցվել։ Չեմ բացառում նաև, որ Նիկոլ Փաշինյանի համար սա հերթական անգամ  հանրության առաջ իր քայլերը հիմնավորելու, այսպես ասած, արդարանալու միջոց է, դա ևս չեմ բացառում»։

Այդ հայտարարությունների ֆոնին Փաշինյանը նշում է նաև, որ Ալիևը հարձակվում է, ուզում է հայաթափել Արցախը, բայց միևնույն ժամանակ շեշտում է, որ խաղաղության իրենց պայմանագիրը «խաղաղ ոչնչացում» չէ։

Պատգամավորը կարծում է, որ Փաշինյանի ելույթի մեջ իրար հակասող մտքեր են․ «Խաղաղություն ինչպես կարող է լինել մի պետության հետ, որն ամեն դեպքում նպատակ է դրել քեզ ոչնչացնելու։ Փաշինյանը պնդում է, որ չէ, խաղաղությունը բերելու է հաջողության, բայց այն խաղաղությունը, որն իրենք են պատկերացնում: Ես կարծում եմ, որ դա բացառվում է։ Դա վաղուց պետք է իրենք հասկացած լինեին։ Ես կարող եմ ասել, որ ի վերջո այն խաղաղության աղաղակը, որով իրենք եկան իշխանության՝ ամբողջությամբ հօդս ցնդեց և  երեկ ելույթում ինքը խոստովանեց, որ խաղաղություն չի կարող լիենլ։ Ես, համենայն դեպս, այդպես եմ ընկալում»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը բացառեց նման հարևանի հետ, նման թշնամու հետ որևէ խաղաղ պրոցես` հաշվի առնելով, որ Ադրբեջանը որևէ փաստաթուղթ հիմք չի ընդունել, և շատ ազատորեն կարողացել է շրջանցել այն բոլոր փաստաթղթերը, որը ստորագրել է. ««Խաղաղության պայմանագիր»-ը հերթական փաստաթուղթը կարող է լինել, որը միանշանակ կարմիր գիծ չի լինելու Ադրբեջանի համար»։

Ըստ նրա՝ բոլոր քայլերն այն են վկայում, որ իշխանության փոփոխությունը էլ ավելի հրատապ է դարձել այս պահին։

«Պետք է ամեն ինչ անել, որ ի վերջո իշխանափոխություն լինի, որ այդ անձը հերթական անգամ մեր երկիրը չբերի խայտառակ կապիտուլյացիայի»,- ավելացրեց նա։

Լ.Ա.