Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՏՄՊՊՀ-ն կազմակերպել էր հանդիպում-քննարկում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, և «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանը եկել էր այդ հանդիպմանը, որպեսզի հանդես գա իր խնդրի հետ կապված հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի նախագահը դատական վեճ ունի «Յունիբանկ»-ի հետ: Բանկի նախագահին` Վարդան Աթայանին, հոլդինգի տնօրենը համարում է սուպերբանկիր, որովհետև նրա դիմաց որևէ օրենսդրական լծակ չի աշխատում, նա քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է բոլոր կարևոր մարդկանց հետ: Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի` «Հին Էրիվան»-ի վրա դրված պարտքը 2,8 միլիոն դրամից դարձրել են 7,5 միլիոն դրամ և հիմա համառորեն պահանջում են այդ գումարի դիմաց վերցնել շենքը:
Գործարար Մանվել Տեր-Առաքելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ դատական համակարգը որս է սկսել, և գործը վարող առաջին ատյանի դատարանի դատավոր Բեկթաշյանը բացասական վճիռ է կայացնում` հրահրելով կոնֆլիկտային իրավիճակներ: Գործարարի որևէ միջնորդություն այդ դատավորը չի ընդունում: Ըստ Տեր-Առաքելյանի` դատական համակարգը ամբողջությամբ միացել է «Յունիբանկ»-ի նախագահին, որին, ըստ գործարարի, հովանավորում է հինգ անձ: Դրանցից մեկն էլ, նրա խոսքով, նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է` փաստաբան Հայկ Հարությունյանը, ով էլ հանձն է առել բանկի իրավունքների պաշտպանությունը:
«Դատարանում ղեկավարվում են ոչ թե օրենսդրությամբ, այլ փողոցային տղայական «պանյատներով»,- ասաց գործարարը: Նրա խոսքով` նախորդ կառավարությունը պետությանը տարավ գրագետ լուծարման, այսինքն` նախորդ վարչապետի` բանկային համակարգում աշխատաոճը հանգեցրեց նրան, որ բանկերին տվեցին այնպիսի լծակներ, որոնց տակից այսօր մարդիկ չեն կարողանում դուրս գալ:
«Իմ պարագայում իմ դեմ դատարանի դռները փակվեցին: Մարդը երկու ձևով կարող է իր ճիշտը պաշտպանել` կա'մ գողական աշխարհի միջոցով, կա'մ դատարանների միջոցով: Ես` որպես օրինապաշտ մարդ, դիմեցի դատարան, բայց դատարանն իմ դեմ դռները փակեց: Վերջին երեք տարիներին ես անխտիր պարտվել եմ այս գործով բոլոր դատարաններում: Այնինչ` մինչև 2008 թվականը համարվել եմ հաջողակ գործարար, հիմա դարձել եմ փաստաբան ու չեմ կարողանում զբաղվել իմ գործարարությամբ: Ունեցել եմ 8 հատ արագ սննդի կետ, որոնք փակվել են, Ծաղկաձորում, Գառնիում, Աշտարակում ռեստորաններ եմ ունեցել, բոլորը փակվել են, մնացել է միայն «Հին Էրիվանը»: Մտածում եմ` հիմա վաճառել «Հին Էրիվանը», այդ փողը շպրտեմ իրանց ու թողնեմ, գնամ Հայաստանից: Ուրիշ ելք ես չեմ տեսնում»,- ասաց գործարարը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որովհետև նրա հետ հանդիպման ժամանակ ինքը մի փոքր հոգեպես լավ է զգացել` հույս ունենալով, որ իր հարցը լուծում կստանա: Սակայն գործարարն ասում է, որ անցել է երկու շաբաթ, և եթե հաշտության եզրեր լինեին, ինքը հիմա այդ հարցերով զբաղված կլիներ, նշանակում է հաշտության եզրեր չեն գտնվել: