կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-18 11:33
Քաղաքական

Ստորագրության թանաքը դեռ չչորացած` Ռուսաստանի ՊՆ ղեկավարը շտապեց Ադրբեջան` ռազմական համագործակցության պայմանագիր կնքելու

Ստորագրության թանաքը դեռ չչորացած` Ռուսաստանի ՊՆ ղեկավարը շտապեց Ադրբեջան` ռազմական համագործակցության պայմանագիր կնքելու

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեծ սխալ է, որը հակասում է Հայաստանի հռչակագրին ու Սահմանադրությանը:


Լրագրողների հետ զրույցում, խոսելով հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրման մասին, նա նշեց, որ թեև նախագահի մակարդակով պայմանագիրը ստորագրվել է, բայց այդ փաստաթուղթը դեռ պետք  վավերացվի ազգային պառլամենտներում, այսինքն` Հայաստանը փաստացի դեռ ԵՏՄ անդամ չէ:


«Իհարկե, դա չի նշանակում, որ մեր խորհրդարանը, մասնավորապես` շռնդալից մեծամասնությամբ, կողմ չի քվեարկելու, բայց եկեք հաշվի առնենք, որ հրաշքներ լինում են: Ես կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են պաշտպանել ԵՏՄ անդամակցությունը, ևս մեկ անգամ ծանրութեթև անեն և հասկանան` ի՞նչ է մեզ տալու ու ինչո՞վ է մեզ խանգարելու այդ միությունը»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:


Պատգամավորը նշեց, որ ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչպես ժողովուրդն է ասում` թանաքը չչորացած, Ռուսաստանի պաշտպանության նախարարը շտապեց Ադրբեջան` ռազմական համագործակցության պայմանագիր կնքելու, որը նախատեսում է նաև սպայական կազմի ուսուցանում:  «Մի հռետորական հարց` Ադրբեջանիի բանակի սպայական կազմի պատրաստվածության բարձրացումը ո՞ւմ դեմ է ուղղված, և, ընդհանրապես, ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանի բանակը: Բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի թիրախը Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն են»,- ասաց պատգամավորը:

Այն, ինչ հիմա տեղի է ունենում ռուսական ռուբլու հետ և ռուսական տնտեսության հետ, ըստ Քոքոբելյանի, չի կարող նոր տնտեսական հեռանկարներ բացել Հայաստանի համար:


«Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ Ռուսաստանի տնտեսության այս ծանր պայմանները հնարավորություն չեն տալու Հայաստանում նոր ներդրումներ անելու, և Հայաստանում խոշոր մենաշնորհային կարգավիճակով գործող ձեռնարկությունները իրենց խնայողություներով ոչ թե ներդրում են անելու Հայաստանում, այլ ստիպված են լինելու տեղափոխել»,- ասաց պատգամավորը: