կարևոր
3979 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-04 17:04
Աշխարհ Քաղաքական

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև Վաշինգտոնում և Նյու Յորքում կազմակերպված հանդիպումների մասին:

«Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն», - ասել է պետքարտուղարության խոսնակը։

Նեդ Փրայսը դարձյալ շեշտել է, որ կշարունակի համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար:

«Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը: