կարևոր
3679 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-11 12:44
Քաղաքական

Չավուշօղլուի կոչը միջամտություն է սուվերեն երկրի ներքին գործերին

Չավուշօղլուի կոչը միջամտություն է սուվերեն երկրի ներքին գործերին

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Չավուշօղլուի հայտարարությանը, որով նա կոչ է արել Ֆրանսիայում ապրող թուրքերին պայքարել տեղի հայկական համայնքի դեմ:

Օտար երկրներում թուրք պաշտոնյաների, այդ թվում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններով պետք է զբաղվեն այդ երկրների անվտանգության ծառայությունները, որովհետև կոնկրետ այս դեպքում Չավուշօղլուի կոչը միջամտություն է սուվերն երկրի` Ֆրանսիայի ներքին գործերեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հոկտեմբերի 9-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայկական սփյուռքին` նշելով, որ վերջինս դեմ է Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Չավուշօղլուն կոչ է արել ֆրանսաբնակ թուրքերին ավելի կազմակերպված կերպով իրենց ձայնը բարձրացնել հայկական սփյուռքի դեմ։

«Ի տարբերություն հայկական սփյուռքի` Ֆրանսիայի թուրքական համայնքն ուղղորդվում է Թուրքիայի կողմից, կազմակերպվում պաշտոնական Անկարայի միջոցով։ Թուրքիան հսկայական միջոցներ է ծախսում արտասահանում գործող թուրքական կառույցներն ուժեղացնելու համար, մինչդեռ հայկական սփյուռքի պարագայում մենք գործ ունենք համայնքային կազմակերպությունների հետ, որոնց անդամները Ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներն են և ուղղակի աշխատում են իրենց ազգային պահանջները բավարարելու ուղղությամբ»,– նշեց Ղուկասյանը։

Նրա խոսքով` թուրքական իշխանությունների նմանօրինակ հայտարարությունները նորություն չեն։ Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Թուրքիայի անվտանգության խորհուրդը վեց ժամանոց նիստ անցկացրեց, որի կարևորագույն օրակարգային հարցերից մեկը հայկական սփյուռքին հակազդելն էր։

«Ի դեմս հայկական սփյուռքի` մենք գործ ունենք միջազգային քաղաքական գործոնի հետ, որը թուրքական պետության կոկորդին ոսկոր է դարձել Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումները բավարարելու ճանապարհին։ Դրանով է պայմանավորված այն թշնամական վերաբերմունքը, որն ունեն Թուրքիայի ղեկավարները հայկական սփյուռքի նկատմամբ, քանզի վերջինս իր լոբբինգի գործիքակազմով և կազմակերպական ցանցի միջոցով սպասարկում է հայկական ազգային օրակարգը, ինչը հակառակվում է Թուրքիայի պետական շահերին»,– ասաց մեր զրուցակիցը։

Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանի գործող իշխանությունն իր քայլերով, ցավոք, տուրք է տալիս հայկական սփյուռքի նկատմամբ թուրքական քննադատությանը, այդ իսկ պատճառով Հայաստանի և հայկական սփյուռքի հարաբերություններն այժմ լավ վիճակում չեն։ Վերաբերմունքն ադեկվատ չէ գոնե սփյուռքի այն հատվածի հանդեպ, որն իր քաղաքական գործունեությամբ և էթնիկ լոբբինգով պաշտպանում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական շահը, հետևաբար հայկական սփյուռքի հանդեպ պաշտոնական Երևանից ցուցաբերվող ներկայիս մոտեցումը թուլացնում է սփյուռքը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայերը վերջերս Փարիզում տեղակայված ադրբեջանական դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին անցկացրել` Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առթիվ։ Ցուցարարները պնդում էին, որ ադրբեջանցի դիվանագետները վիրավորվել են իրենց և անպարկեշտ ժեստեր ցույց տվել պատուհանից։