կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-17 10:59
Քաղաքական

Կայա Կալասի հայտարարությունը ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ․ Իշխան Սաղաթելյան

Կայա Կալասի հայտարարությունը ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ․ Իշխան Սաղաթելյան

Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ՝

ա) տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար,

բ) ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։

Փաստացի, Եվրամիության ներկայացուցիչը հայտարարում է, որ ամենազգայուն փուլում միջամտելու է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ուղղակիորեն ազդելով իշխանության ձևավորման վրա՝ չհարգելով ՀՀ քաղաքացիների ինքնուրույն ընտրելու իրավունքը։ Սա արվում է բացահայտ և առանց քողարկման։

Մենք սա գնահատում ենք որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել Հայաստանի քաղաքական համակարգին ընդհանրապես՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից։ Հենց նման հայտարարություններն են կանաչ լույս վառում ապօրինությունների, բռնությունների և քաղաքական հետապնդումների համար։

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների և գործընթացների վերաբերյալ՝ կանխելու մեր ներքին գործերին միջամտությունները, հնարավոր ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։

Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը»: