Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լսեցի սեպտեմբերի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ անցկացված հեռուստահարցազրույցը և ցավով համոզվեցի երկու բանում, առաջին՝ տարիներ ու տասնամյակներ շարունակ սխալված չեմ եղել այս մարդու քաղաքական մտասևեռման հարցում և երկրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չի փոխվել և գաղափարապես նույնական է իր քաղաքական հոգեզավակի, Նիկոլ Փաշինյանի հետ՝ անկախ նրանից , թե սրանցից յուրաքանչյուրը անձնական ինչ տրամադրվածություն ունի մյուսի նկատմամբ։ Հիշյալ հարցազրույցում հնչած զանազան նախադասությունները թողնելով մի կողմ ընդգծում եմ երկու հիմնական միտք։ Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայն է Նիկոլի կնքելիք <ցավոտ> պայմանագրի հետ և դա այն է, ինչը ինքը հետապնդել է տասնամյակներ շարունակ։
Պարզ խոսքով նա ասում է, թե բոլոր պատրանքները պետք է դնել մի կողմ և ստորագրել պայմանագիր, ըստ որի, նախ և առաջ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Սա այն նույն միտքն է ինչ տարիներ շարունակ, հետևողականորեն կրկնել է Լևոն Տեր-Պետրոսյանը Խաղաղություն թե՞ պատերազմ և այլ հարցադրումների ներքո, հոդվածների ու ելույթների մեջ։ Այդ դեպքում առաջի հարցս`եթե կարծում էիք, թե ելք չկա և Արցախը չի կարող դուրս գալ Ադրբեջանի կազմից՝ ինչո՞ւ 88 թվականի գարնանից ստանձնեցիք մի շարժման առաջնորդությունը, որի նպատակն էր Արցախ անկախացումը Ադրբեջանից։ Անտեղի չէ ավելացնելը, թե ինչո՞ւ ստանձնեցիք պետության ղեկավարի պաշտոնը, երբ այդ նորաստեղծ պետության ամենահիմնական խնդիրներից մեկը Արցախի պետական ինքնիշխանությանը հասնելն էր։
Անցնենք առաջ։ ՔՊ-ի Պետրոսը հարցնում է, թե շատերն ասում են, որ որևէ պայմանով Հայաստանի կողմից պարտվողական պայմանագիր կնքելուց հետո էլ ադրբեջանական կողմը (ավելացնենք նաև թուրքական կողմը) չեն դադարեցնի իրենց պահանջները և Հայաստանին կպարտադրեն նորանոր զիջումներ։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է թեթև անցնել սրա վրայով, որպես թե երկրորդական հարցի, ներկայացնելով իբրև տեսականորեն միշտ էլ կարելի է ենթադրություններ անել, թե հետո ինչեր կարող են պատահել։ Իսկ ես հիմա Լևոն Տեր Պետրոսյանին ուզում եմ տալ կոնկրետ հարց՝ դուք համոզվա՞ծ եք, որ Հայաստանի համար ամենախայտառակ պայմանագիրը կնքվելուց կարճ ժամանակ անց ադրբեջանաթուրքական կամ, ավելի շուտ, թուրքադրբեջանական տանդեմը չի ներկայացնելու Հայաստանի համար ավելի կործանարար պահանջներ և զանազան սադրանքների, պատերազմների միջոցով նրանք չեն փորձելու հասնել իրենց նոր հավակնությունների բավարարմանը:
Ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրանում համոզված չէ, իսկ որ ավելի ճիշտն է նա համոզված է, որ հենց այդպես էլ կլինի։ Եվ դրանում համոզված լինելով նա, ըստ էության, մեզ հրում է համաձայնելով միանալու Նիկոլ Փաշինյանի ստորագրելիք այն դավադիր ծրագրին, որով կնախանշվի Հայաստանի վերջի սկիզբը։ Ես իմ համոզումն ունեմ, թե Արցախյան ազատագրական պայքարի առաջնորդն ինչու է արդեն 32 տարի փորձում Հայաստանին պարտադրել Արցախի ազատագրման գաղափարից հրաժարումը և Հայաստանի կողմից Թուրքիայի հետ կործանարար պայմանագրի կնքումը։ Ունի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխաններ վերոնշյալ հարցադրումներին՝ ժողովրդի համար։ Կարո՞ղ է նա հիմնավորել տասնամյակների խաղաղության հնարավորությունը, որը մեզ կպարգևեն թուրքերը։ Հիշենք՝ ռուսներն ու Խորհրդային կայսրությունը այս նոր հարաբերությունների վրա ազդող գործոն չեն լինելու։
Արտաշես Շահբազյան