կարևոր
5392 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-18 16:27
Հասարակություն

Թուրքիայի՝ ոչնչացման եզրին գտնվող եկեղեցիները փրկության կարոտ են

Թուրքիայի՝ ոչնչացման եզրին գտնվող եկեղեցիները փրկության կարոտ են

Դենիզ Քըլըչ

Աղթամար եկեղեցին, որ կառուցվել է 921 թ Վանա լճի Աղթամար կղզում և մինչև 20-րդ դարի սկիզբ ծառայել որպես նշանավոր հոգևոր կենտրոն, վերականգնվել և կրկին բացվել է ծիսակատարության համար։ Այնուամենայնիվ, Թուրքիայում ավերակ վիճակում են գտնվում բազմաթիվ մշակութային ժառանգություններ։ Վանի Կարմիրակ վանքը և Սուրբ Թովմաս եկեղեցին փրկության կարոտ կառույցներից են։

Եկեղեցու նշանակության մասին հարցրեցինք Սերքան Թաղրիքուլուին, ով ավելի քան տասը տարի գիդ է աշխատում Աղթամարի շրջանը։

Շեշտելով, թե ժողովրդի շրջանում հայտնի «Ախթամարի լեգենդը» չի արտացոլում ճշմարտությունը, Թաղրիքուլուն ընդգծում է, որ եկեղեցու կառուցման գործում ազդեցիկ է եղել ժամանակաշրջանի թագավոր Գագիկ Ա-ն.

«Պատմությունները միշտ պատմում են հետաքրքրությունը մեծացնելու համար: Եկեղեցու անունը կարող ենք հասարակության պես կապել նրա ձևի հետ, բայց երբ նայում ենք եկեղեցուն և պատմությանը, իհարկե, ժամանակաշրջանի հզոր թագավորները միշտ ցանկացել են կառուցել այնպիսի շինություններ, որոնք կպահեն իրենց անունը կամ կփոխանցեն այն ապագա սերունդներին։ Այսօր էլ է այդպես»։

Թաղրիքուլուն նշում է, որ եկեղեցին «մեծ վարպետությամբ» կառուցվել է Գագիկ թագավորի կողմից։

Աղթամարն ինչու՞ է կարևոր

Աղթամարը եկեղեցի է, որն այսօր գրավում է զբոսաշրջիկների աշխարհի շատ կետերից:

Այն ծրագրվում էր քանդել 1950-ականներին, սակայն ավերումը կասեցվեց գրող Յաշար Քեմալի ջանքերով։ Վերջին տարիներին Եվրամիության ջանքերով Թուրքիայի կառավարությունը ձեռնարկել են բարելավել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները։

Թաղրիքուլուն ասում է, որ ուխտագնացությունը դեպի եկեղեցի ևս հատուկ նշանակություն ունի.

«Յուրաքանչյուր եկեղեցու գմբեթին խաչ կա, ինչպես դրոշը՝ մզկիթներում։ Բայց Աղթամարի եկեղեցին կոչվում է Սուրբ Խաչ եկեղեցի։ Հայերի կողմից սրբացված վայր է։ Պատմություն կա Երուսաղեմի հեթանոսներից խաչի՝ Իրան, այնտեղից էլ Աղթամար բերելու մասին։ Այսպիսով, այն սրբություն է հաղորդում այս վայրին: Հիսուսի խաչելության խաչի մասունքը սուրբ էր համարվում բոլոր քրիստոնյաների համար: Եվ եթե այն պատկանի մի եկեղեցու և պահվի այնտեղ, այդ եկեղեցին ավելի շատ կփառաբանվի, քան մյուս եկեղեցիները»:

Ընդգծելով, որ Աղթամարը ճարտարապետական ​​առումով առանձնանում է բազմաթիվ մշակութային արժեքներից՝ Թաղրիքուլուն եկեղեցին նկարագրում է որպես «ճարտարապետական ​​վայր, որն այդ ժամանակ հասել է իր ճանաչման գագաթնակետին»։

Նշելով, որ եկեղեցին նկարազարդումների առումով շատ հարուստ է, Թաղրիքուլուն ասում է. «Առաքելոց վանքը կա, որն այսօր կոչում ենք Քումբեթ մզկիթ: Այնտեղ նկարազարդումներ կան, բայց ոչ մեկն այս շքեղությունը չունի»։

Ավելացնելով, որ Աղթամարը «առանձնահատուկ տեղ ունի» այլ եկեղեցիների շարքում, Թաղրիքուլուն նշում է, որ եկեղեցու վրա կան նկարազարդումներ Աստվածաշնչից, ինչպես նաև՝ Թորայի կամ հեթանոսության մեջ նկատվող խառը մոտիվներով։

Շրջան այցի եկած զբոսաշրջիկ Նեսլիհան Թունչսյոզենը կարծում է, որ եկեղեցին նաև շրջանի ամենասիրելի վայրերից է տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների համար.

«Քիչ առաջ ճամփորդելիս հանդիպեցի կանադացի մի ընտանիքի: Նրանք եկել էին Կանադայից իրենց երկու երեխաների հետ։ Այս տարիքիս, երբ առաջին անգամ է, որ Վան եմ եկել, հետաքրքիր չէ՞, որ նրանք էլ Կանադայից են եկել այստեղ։ Պաշտամունքի համար վերաբացվելը հրաշալի է։ Քանի որ Թուրքիայում շատ քրիստոնյաներ կամ հայեր են ապրում։ Անշուշտ, եթե ուզում են երկրպագել, թող գան»։

Կարո Փայլան. «Վանում 500 Աղթամար կար»

Թուրքիայի շատ շրջանների եկեղեցիները «թալանվել են» գանձ որոնողների կողմից։ Դրանց մի մասը քանդվում է կամ օգտագործվում որպես գոմ։

Ասելով, որ Անատոլիայի բնակչության զգալի մասը դեռևս 100 տարի առաջ հայ է եղել, Կարո Փայլանը Euronews-ին իր տեսակետն է հայտնում.

«Դեռևս 107 տարի առաջ հայերը կազմում էին Անատոլիայի բնակչության մեկ հինգերորդը։ Յուրաքանչյուր 5 հոգուց մեկը հայ էր։ Նրանք հազարավոր տարիներ ապրել են ամբողջ Թուրքիայում, ունեցել են հազարավոր մշակութային արժեքներ։ Ինչպես ոչնչացվեց հայը, այնպես էլ ավերվեցին լքված մշակութային շինությունները։ Միայն Վանում կար մոտ 500 եկեղեցի և վանք։  Այսինքն՝ Վանում իսկապես 500 Աղթամար կար»։

«Գանձախուզության ուղին բացվեց»

Փայլանն ասում է, որ մշակութային արժեքները նախկինում «դիտավորյալ են ոչնչացվել»։ Պնդելով, որ գանձերի որոնումն ու թալանը «տարածված են», նա հավելում է․ «Վանում ձեր նշած եկեղեցիները և բազմաթիվ եկեղեցիներ ներկայում թալանվում են։ Մատնված են գանձախույզների վանդալիզմին։ Վերջերս գնացի Վան։ Արցունքներն աչքերիս՝ տեսա այդ եկեղեցիների ու վանքերի վիճակը»։

Հայտնելով, որ այդ շինությունները հազարամյա մշակութային գոյության և պատմության վկաներն են՝ Փայլանը նշում է, որ դրանք «վերածվել են մզկիթների կամ հասարակական շենքերի, և նույնիսկ հազարավոր եկեղեցիների ու վանքերի հետքեր չեն հայտնաբերվել»։

Փայլանը նաեւ նշում է, որ բազմիցս պատգամավորական հարցում է արել այս թեմայով․ «Ցավոք սրտի, ասում են, որ մեր պաշտպանության կանոնները սպառվել են, բայց ամեն անգամ, երբ պատգամավորական հարց եմ տալիս, պաշտպանության հանձնաժողովից մեկը ձեւացնում է, թե գնացել է․գուցե չի էլ գնում։ Եթե ​​գնա, կտեսնի, թե ինչ վիճակ է այնտեղ»,- ասում է Փայլանը։

Էրթուղրուլ Գյունայ. Այս կառույցները պետք է պաշտպանված լինեն առանց խտրականության

Էրթուղրուլ Գյունայը, ով 2007-2013 թթ․ զբաղեցրել է Թուրքիայի մշակույթի նախարարի պաշտոնը, նշում է, որ իր պաշտոնավարման ընթացքում տարբերություն չի դրել պատմական շինությունների միջև։

Թուրքական Euronews-ի հետ զրույցում Գյունայն ընդգծել է հասարակության մեջ պատմական շինությունների պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը։

Բնակչության նվազման պատճառով այդ շինությունների ոչնչացումը, կենդանիների կացարանի վերածումը «անհարգալից» և «սխալ վերաբերմունք» են,- հայտարարեց Գյունայը. «Եթե որևէ տարածաշրջանում կա տապանաքար կամ հին կառույց, մեր ժողովուրդը նախ փորում է այն։ Ցավոք, նա մեր մարդկության շահամոլական ոգու արտահայտությունն է»։

Գյունայն ասաց. «Պետք է սահմանափակումներ մտցվեն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մետաղորոնիչների օգտագործումը: Մետաղորոնիչ ունեցող ամեն մեկը չէ, որ պետք է որոնում իրականացնի։ Պետությունը չպետք է հորատման աշխատանքներ կատարի կարևոր կետերում և դա թույլ տա դա պատեհապաշտներին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել դրա դեմ։

Շրջանում բնակվող Սամի Յիղիթը հայտնել է, որ դրսից եկած գանձախույզները եկեղեցիները «կտոր-կտոր» են արել․ «Աղթամարը պաշտպանում են, բայց այստեղի եկեղեցիներն էլ են գեղեցիկ։ Միշտ գնում եմ այդ տարածք՝ կաքավ որսալու։ Ամեն անգամ, երբ եկեղեցու մոտով եմ անցնում, մի նոր փոս, մի ​​նոր ավերակ եմ տեսնում։ Եթե ​​այս վայրերը պաշտպանված լինեն, բոլորիս համար ավելի լավ կլինի»։

https://tr.euronews.com/kultur/2022/11/12/turkiyenin-yok-olmaya-yuz-tutmus-kiliseleri-kurtarilmayi-bekliyor

Akunq.net/am