Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս` պռոշյանցի Կարոտի ծննդյան 50-ամյակն է: Տարիներ առաջ Կարոտենց տանն էի: Այսօր երբ հետադարձ հայացքով նայում եմ, գրեթե ոչինչ չի փոխվել, Կարոտը չկա... Ցավոք, մեզ հետ չէ նաեւ Կարոտի մանկության ընկերը` Հրաչ Մուրադյանը, որի հետ էլ զրուցել էի Կարոտի մասին: Նյութը` ստորեւ:
«Փետով լինի, կացինով լինի, թե որսորդական հրացանով… միեւնույն է, հայր, մենք հաղթելու ենք, թշնամու ոտքը հայի տուն չի մտնի, բայց հայի ոտքը պետք է թշնամու տանը լինի…»: Արցախյան ազատագրման շարժման պայքարի կիզակետում հայտնվելուց առաջ այսպես է դիմում պռոշյանցի Կարոտը հորը: Ասում է ու գնում, անվերադարձ գնում Արցախ…
…Այսօր Պռոշյանում էի, պռոշյանցի Կարոտենց տանը, այն տանը, ուր ապրել է Կարոտը: Անմիջապես տան շենքի մոտ հանդիպեցի կապուտաչյա աչքերով մի մարդու: Կարոտի հայրն էր` Հովհաննես Մկրտչյանը: Նա ինձ ուղեկցեց տուն, հետո երբ լսեց, որ որդու մասին հոդված գրելու համար եմ եկել, շտապեց բերել նրա բազմաթիվ պատվոգրերն ու մեդալները` հավանաբար մտածելով, թե որդու մասին պատմվող սխրանքներին եւ զոհողություններին առանց դրանց առկայության չեմ հավատա…
Ինչպես կարելի էր չհավատալ ծովի պես կապույտ աչքերով այդ բարի պապիկին: Շտապեցի հանգստացնել եւ խնդրել, որ պարզապես թույլ տա կողքին նստեմ… Լուռ տեղավորվեցի եւ հանգիստ անջատեցի ձայնագրիչս, որովհետեւ հասկացել էի, որ առանց դրա էլ Հովհաննես պապի արտասանած յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր նախադասություն դրոշմվելու է հիշողությանս մեջ` չէ՞ որ Կարոտից էր պատմելու...
Հովհաննես պապի պատմածից հասկացա, որ իր եւ որդու ճակատագրերը նույնն են եղել: Նախնիները գաղթել են Սասունի Տալվորիկ գյուղից եւ բնակություն հաստատել Սիրիայում. Հովհաննես պապն այդ ժամանակ մեկուկես տարեկան է եղել: Այդքան է եղել նաեւ Կարոտը, երբ հայրը Սիրիայից եկել է Հայաստան: Էրգրի կարոտը սրտում են ապրել Մկրտչյանները: Երբ 4 եղբայրներից Հովհաննեսի ընտանիքում ծնվել է անդրանիկ տղան, նրան Կարոտ անունն են տվել:
«Մեկուկես տարեկան էր, երբ եկանք Հայաստան, Կարոտը շարունակ լացում էր, ասում էր` սա մեր տունը չէ, հետո հասկացավ, որ իր տունը հենց դա է…»,- հիշում է Հովհաննես պապը, հետո շտապում ավելացնել, որ դեռ այդ տարիներից երեւում էր, թե որքան տաղանդավոր է որդին:
«Տեղով տաղանդ էր, մենք էինք միամիտ: Երեխա էր, բայց թվում էր, թե մեծացել, նոր է փոքրացել…»,- պատմում է Հովհաննես պապն ու հիշում, որ երեխա ժամանակ որդու միակ ցանկությունը Ֆրանսիա կամ ԱՄՆ գնալն ու կարատեի «սեւ գոտին» նվաճելն ու հետ գալն էր: Կարոտի երազանքը գուցե իրականություն դառնար, եթե չգար 1988-ը: Խոսելով Կարոտի եւ պռոշյանցի մյուս տղաների մասին` Հովհաննես պապը հավաստիացնում է, որ նման սերունդ լինում է հազարամյակը մեկ, այդքան նվիրված, այդքան հայրենասեր…
Լավատես էր Կարոտը, այնքան լավատես, որ հավատում եւ հորը վստահեցնում էր, որ Սեւրի պայմանագիրն իրականություն են դարձրել: Շահումյանի անկումից հետո էլ խոստացել էր տուն չգնալ այնքան ժամանակ, մինչեւ հետ չբերեն Շահումյանը: Թեեւ ծրագրերն ու նպատակները «մինչեւ երկինք էին հասնում», բայց երբեք չէր կիսվում ծնողների հետ:
«Քչախոս էր, ժամերով կարող էր նստել եւ մի բառ չարտասանել, արդեն սովորել էինք, որ հարց չպետք է տանք…»,- նշում է Հովհաննես պապը եւ կեսկատակ-կեսլուրջ ասում, որ այնքան քչախոս էր, որ ընկերները կեղծանունը «դինջ» էին դրել: Անսահման համեստ էր, համեստ, բայց քաջ: Գյուղի ջոկատի հրամանատարն էր, խստապահանջ էր, բայց եւ ամեն ինչ կաներ զինվորի համար… Հրամանատար էր, բայց պատահում էր, որ առանց զենք էր մնում, զենքը տալիս էր այն զինվորին, ով ընտանիք, երեխաներ ունի…
Հովհաննես պապի հետ զրույցը շարունակվում էր, երբ մեզ միացավ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Կարոտի հետ նրանք մանկության ընկերներ էին, միասին ազատ ոճի ըմբշամարտով էին զբաղվել, միասին կռվել էին մարտի դաշտում: «1988թ.-ն էր, Թալինում էի աշխատում, երբ վերադարձա Պռոշյան: Առաջինը Կարոտին հանդիպեցի, Պետոյի հետ էին միշտ, դասընկերներ էին, անմիջապես ինձ նկատողություն արեց եւ հայտարարեց, որ «էշի ականջում քնած եմ, իսկ Արցախում կռիվ է սկսվել»: Սկզբում, իհարկե, հանկարծակիի եկա»,- պատմում է մարտական ընկերը:
Շատերի նման նրանք էլ սկզբում Ազատության հրապարակում «միացում» էին գոռում, բայց մեկ-երկու հանրահավաք, եւ պռոշյանցի տղաները հասկանում են, որ գոռալով հարց չի լուծվի…«Շատ հեռատես էր, մտածում էր պատերազմ մեկնած տղաների ընտանիքներին ինչ-որ բանով օգնել, սեփական միջոցներով, անձնական կապերով Ռուսաստանից եւ Վրաստանից զենք էր փորձում բերել, հանգիստ չուներ, ոչ մեկին նեղություն չէր տալիս, միշտ զբաղված էր, շարունակ մտածում էր, լուծումներ էր փնտրում, բծախնդիր էր, երբեք որեւէ մեկի հետ կոպիտ չէր խոսում»,- հիշում է Հրաչ Մուրադյանը եւ շարունակում, թե որքան լավ ընկեր էր, թե ինչպես էր երազում հայկական բոլոր տարածքներն ազատագրելու մասին:
Կարոտը նաեւ լավ ուսուցիչ էր, երեխաները շատ էին սիրում նրան: 1990թ.-ին ռուսների ուշադրությունը չգրավելու համար տղաներով Շահումյանի շրջանի դպրոցներում ուսուցչություն են անում: Կարոտը երգեցողություն, ռազմագիտություն եւ արեւելյան մարտարվեստ էր սովորեցնում:
«Երբ դուրս էր գալիս դպրոցից, երեխաները մեղվի փեթակի նման շրջապատում էին նրան, անգամ գիշերները մեր տանն էին»,- հիշում է Հրաչը: Իսկ հիշողություններն ընկերոջ մասին բազմաթիվ են…Ամենաթարմը, թերեւս, 1992թ. հունիսի 13-ի օրվա հետ է կապված, այն օրվա, երբ անհայտ կորավ Կարոտը…
«Հաջորդ օրը պատրաստվում էինք հարձակման, բայց թշնամին մեզանից առաջ է ընկնում եւ հարձակվում է մեր դիրքերի վրա: Երբ բարձրացանք դիրքեր, տեսանք, որ ռուսներն ազերու հետ արդեն գործողությունների են անցել։ Մեզ տարբերակ չէր մնացել, պետք է ետ քաշվեինք: Կարոտն այդ ժամանակ Շահումյանի շրջկենտրոնում էր, երբ լուրը լսեց եւ եկավ, մենք արդեն ետ էինք քաշվել, Գառնիկն ու Ալիկը դիրքերում էին մնացել, նրանք վիրավոր էին: Կարոտը 5-6 ընկերների հետ միասին որոշում է առաջ շարժվել, նա գնում էր մահվանն ընդառաջ, հիանալի գիտակցում էր, որ կենդանի մնալու անգամ 1 տոկոս հնարավորություն չունի»,- պատմում է Հրաչը:
Մտերիմ ընկերներ Գառնիկին եւ Ալիկին մենակ թողնել չէր կարող Կարոտը, գնում էր փրկելու, եւ որքան մոտենում էր դիրքերին, այնքան պակասում էր կողքի ընկերների թիվը, նա համոզում էր բոլորին հետ դառնալ, մենակ գնում էր գիտակցված մահվան եւ չէր ցանկանում իր հետ մյուսներին էլ տանել: Վերջինը, ով նրան տեսնում է, 19-ամյա Արմենն է լինում:
«Կարոտը կրակելով առաջ էր գնում»,- պատմում է ընկերը եւ նշում, որ այդ օրվանից հետո 4 տարի շարունակ փնտրել են Կարոտին. սկզբում բանակցություններ են վարել ադրբեջանցիների հետ, ապարդյուն, Կարոտին այդպես էլ գտնել չի լինում:
Հովհաննես պապը, ով լուռ լսում էր որդու ընկերոջ պատմածները, հանկարծ ինձ շշնջաց. «Տղես մենակ գնաց, որ թուրքին ցույց տա, որ հայը միայնակ էլ կարող է թշնամու դեմ դուրս գալ»…
Երբ դուրս եկանք տնից, աչքս ընկավ մի կիսաքանդ սենյակի. Հովհաննես պապը պատմեց, որ երբ որդին վերջին անգամ եկել է, ինքը խնդրել է, որ սենյակը վերանորոգի, նոր գնա, Կարոտը խոստացել է, որ 20 օրից հետ կգա եւ ավարտին կհասցնի սեփական ձեռքերով կառուցած տան այդ հատվածի վերանորոգումը…Կարոտն այդպես էլ չի վերադառնում, սենյակն այդպես էլ մնում է կիսավեր…
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ