կարևոր
4216 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-28 16:45
Քաղաքական

Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել. ՀՀ երկրորդ նախագահ

Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել. ՀՀ երկրորդ նախագահ

«Պետք է լրջորեն զբաղվել բանակով։ Երկու տարի է լսում ենք ռեֆորմների մասին, վերջում ծնվեց 24 միլիոն դրամով բանակից ազատվելու գաղափարը, ինչն ուղղակի քայքայիչ է բանակի համար»,- ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ այստեղ կան հստակ քայլեր, որոնք պետք է արվեն։

Ինչ վերաբերում է սահմանային վերջին իրադարձություններին, նա ասաց. «Ինձ համար հասկանալի չէ այն կորուստների հարաբերակցությունը, որը մենք ունեցանք։ Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու մենք երկու տարում Հայաստանի սահմաններում չենք կառուցել լուրջ բնագիծ, միայն 2-3 հենակետեր են նորմալ կահավորվել՝ նկարելու, ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են։

Հարցը հետևալն է. ասում են փող ունենք։ Ինչո՞ւ չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։

44-օրյա պատերազմից երկու տարի անց ինչո՞ւ չունենք  հարվածային անօդաչու սարքեր։

Հայտարարել են, որ փող ունենք։ Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել։ Մենք զենք գնում էինք և ՌԴ-ից, և Եվրոպայից, և Չինաստանից, այլ տեղերից։ Սա խնդիր չէ։

Ադրբեջանը պատերազմ սկսել է  ոչ թե նրա համար, որ շատ ուժեղացել է, այլ սկսել է լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել։ Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»։

Ռ. Քոչարյանի խոսքով, 10 տարի նախագահ է եղել, զենք ձեռք բերելու խնդիր չի ունեցել, լավ չի պատկերացնում, թե ինչու պետք է այսօր նման խնդիրներ առաջանան։

«Մենք երբեք նման խնդիր չենք ունեցել։ Ինձնից հետո երրորդ նախագահի ժամանակ Հայաստանը գնեց Ռուսաստանի ամենաժամանակակից զենքերից մեկը՝ Իսկանդերը։ Ո՞նց են բերել Հայաստան։ Ինչի՞ էր դա հաջողվում անել իմ, երրորդ նախագահի ժամանակ,  ինչի՞ է դա պրոբլեմ հիմա»,- հարցադրումներ արեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ըստ նրա, Հայաստանը չի օգտվում հարևան Իրանի հետ ունեցած հնարավորությունից. «Ռուսաստանն այսօր Իրանից անօդաչու թռչող սարքեր է գնում և բավական էֆեկտիվ օգտագործում է  այդ սարքերը։ Ինչո՞ւ մինչ օրս չունենք հարվածային անօդաչու սարքեր, երբ մեր հարևանն ունի բավական մեծ տեսականի և ասում են բավական որակյալ է։ Ի՞նչն է պատճառը։ Ցանկությունը»։