Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի գործողությունները սիրիական տարածքներում՝ ուղղված անվտանգության գոտի ստեղծելուն, ագրեսիայի ակտ է։ Այս մասին ասվում է երկուշաբթի տարածված՝ Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որի բովանդակությունը մեջբերում է SANA գործակալությունը։
«Սիրիայում, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծելու՝ թուրքական վարչակարգի գործողությունները ամոթալի ագրեսիա են և էթնիկ ու աշխարհագրական զտումների քաղաքականության մի մասը, որն իրականացվում է սիրիական օկուպացված տարածքներում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից, ինչը ռազմական հանցագործություն է և հանցագործություն մարդկության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Թուրքիայի և Արևմուտքի միջև սակարկության առարկա չեն դառնա։ «Սիրիան վստահեցնում է, որ իր ինքնիշխանությունը, անկախությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը չեն ենթարկվի շանտաժի ու սակարկության թուրքական ծայրահեղական ռեժիմի կողմից, որը դաշնակցում է Վաշինգտոնի և որոշ արևմտյան երկրների հետ, որոնք քաղաքական շահեր են փնտրում սիրիացի ժողովրդի հաշվին»,- նշել է Սիրիայի ԱԳՆ-ն:
Նախարարությունը հավելել է, որ սիրիական կողմը պնդում է իր «անօտարելի իրավունքը»՝ միջազգային նորմերին համապատասխան «կիրառել բոլոր օրինական միջոցները՝ հակազդելու Թուրքիայի ցանկացած գործողության», և պահանջում է դուրս բերել «բոլոր անօրինական օտար ուժերը» սիրիական տարածքներից։ ԱԳՆ-ն նաև զգուշացրել է «ցանկացած կողմի»՝ չփորձել «արդարացնել թուրքական վարչակարգին» կամ նրան աջակցել:
Թուրքիան 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ «Եփրատի վահանը», «Ձիթենու ճյուղը» և «Խաղաղության աղբյուրը»։ Արդյունքում՝ Հալեպի հյուսիսում գտնվող Ազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է անվտանգության բուֆերային գոտի, գրավվել է Աֆրինը, իսկ Եփրատ գետից արևելք գտնվող սահմանային տարածքները վերցվել են վերահսկողության տակ։ Դամասկոսը թուրքական զինված ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա։
Մայիսի 23-ին Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին՝ ուղղված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ընդլայնմանը, որը ստեղծվել էր 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ապագայում․ նախատեսվում է ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։