Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շարունակելու ենք ջանքեր գործադրել հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար՝ սեփական դիրքորոշումը պահպանելով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԱՀ Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե՝ ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել է կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագիծ։
«ՀՀ գործընկերներն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ չկա քննարկվող փաստաթուղթ, ու Արցախի իշխանությունները շարունակելու են դիվանագիտական կարողություններ գործադրել, ինչպես նաև ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունեությունն իրականացնող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները շարունակել»,-ասաց նա:
Բակո Սահակյանը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս՝ իրենք խոսում են իրենց ճակատագրի մասին:
«Բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ընթացքում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ես հնարավորություն եմ ունեցել մեր երկրի տեսակետը ներկայացնելու: Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ հարգում եմ և հետայսու ևս հարգելու եմ այն առաքելությունը, որն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ համարում եմ, որ հարաբերական խաղաղությունն ապահովվում է նաև նրանց առաքելության շնորհիվ»,- ասաց նա:
Արցախի Հանրապետության նախագահը տեղեկացրեց, որ կայացած հանդիպումներն անցկացվել են փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որի ընթացքում ինքը նշել է, որ Արցախի անվտանգությունը և անկախությունը սակարկության ենթակա չեն:
«Եվ խնդրել եմ, որ նրանք չընդունեն իմ այդ հայտարարությունը, իմ և մեր դիրքորոշումը՝ որպես ծայրահեղություն: Այս տարիների ընթացքում մենք որևէ կերպ չենք շեղվել ո՛չ մեր դիրքորոշմից, ո՛չ էլ սկզբունքներից: Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը, իմ խորին համոզմամբ, աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, որը ներառում է բազմաթիվ պահանջներ, և մենք պարտավոր ենք, այդ ամենը հաշվի առնելով և հարգելով միջազգային հանրության շահագրգռվածությունը, հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու՝ այնուամենայնիվ շարունակելով մնալ մեր դիրքորոշման մեջ»,-նշեց Բակո Սահակյանը:
Նա հավելեց, որ իրենք հարգել և հարգելու են համանախագահների այս կամ այն առաջարկությունները, նրանց անկեղծ ջանքերն՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մեկուկես ժամ տևած տեսակապի միջոցով ապրիլի 21-ին պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը։ Մինչ այդ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է և որ հակամարտության կողմերն այժմ քննարկում են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող փաստաթուղթ։ Ի պատասխան, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել ու չեն լինելու, իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները անվտանգության գոտի են։
Մանրամասն՝ տեսանյութում․