Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» և չի շտապում հանձնել Հայաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ նրանք սակարկության առարկա են դարձել փակուղի մտած բանակցություններում:
«Հայ գերիներն Ադրբեջանում՝ ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր թե՞ սակարկությունների առարկա». այսպես է վերնագրված պարբերականի ծավալուն հոդվածը: Այն հիշեցնում է, որ 2021 թ.-ի ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ մեղադրելով «ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և կրման, սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ»:
BBC-ի ռուսական ծառայությունը շեշտում է, որ հայ զինվորականներին շրջապատել և ձերբակալել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ պարզ չէր, թե ում վերահսկողության տակ է գտնվում Հին Թաղեր (Հինթաղլար) գյուղը, և մանրամասնորեն ներկայացնում է հայ զինվորների գերի ընկնելու հանգամանքները:
Հոդվածի հեղինակը նաև զրուցել է Ադրբեջանում դատապարտված գերիներից մեկի՝ Մանուկ Մարտոյանի ընտանիքի անդամների հետ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի և փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի հետ:
Բաքուն պնդում է, թե Ադրբեջանում կալանավորված է 33 հայ ռազմագերի, սակայն ըստ Արման Թաթոյանի՝ այս թիվն իրականությանը չի համապատասխանում: Սիրանույշ Սահակյանն իր հերթին նշել է, որ 33 ռազմագերիներից զատ, Ադրբեջանում կարող է լինել ևս 80 գերի:
BBC-ն նշում է, որ ադրբեջանական իրավապաշտպանների խոսքով՝ զինվորականների դատավարություններն անց են կացվել իրավական նորմերի խախտումներով:
«Դատավարություններն ընթանում էին հապճեպ, առանց գործի մեջ խորամուխ լինելու. չէ՞ որ բոլորն էլ հասկանում էին, որ վաղն այդ մարդիկ դառնալու են փոխանակման և սակարկության առարկա հայկական կողմի հետ կամ ամերիկյան կամ նույնիսկ սիրիական, քանի որ այնտեղ կա Սիրիայի երկու քաղաքացի», - նշում է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը:
Փորձագետները նշում են, որ Ադրբեջանին գերիները հարկավոր են, «տարբեր քաղաքական ժեստերի» համար, օրինակ, երբ տարածաշրջան եկավ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին հանձնեցին 15 գերու:
Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը բախվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության խնդրին. հայերը վախենում են իրենց անվտանգության համար, քանի որ Ադրբեջանի իշխանություններն աջակցում են երկրում հայատյացությանը: