Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանի Տուշպա գավառում գտնվող հայկական գերեզմանոցի ավիրման հարցը բարձրացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (TBMM)։ Այս խնդրով Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթային հարցում է ուղարկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Մուրադ Սարըսաչը։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Բիանեթ» լրատվակայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վան նահանգի Տուշպա գավառում Լեզք անվամբ հայտնի Քալեջիք թաղամասի հայկական գերեզմանոցը վերջերս ավիրման է ենթարկվել։ Հայոց ցեղասպանության օրերին դատարկված այս շրջանում հայկական եկեղեցին և դպրոցը քանդվել են ժամանակի ընթացքում, իսկ Վանի երկրաշարժից հետո Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) այստեղ բնակարաններ է կառուցել։ Տվյալ տարածքը գնած անձն էլ վերջերս այցելելով գերեզմանոցի տարածք՝ սկսել է քանդել հայկական գերեզմանները, որի հետևանքով հողից դուրս են եկել հանգուցյալների ոսկորները։
Քրդամետ կուսակցության պատգամավոր Մուրադ Սարըսաչը Ֆուադ Օքթային հետևյալ հարցերն է ուղղել․
Ի՞նչ տեղեկություններ կան Վանի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցի քանդման վերաբերյալ։
Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչության (TOKİ) կողմից հայկական գերեզմանատան ավիրման կապակցությամբ որևէ հետաքննություն սկսվե՞լ է։
Ինչո՞ւ չեն պահպանվում Վանում գտնվող հայկական գերեզմանոցները, մշակութային և կրոնական կառույցները։ Եթե դրանց պահպանման համար միջոցներ ձեռնարկվում են, ապա ինչո՞ւ այդքան հաճախ են նման ավիրումներ կատարվում։
Թուրքիայի կառավարությունը որևէ նախաձեռնությամբ հանդես գալո՞ւ է Վանում ավիրվող գերեզմանների, մշակութային և կրոնական կառույցների վերանորոգման ուղղությամբ։
Թուրքիայի կառավարությունը որևէ նախագիծ ունի՞ Վանում գտնվող բազմաթիվ անտեր հայկական գերեզմանները պահպանելու վերաբերյալ։
Վանում հայերի կողմից կառուցված վանքերի, եկեղեցիների և մշակութային կառույցների գույքագրում կատարվե՞լ է։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net