կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 13:19
Հասարակություն

«Դիմադրություն» շարժման ավտոերթերն ավարտվեցին. կան բերման ենթարկվածներ, տուգանային հրապարակ տարված մեքենաներ

«Դիմադրություն» շարժման ավտոերթերն ավարտվեցին. կան բերման ենթարկվածներ, տուգանային հրապարակ տարված մեքենաներ

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 16-ին, 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել, որոնք արդեն ավարտվել են: Ոստիկանները որոշ հատվածներում կանգնեցրել ու բերման են ենթարկել վարորդներին, իսկ մեքենաները՝ տարել տուգանային հրապարակ:

Մասնավորապես՝ Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը ոստիկանության աշխատակիցներ փակել էին։ «Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայո՛ր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում»,– դիմելով ոստիկաններին՝ ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը:

Միջադեպ էր գրանցվել Բագրատունյաց պողոտայում, որտեղ ոստիկանները կանգնեցրել էին ավտոերթի մասնակիցներից մեկի  ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները եւս դուրս էին եկել մեքենաներից: Ոստիկանները փորձել էին բերման ենթարկել այդ վարորդին: Մի պահ իրավիճակը լարվել էր, սակայն որոշ ժամանակ անց՝ հանդարտվել․ոստիկանները բերման չէին ենթարկել այդ քաղաքացուն: Սակայն կարճ ժամանակ անց արդեն ոստիկանները սկսել էին բերման ենթարկել ավտոերթերի մասնակիցներին։

Լարված իրավիճակ էր ստեղծվել Հաղթանակի կամրջի վրա, որտեղ ոստիկանները խոչընդոտել էին ավտոերթին՝ բերման ենթարկելով վարորդներին, նաեւ՝ մեքենաներից մի քանիսը տարել տուգանային հրապարակ:

Նույնպիսի իրավիճակ էր նաեւ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքից իջնող կամրջի մոտ: Այստեղ եւս ոստիկանները բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել: